Լրահոս
Օրվա լրահոսը

Եկել է այն պահը, որպեսզի հայտարարենք, որ Արցախը չի ճանաչում ԵԱՀԿ ՄԽ-ի և այլ միջկառավարական ինստիտուտների հովանու ներքո բանակցային գործընթացն՝ առանց Արցախի իշխանությունների մասնակցության. Կարեն Օհանջանյան

Մայիս 07,2020 11:30
ohanjanyan

Հելսինկյան նախաձեռնություն-92 Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Միջազգային միջկառավարական կազմակերպությունների հովանու ներքո ղարաբաղա-ադրբեջանական հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը սկսվել է 1992 թվականից և շարունակվում է առայսօր:

Արցախի ընտրված իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությանը  մշտապես Ադրբեջանի իշխանություններն ընդդիմանում էին, իսկ միջնորդները՝ միջազգային միջկառավարական կազմակերպությունները, փորձում էին գոհացնել այն պետության շահերը, որի  հաղորդակցման հնարավորությունները և հանքային ռեսուրսները ավելի մեծ նշանակություն ունեին միջազգային հանրության համար, քան բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը:

Արդյունքում պարզ է մի բան, Հայաստանի և Ադրբեջանի կողմից՝ միջազգային միջկառավարական ինստիտուտների և ԵԱՀԿ Մինսկի խմբի  բանակցային գործընթացի միջնորդ-պետությունների  ազդեցության տակ ընդունված ցանկացած որոշում, պետք է Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից հանրաքվեում արժանանա հավանության:

Ելնելով այն մտքից, որ ցանկացած համաձայնեցված փաստաթղթի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է հավանության արժանանա Արցախի Հանրապետության բնակչության կողմից, կարծում եմ, եկել է այն պահը, որպեսզի մենք կայացնենք աննախադեպ  որոշում և հայտարարենք, որ Արցախի Հանրապետությունը չի ճանաչում ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ միջկառավարական ինստիտուտների հովանու ներքո բանակցային գործընթացն առանց օրինական ճանապարհով ընտրված Արցախի Հանրապետության իշխանությունների մասնակցության և խնդրի  խաղաղ կարգավորման վերաբերյալ նշված ինստիտուտների կողմից ներկայացված ոչ մի փաստաթուղթ չի քննարկելու:

Արցախի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունն ոչ միայն համաձայն միջազգային իրավունքի, այլ նաև միջազգային իրավունքի տառին և ոգուն համապատասխան և բացառում է ցանկացած համաձայնություն՝ հիմնված ի վնաս միջազգային իրավունքի հիմնարար նորմերին: Միաժամանակ, Արցախի Հանրապետությունը ողջունելու է միջազգային միջկառավարական ինստիտուտների շրջանակներում ցանկացած միջնորդական ձևաչափ, որտեղ գլխավոր բանակցող հանդես կգան  Ադրբեջանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը, իսկ Հայաստանի Հանրապետությունը մասնակցելու է որպես շահագրգիռ կողմ:

Ավելի, քան համոզված եմ, որ այսօր եկել է նման հայտարարություն անելու պահը: Ադրբեջանը և միջազգային հանրությունը պետք է հստակ հասկանան, որ մեր ժողովուրդը ոչ մի զիջման չի գնալու: Ավելին, մենք պատրաստ ենք հաշիվ ներկայացնելու Ադրբեջանին, Թուրքիային և միջազգային հանրությանը՝ մեր ժողովրդին հասցրած  ֆիզիկական, բարոյական և նյութական վնասի համար: Գտնում եմ, որ նոր կառավարությունը պետք է շարժվի այս ուղղությամբ: Ժամանակը դա է թելադրում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031