Գյումրիի ռուսաստանյան ռազմակայանի զինծառայողների կողմից կատարված հանցագործությունների դեպքում ՌԴ-նղմը ոչ թե հետևում է հայ-ռուսական պայմանագրին ու փորձում համագործակցել հայկական կողմի հետ, այլ հակառակը՝ խախտում է ՀՀ օրենսդրությունն ու խոչընդոտում հայկական արդարադատության իրականացումը։
2018 թվականի դեկտեմբերին Գյումրիում տեղացի կնոջը ծեծած ու սպանած ռուս զինծառայողի գործն արդեն մեկ տարի է, ինչ քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում։
ՌԴ քաղաքացի, 102-րդ ռազմակայանի զինծառայող Ա․ Ռազգիլդյաևը մեղադրվում է այն բանի համար, որ 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 07-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ փողոցում հետևել է գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին, դիտավորությամբ հարվածներ հասցրել նրան, ինչն անզգուշությամբ առաջացրել է մահ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում 24-ամյա զինծառայողին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ 2019 թ․ օգոստոսի 16-ին քրեական գործի նախաքննությունն ավարտվել էր և քրեական գործն ուղարկվել էր դատարան։
Կարդացեք նաև
Հայաստանի տարածքում գործող ռուսաստանյան ռազմաբազայի և ՀՀ հանրային մարմինների, այդ թվում՝ իրավապահ և դատական համակարգերի միջև փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված՝ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995 թվականի պայմանագրով և ռուսաստանյան ռազմաբազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ հայ-ռուսական 1997 թվականի համաձայնագրով։
Այսպես, ըստ վերոնշյալ պայմանագրի 1-ին հոդվածի, ռուսաստանյան ռազմաբազի զինվորական կազմավորումները պետք է գտնվեն հստակ նշված տարածքներում։ Իսկ համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ ռուսաստանյան ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքների անդամների կողմից ՀՀ տարածքում կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ գործերով կիրառվում է ՀՀ օրենսդրությունը, գործում են ՀՀ իրավասու մարմինները։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը, իր հերթին, սահմանում է, որ Հայաստանի տարածքում՝ անկախ հանցանքի կատարման վայրից, բոլոր քրեական գործերի վարույթն իրականացվում է բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։ Այսինքն, համաձայն այս կարգավորումների, ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայողների գործերը պետք է քննվեն ՀՀ օրենսդրության համաձայն։
Սակայն ինչպես երևում է գյումրեցի կնոջ սպանության գործից, քննության ընթացքի հենց սկզբից ՌԴ պաշտպանության նախարարությունը չի համագործակցել ՀՀ իրավապահ մարմինների հետ, այլ արհեստական խոչընդոտներ է ստեղծել գործի քննության համար։
Մասնավորապես, թեև ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ ձերբակալվածներին պահելու վայրերը և կալանավորվածներին պահելու վայրերը գործում են ՀՀ պետական կառավարման լիազորված մարմինների կառուցվածքներում, ամբաստանյալ Ռազգիլդյաևը պահվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տարածքում։
Ավելին, ի պատասխան դատարանի՝ ամբաստանյալ Ռազգիլդյաևի ներկայությունը դատական նիստերին ապահովելու պահանջին, ՌԴ պաշտպանության նախարարությունը պահանջում է Ռազգիլդյաևի անվտանգության գրավոր երաշխիքներ տրամադրել։
Հարկ է նշել, որ ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը, արդեն իսկ երաշխավորում է կալանավորվածի անվտանգությունն ու հասարակական հետաքրքրվածությունից պաշտպանվածությունը, և դատարանը պարտավոր չէ լրացուցիչ երաշխիքներ ներկայացնել։
Հետևապես՝ ռուսաստանյան կողմի վերոնշյալ գործողությունները ոչ միայն հակասում են ռազմաբազայի մասին հայ-ռուսական պայմանագրին, համաձայնագրին և ՀՀ օրենսդրությանը, այլև կարող են հանցակազմ պարունակել՝ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու մասով։
Սա առավել ուշագրավ է ռազմաբազայի մասին հայ-ռուսական պայմանագրի 9-րդ հոդվածի ֆոնին, որի համաձայն կողմերը պետք է ամեն կերպ աջակցեն հայաստանցիների ու ռազմաբազայի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների միջև բարյացակամ հարաբերությունների ամրապնդմանը, իսկ ռուսական կողմը պետք է պահպանի հայկական օրենսդրությունն ու չմիջամտի Հայաստանի ներքին գործերին։
Պատմությունը, սակայն, ցույց է տալիս, որ Գյումրիի ռուսաստանյան ռազմակայանի զինծառայողների կողմից կատարված հանցագործությունների դեպքում ՌԴ կողմը ոչ թե հետևում է հայ-ռուսական պայմանագրին ու փորձում համագործակցել հայկական կողմի հետ, այլ հակառակը՝ խախտում է ՀՀ օրենսդրությունն ու խոչընդոտում հայկական արդարադատության իրականացումը։ Նման խախտումների մենք անդրադարձել ենք բազմիցս, այդ թվում՝ կապված նաև Պերմյակովի և 2018-ի հուլիսին Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի հետ։
Վաղարշ ԱՂԱԲԵԿՅԱՆ,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»