Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող ենք փաստել, որ իշխանական թիմն ընդունակ չէ ճգնաժամային կառավարում իրականացնել». «Փաստ»

Մայիս 07,2020 12:45

Հանրային կառավարման փորձագետ Սիրանուշ Սերոբյանի հետ զրույցում անդրադարձել ենք ճգնաժամային կառավարման այսօրվա դրությամբ առկա արդյունքներին, խոսել կառավարման համակարգի ձևի ու բովանդակության մասին, դիտարկել նաև վերջին շրջանի զարգացումները՝ իշխանական թիմի ներսում կատարվող գործընթացների, փոխատեղումների համատեքստում:

«Մենք այսօր բացթողումներ ու թերություններ չէինք արձանագրի, եթե կառավարման համակարգն իր բնականոն հունով աշխատեր, եթե և՛ առողջապահության, և՛ ընդհանուր ղեկավար մարմնում լինեին կոմպետենտ ներկայացուցիչներ ու կառավարիչներ: Մենք այսօր կարող ենք փաստել, որ իշխանական թիմն ընդունակ չէ ճգնաժամային կառավարում իրականացնել:

Միայն ֆինանսական աջակցությունը չէ, որ պետք է լիներ կառավարման հիմնաքարերից մեկը: Ես թերությունների երեք շղթա եմ առանձնացնում. առաջինն առողջապահական ոլորտի թերություններն են, երկրորդում քաղաքացիների վերաբերմունքն է, երրորդը՝ կառավարության գործունեությունը, որը պետք է ռացիոնալ կառավարում իրականացներ: Վերջինը, սակայն, նպատակաուղղված չէր քաղաքացիների կյանքի բարելավմանը:

Ընդհանուր առմամբ, ճգնաժամային կառավարում գոյություն չունի, պետական համակարգն ուժասպառ է, իսկ կադրերը ոչինչ չեն կարողանում անել: Այս ամենին զուգահեռ՝ խորանում են նաև սոցիալական ու տնտեսական խնդիրները»,-«Փաստի» հետ զրույցում ասաց հանրային կառավարման փորձագետը՝ շեշտելով աջակցության ծրագրերի արդյունավետության խնդրի, ինչպես նաև մի շարք այլ հիմնահարցերի առկայության մասին:

«Այս ամենը վկայում է, որ ունենք չհամակարգված գործողությունների շղթա: Իսկ երբ որոշակի սահմանափակումներ հանվեցին և շեշտը դրվեց հատկապես քաղաքացիների պատասխանատվության վրա, մենք վարակակիրների թվերի աճ տեսանք: Պատճառն այն էր, որ չհաջողվեց նաև ճիշտ ժամանակահատվածում բարձրացնել քաղաքացիների իրազեկվածության մակարդակը, հետո նաև իրականացնել այն միջոցառումները, որոնցով նրանք կարող էին կանխարգելել վիրուսի տարածումը: Կառավարման համակարգի թերություններն իրենց արտացոլումը գտան նաև քաղաքացիների շրջանում. վերին օղակի անպատասխանատվությունն անդրադարձավ նաև հասարակական օղակի վրա:

Սա է պատճառը, որ այսօր ունենք անարդյունավետ կառավարման հետևանքներ, երբ մի կողմից՝ աճում է վիրուսով վարակվածների թիվը, մյուս կողմից՝ առկախված է մնում քաղաքացիների ապահովվածության հարցը. այսինքն, ունենք օրավարձով աշխատողների հիմնախնդիր, աջակցություն չստացածների մի ստվար զանգված ու ծանրաբեռնված բանկային համակարգ: Այս ամենը ձախողումների շղթայի շարունակությունն է»,-նշեց նա:

Ս. Սերոբյանի խոսքով, առհասարակ, կառավարման ընդհանուր համակարգը թե՛ նախկինում, թե՛ ներկայում մի շարք թերություններ ունի. «Պատճառն այն է, որ մեր քաղաքական ղեկավարությունը արմատական ու համակարգային փոփոխությունների գնալու կամք չունի: Այսպես կոչված, հեղափոխությունից երկու տարի է անցել, և ոչ թե գործելաոճի կամ համակարգային փոփոխության ենթարկված կառուցակարգեր, այլ ընդամենը ազգանունների փոփոխություններ ենք տեսել:

Մենք չենք կարող ավելին պահանջել այս կառավարությունից, որովհետև այստեղ դեռ չկա այն գիտակցումը, որ ճիշտ մասնագետը, ճիշտ կառավարիչը պետք է իր տեղում լինի: Այսօր կադրային քաղաքականության լուրջ բացթողումներ ու խնդիրներ ունենք, որոնք անդրադառնում են կառավարման համակարգի և՛ որակի, և թափանցիկության, և՛ հաշվետվողականության վրա: Այսօր նաև կառավարության ղեկավարն է բողոքում իր իսկ կառավարության գործունեությունից, ինչը մի քանի պատճառ ունի:

Նախ՝ չունեցանք համակարգային փոփոխության գնալու կամք, որի նպատակը կլիներ իրական բարեփոխումների իրականացումը: Բացի այդ, իշխանության ներկայացուցիչները իրենց ղեկավարի գլխավորությամբ չունեն պրոֆեսիոնալ մակարդակ, մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ, թիմում մեծամասամբ ներգրավված չեն կոմպետենտ կառավարիչներ ու անձինք, որոնք ի զորու են իրականացնել այդ փոփոխությունները: Այսօր օբյեկտիվ չէ մեղադրել մի կառավարման շղթայի, որն իրականում չունի ռացիոնալ և արդյունավետ կառավարում իրականացնելու հնարավորությունները: Ու քանի որ քաղաքական ղեկավարությունը ունակ չէ փոփոխություններ իրականացնել, պատկերն այսպիսին է մնալու»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031