Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխնախարար Գրիշա Թամրազյան. «Մեր գործողությունները նպատակաուղղված են լինելու պրոֆեսիոնալ մարզիկներին առավելագույնս ընդառաջելուն»

Մայիս 07,2020 11:35

Պարետատան որոշմամբ, մայիսի 4-ից նոր փոփոխությունների փաթեթ է ուժի մեջ մտել, որով «սպորտային օբյեկտների գործունեությունը թույլատրվում է բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ՝ սպորտային միջոցառումների անցկացման համար, ինչպես նաև սպորտային ակումբների գործունեությունը»:

Ձեւակերպումն ընդհանրական է, եւ Aravot.am-ը ՀՀ ԿԳՄՍ սպորտի ոլորտը համակարգող փոխնախարար Գրիշա Թամրազյանին խնդրեց որոշ պարզաբանումներ տալ:

-Պարոն Թամրազյան: Ի՞նչ ասել է պրոֆեսիոնալ մարզիկներ: Պատանեկան ու երիտասարդական հավաքականների անդամներին է՞լ է թույլատրվում վերսկսել մարզումները:

-ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պարետի 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշումը, պետական աջակցության ծրագրում ընդգրկված 35 ֆեդերացիաներին, Հայաստանի մարզական 3 ՀԿ-երին, ՀՀ ԿԳՄՍՆ համակարգի 24 մարզադպրոցներին և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին գրություններով տեղեկացրել է, որ մայիսի 4-ից թույլատրվում են վերսկսել մարզաձևերի տարբեր տարիքային խմբերի (մեծահասակ, երիտասարդ և պատանի) Հայաստանի հավաքական թիմերի անդամների մարզումները և ուսումնամարզական հավաքները՝ պահպանելով պարետատան և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումները:

-Այսինքն, կարելի է նաեւ տարիքային խմբերի Հայաստանի առաջնություններ է՞լ անցկացնել: Եթե այո, լուսաբանող լրագրողների եւ հանդիսականների ներկայություն թույլատրվելո՞ւ է:

– Հայաստանի առաջնություններ, կարծում եմ, շուտ չեն լինի, քանի որ դրանց անցկացումը կախված է լինելու առանձին մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաների կայացնելիք որոշումներից, թե աշխարհի, Հայաստանի պարագայում՝ Եվրոպայի առաջնությունների եւ օլիմպիական վարկանիշային մրցաշարերի ինչ ժամանակացույց կկազմեն: Վստահ եմ, որ դրանք տարբեր կլինեն: Հետեւաբար, մեր ֆեդերացիաները նույնպես իրենց միջոցառումների ծրագրերը կհստակեցնեն այնպես, որպեսզի հանրապետության առաջնությունների արդյունքներով կարողանան կազմավորել հավաքական թիմերը եւ նախապատրաստվել միջազգային պաշտոնական առաջնություններին եւ մրցաշարերին: Իսկ ինչ վերաբերում է լրագրողների կամ մարզասերների ներկայությանը, առայժմ դրա մասին խոսելը վաղ է: Այդ հարցին հնարավոր կլինի պատասխանել միայն ՀՀ-ում նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի կայունացման պարագայում:

-Մանկապատանեկան մարզադպրոցները աշխատելո՞ւ են: Դրանց բազաները հաճախ են տրամադրվում հավաքականներին: Օրինակ, Եվրոպայի բրոնզե մեդալ նվաճած մեր ջրացատկորդները մարզվում են Դավիթ Համբարձումյանի անվան ՕՀ մասնագիտացված ՄՊՄԴ-ում, որովհետեւ միայն այնտեղ է, որ 10 մ. աշտարակը վտանգ չի ներկայացնում: Կամ Օլիմպավանը, Ծաղկաձորի մարզաբազան, որոնք հավաքների ու մարզումների համար անփոխարինելի են ու դրանց այլընտրանք գրեթե չկա:

-Պրոֆեսիոնալ մարզիկների մարզումների համար սպորտային օբյեկտների գործունեության վերսկսման վերաբերյալ համապատասխան գրություններն արդեն ուղարկել ենք ՀԱՕԿ, մարզական ՀԿ-ներ, ԿԳՄՍՆ համակարգի 24 մարզադպրոցներ, «Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՓԲԸ, «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՓԲԸ և «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» ՊՈԱԿ: Դրանք պատրաստվում են ընդունել հավաքականներին:

Ծաղկաձորի մարզաբազայի մասին հիմա եկեք չխոսենք: Իսկ եթե մարզաձեւերի ֆեդերացիաները, հավաքականների մարզչական շտաբերը մարզումները կազմակերպում են նաեւ այլ, ավելի հարմար մարզաբազաներում, կարող են պաշտոնական նամակով դիմել նախարարություն եւ մենք պարետատան ու այդ մարզաբազաների ղեկավարության հետ քննարկելով՝ կկայացնենք որոշում: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ մեր գործողությունները նպատակաուղղված են լինելու պրոֆեսիոնալ մարզիկներին առավելագույնս ընդառաջելուն:

-Մարզադահլիճների ու մարզագույքի ախտահանման պարտականությունները ո՞ւմ վրա են դրվում՝ դրանց տերերի՞, թե օգտվողների:

-Սպորտային օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման անվտանգության կանոնները սահմանված են ՀՀ պարետի 2020 թվականի մայիսի 3-ի N63 որոշման հավելված N 9-ով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031