«Վանաձորում դատապարտյալները հացադուլ էին հայտարարել: ՔԿՀ-ներում լարվածություն կա՝ կորոնավիրուսի պատճառով դատական նիստերի ձգձգման առնչությամբ: Անգամ երբ միջգերատեսչական հանձնաժողովը եզրակացնում է, որ կալանքի տեսքով պատիժը կրելը համատեղելի չէ առողջական վիճակի հետ, դատական նիստերը ձգձգվում են: Ի՞նչ է արվում այս ուղղությամբ»,-ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին այսօր նման հարցադրում հղեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նախարարը պատասխանեց՝ արդեն ԱԺ-ին է ներկայացվել օրինագիծը, որը սահմանում է՝ եթե հանձնաժողովը տվել է նշյալ տեսակի եզրակացություն, ապա դատախազը միջնորդություն կարող է ներկայացնել, դատարանն էլ անհապաղ պետք է քննի այն մեկի օրում. «Հացադուլների մեծ մասը կապված է դատական քննության ձգձգման կամ սուբյեկտիվ պատճառների հետ, երբ անձն իր կալանավորումը համարում է չարդարացված: Կապված է նաեւ այլ երկրների քաղաքացի հանդիսացող կալանավորների դժգոհության հետ: Պատճառները տարբեր են»:
Նաիրա Զոհրաբյանը նաեւ բարձրաձայնեց՝ այս ընթացքում դատապարտյալների հարազատներին չի թույլատրվում հանձնուքներ բերել ՔԿՀ, մինչդեռ կալանավայրի հարեւան խանութից որեւէ քաղցրավենիք գնելը թույլատրվում է:
Ռուստամ Բադասյանը պարզաբանեց. «Խնդիրը ՔԿՀ-ի դիմացի խանութը չէ: Այդ ապրանքները նախ մեկ օր պահվում են, ախտահանվում, հետո՝ հանձնվում դատապարտյալներին: Հերոսական ջանքեր են պահանջվել, որպեսզի այսօր որեւէ դատապարտյալի եւ կալանավորի մոտ կորոնավիրուս չհայտնաբերվի, թեեւ ՔԿՀ-ների աշխատակիցների մոտ հայտնաբերվել է: 2142 դատապարտյալ/կալանավորված ունենք, պատկերացրեք, որ այդքան մարդու հարազատ գա ՔԿՀ ու ուզենա հանձնուք փոխանցել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ