Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սիմվոլիկ վճարով վարձակալել են, 200-300 անգամ ավելի բարձր վարձավճարներով ենթավարձակալության հանձնել համայնքային հողամասերը. դատախազությունը` հարուցված 19 քրգործերի վերաբերյալ

Մայիս 07,2020 12:16
hox

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում մարզերի դատախազությունների կողմից իրականացվում է լայնածավալ ուսումնասիրություն:

Այդ շրջանակներում հանրապետության 8 մարզերի կտրվածքով պարզվում են ոչ միայն ՊՎԾ մշտադիտարկմամբ ներկայացված, այլ նաև այլ համայնքներում պետական կամ համայնքապատկան հողամասերի վարձակալության տրամադրումը օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ իրականացված լինելու, սեփականատիրոջ կողմից հողամասերը վարձակալներին ենթավարձակալության հանձնելու իրավունք տրված լինելու, ենթավարձակալության հանձնված հողամասերում, ըստ դրանց նպատակային նշանակության, հեռահաղորդակցության կայանների տեղադրումն ու շահագործումը թույլատրելի համարվելու և այլ  հանգամանքները:

Այս նպատակով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և մասնակի ստացվել իրավասու մի քանի պետական մարմիններից:

Այս գործընթացի շրջանակներում դատախազությունների կողմից համայնքային իշխանության մարմինների պաշտոնատար անձանց գործողություններում նույնանման՝ մեխանիզմներով հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ ունեցող բազմաթիվ դեպքերով հետաքննության մարմիններին տրվել են քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարություններ:

Արդյունքում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում 8 մարզերի (Կոտայքում՝ 2, Շիրակում՝ 2, Սյունիքում՝ 3, Տավուշում՝ 3, Գեղարքունիքում՝ 3, Արագածոտնում՝ 1, Արարատում՝ 3, Լոռիում՝ 3) թվով 20 համայնքներում կատարված սխեմատիկ չարաշահումների դեպքերով մայիսի 6-ի դրությամբ հարուցվել և ՀՀ նախաքննական մարմիններում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (2 դեպքում նաև 315.2-րդ հոդվածի) հատկանիշներով քննվում է 19 քրեական գործ:

Ըստ՝ քրեական գործերի նյութերի՝ սկսած 2004թ.-ից՝ համայնքների ղեկավարների կողմից պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը երբեմն ձևական, կանխորոշված ելքով մրցույթների միջոցով, շուկայականից զգալիորեն ցածր՝ փաստացի սիմվոլիկ վարձավճարներով վարձակալության են տրվել համայնքների ղեկավարներին, նրանց ընտանիքի անդամներին, մերձավորներին կամ ենթականերին: Ապա վարձակալների կողմից այդ հողամասերի փոքր մասը բազմապատիկ, ընդհուպ 200-300 անգամ ավելի բարձր վարձավճարներով կապի կայանքների տեղադրման և շահագործման նպատակով վարձակալության են հանձնվել օպերատոր ընկերություններին: Արդյունքում հողամասերի վարձակալները համայնքային սեփականության հողամասերի օգտագործումից վարձավճարների տեսքով ստացել են խոշոր չափերով շահույթներ՝ համայնքներին զրկելով ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից:

Քրեական գործերից 6-ով 6 համայնքի գործող կամ նախկին ղեկավարներ ձերբակալվել են, իսկ 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նկատի ունենալով, որ կասկածյալների մի մասը լիովին, մյուս մասը մասնակիորեն հատուցել են մի համայնքներին պատճառված վնասը՝ վերջիններիս պարագայում պատրաստակամություն հայտնելով նախաքննության ընթացքում վերականգնել նաև պատճառված վնասի մնացած մասը, բոլորն ազատվել են արգելանքից։

Մայիսի 6-ի դրությամբ նշված քրեական գործերով 7 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 315²-րդ հոդվածով, 2 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշված գործերով համայնքներին պատճառված՝ հաշվարկված ընդհանուր վնասը կազմել է 153.000.000 ՀՀ դրամ, որից արդեն իսկ վերականգնվել է 41.587.000 ՀՀ դրամը: Միջոցներ են ձեռնարկվում մնացած մասը ևս վերականգնելու ուղղությամբ:

Ելնելով համայնքների խախտված իրավունքների վերականգնման և ֆինանսական միջոցները համայնքային բյուջե ուղղելու անհրաժեշտությունից՝  մարզերի դատախազությունների անմիջական նախաձեռնողականությամբ 9 համայնքների դեպքում վարձակալության պայմանագրերը լուծվել են, որոշների դեպքում համայնքների և ընկերությունների միջև կնքվել են նոր պայմանագրեր: Միջոցներ են ձեռնարկվում մյուս դեպքերով ևս ապօրինի պայմանագրերը լուծելու ուղղությամբ, ինչի նպատակով մարզերի դատախազների կողմից միջնորդագրեր են ներկայացվել մարզպետներին:

Այս գործերով նախաքննությունը շարունակվում է, ուսումնասիրությունների արդյունքներով բազմաթիվ այլ դեպքերով քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր: Դրանց արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031