Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքապետերի դեմ պատվերով քրեական գործեր չեն կարող հարուցվել, եթե փաստ կա, տվեք». նախարար

Մայիս 07,2020 11:50

«Նման քաղաքականությունը շարունակվել չի կարող, բայց հատուկ քայլեր այդ ուղղությամբ պետք էլ չեն. հակառակը, քայլեր կկատարվեն, եթե նման երեւույթներ ի հայտ կգան»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի նկատառմանն այն մասին, որ նախկինում իշխանությունը համայնքապետերին օգտագործել է իր քաղաքական նպատակների համար: «Իմ դերն իմ գործառույթների շրջանակում դրան հետեւելն է եւ օգնելը, որպեսզի բոլոր համայնքներում ամրագրվի ժողովրդավարություն եւ օրենքի գերակայություն»,-վստահեցրեց Պապիկյանը:

Սամսոնյանը շեշտեց. «Մտավախություն ունեմ, որ նպատակային կամ իներցիայով շարունակվում է այդ քաղաքականությունը: Մեկ տարում ունենք օրինակներ՝ Արարատում Նորաշենը, Արմավիրում՝ Եղեգնուտը, Լոռիում՝ Գյուլագարակը, որտեղ մարզպետերի կողմից ճնշումներ են եղել, իսկ Կոտայքում քաղաքապետի դեմ քրեական գործ է հարուցվում, մինչդեռ Երեւանում այդ ապօրինությունները կարող են անտեսվել, որովհետեւ քաղաքապետը կարող է լինել յուրային: Վստա՞հ եք, որ համայնքների ղեկավարների վրա ճնշում չի գործադրվում»:

Պապիկյանն ասաց. «Որեւէ խտրական վերաբերմունք լինել չի կարող: Եթե կան դեպքեր, որոնցում սուբյեկտիվություն եք նկատում, անհատականապես կարող ենք խոսել: Մենք չենք «օգնելու», որ որեւէ համայնքապետ հեռանա: Օրենքի շրջանակում հանրությունն է ընտրում, թե որ համայնքապետի ղեկավարությունն է նախընտրում: Ինչ վերաբերում է նրան, թե որեւէ քաղաքապետի դեմ պատվերով քրեական գործեր են հարուցվում, ավելի հստակ պարզաբանեք, փաստեր եթե ունեք, ներկայացրեք: Ձեր նշածն անընդունելի է, նման բան լինել չի կարող: Որեւէ քրեական գործ չի կարող հարուցվել ուղղորդմամբ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031