Կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված տնտեսական իրավիճակը բացասաբար է ազդել նաեւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների վրա. այսօր կառավարության նիստում ներկայացնելով կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 17-րդ միջոցառումների ծրագիրը, ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նրա խոսքով, նախարարությունը հարցում է իրականացրել 185 ընկերությունների շրջանում եւ պարզել, որ հարցմանը մասնակցած ընկերություններից 54%-ի մոտ ֆինանսական շրջանառության բացասական արդյունքներ են գրանցվել: Արշակյանի խոսքով, ընկերությունների 74 % պատրաստակամություն է հայտնել մշակել նոր տիպի արտադրանքներ կամ վերմասնագիտանալ եւ ապրանքատեսակների ստեղծման մեջ ներդրումներ կատարել: Խոսքն, ըստ նախարարի, ծառայությունների աութսորսինգով զբաղվող ընկերությունների մասին է. «Նախարարությունը մշակել է ոլորտի տնտեսվարողների համար դրամաշնորհային փաթեթներ, որոնց նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետեւանքով ոլորտի տնտեսվարողների մոտ առաջացած դժվարությունների հետեւանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանմանը, ինչպես նաեւ խթանել ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանն ու առեւտրայնացմանը»:
Արշակյանի խոսքով, կլինեն նորարարական դրամաշնորհներ, որոնց կարող են դիմել վերջին երկու տարում Հայաստանում գրանցված եւ պրոդուկտ ստեղծող տնտեսվարողները: Այս դրամաշնորհների առավելագույն չափը 10 միլիոն դրամն է:
Երկրորդը՝ կայացած ընկերությունների դրամաշնորհներն են, որոնք երկու տարուց ավելի Հայաստանում գրանցված ծառայություններ մատուցող ընկերություններն են, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել եւ նոր պրոդուկտներ մշակել: Այս դեպքում դրամաշնորհի առավելագույն արժեքը 20 միլիոն դրամ է:
Երրորդը՝ համաֆինանսավորման դրամաշնորհներն են, որոնք նախատեսված են տեխնոլոգիական ոլորտի այն տնտեսվարողների համար, որոնք կներգրավեն փաստաթղթավորված եւ հաստատված ներդրումներ: Ըստ նախարարի, կտրամադրվի հարյուր տոկոսի չափով համաֆինանսավորում՝ ոչ ավելի քան 30 միլիոն դրամ. «Սա վերաբերում է այն ընկերություններին, որոնք այս տարվա ընթացքում վենչուրային կամ այլ տիպի՝ ներդրող հրեշտակների կողմից փաստաթղթավորված կներգրավեն»:
Կարդացեք նաև
Հակոբ Արշակյանը բացատրեց՝ ինչ նկատի ունի ներդրող հրեշտակներ ասելով. «Երկու տեսակի ներդրողներ կան, դրանք վենչուրային ընկերություններն են եւ ներդրող հրեշտակները, որոնց այդպես են կոչում միջազգային պրակտիկայում: Դրանք այն ձեռներեցներն են, անհատներն են, որոնք այս կամ այն նորարարական ընկերություններում ցանկանում են ներդրում անել եւ փայաբաժին ունենալ»:
Արշակյանն ի պատասխան փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարցի, թե հիմնական խնդիրը ո՞րն է այդ ոլորտում, ասաց, որ ընկերությունների 75%-ից ավելին աշխատում են արտահանման շուկաների վրա եւ այդ շուկաներում որոշակի տնտեսական դանդաղեցում կա:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ