Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմը միշտ էլ հաղթում են կորուստներով. հիվանդությունն ունի 2 տոկոսանոց մահացություն. «Հրապարակ»

Մայիս 07,2020 12:05

Հարցազրույց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրոպայի սրտաբանների միության անդամ Արմեն Աստվածատրյանի հետ:

– Պարոն Աստվածատրյան, նորմա՞ եք համարում, որ մինչ կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը շատանում են, կառավարությունը հանում է կարանտինն ու սահմանափակումները։

– Որպես բժիշկ՝ ոչ, բայց որպես քաղաքացի՝ այո, որովհետեւ ես հասկանում եմ, որ այլ տարբերակ չկա։ Բացատրեմ՝ ինչու։ Հանրապետությունը գտնվում է ծայրահեղ ծանր իրավիճակում, եւ, ըստ իս, ամենասկզբից պետք չէր մտցնել այդ կարանտինային սահմանափակումները։ Ինչպես արեցին Շվեդիայում, այս երկրի մոդելն էր պետք օգտագործել։ Բացի այդ, ես չեմ համարում, որ կորոնավիրուսն այնպիսի ծանր հիվանդություն է, որպեսզի բոլորը կանգնեն ականջների վրա։

– Իսկ Ձեզ՝ իբրեւ բժշկի, չի՞ հուսահատեցնում այն, որ երեկ մարդիկ թափվել էին փողոցներ, սրճարաններ։

– Բոլորովին։ Հիվանդությունն ունի 2 տոկոսանոց մահացություն։ Իսկ երբ մարդիկ երեք ամիս չեն աշխատում, մենք ունենում ենք շատ ավելի բարձր մահացության ցուցանիշ։ Դուք չե՞ք կարծում, որ հիպերտոնիկների քանակն է շատացել, շաքարային դիաբետի «կրիզները», պսիխոզները, ինքնասպանությունները․երկու օր առաջվա սարսափելի դեպքն ինչի՞ հետեւանք է (խոսքը երկու երեխաների հետ պատուհանից նետված տղամարդու մասին է՝ Ա․Դ․)։ Ես համոզված եմ, որովհետեւ արդեն 3 ամիս է՝ իմ աշխատանքում պսիխոզներով եմ զբաղվում։ Մարդիկ սրտի նոպաներ են ունենում, վախենում են դիմել բժշկի։ Կամ մարդիկ, որ աշխատանք են կորցրել կամ աշխատավարձ չեն ստանում, էդ մարդկանց քանակը պետք չէ՞ հաշվել։ Մեզ ինչո՞ւ է թվում, որ կորոնավիրուսից մահացած մարդիկ ավելի մեծ նշանակություն ունեն, քան ինֆարկտից մահացածները, քան ինսուլտով հիվանդները, չարորակ ուռուցքներով հիվանդները։

– Բայց չէ՞ որ եթե բոլորը վարակվեն, ապա մահճակալները չեն հերիքի․․․

– Եթե բոլորը վարակվեն, մահացության տոկոսը կլինի 2 տոկոս։ 2 տոկոս մահացություն ունեցող հիվանդության համար երկրագունդը չեն կանգնեցնում։ Մենք այնպիսի ֆինանսական ճգնաժամի մեջ ենք մտնում, որ այդ 2 տոկոսը ծիծաղելի է լինելու։ Մենք տարիներով այդ իրավիճակից դուրս չենք գալու։ Իսկ սրա պատճառով մահացությունն ո՞վ է հաշվելու։ Ուզում եմ հիշեցնել, որ Նոբելյան մրցանակները Շվեդիայում են տրվում, ու, ի՞նչ՝ Շվեդիայի բժիշկներն այնքան հիմար են, որ այսքանը չե՞ն հասկանում։ Իրենք սթափ հաշվել են, որ «եթե մենք պատերազմում ենք հիվանդության դեմ, որի անունը «կորոնավիրուս» է, մենք ո՞նց կարող ենք պատերազմը հաղթել առանց կորուստների։ Պատերազմը միշտ էլ հաղթում են կորուստներով։ Ցավալի կորուստներով։ Բան չունեմ ասելու։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031