Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը երեկվա դրությամբ 41 է: Այս մասին ֆեսյբուքյան իր էջում հայտնել էր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարակված անձանցից 8-ը Սպիտակ քաղաքի բնակիչներ են, որոնց մեջ են բանկերից մեկի մասնաճյուղի մի աշխատակից ու Սպիտակի հիվանդանոցի աշխատակցուհիներից մեկը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այնտեղ հիմա Հայաստանի այլ քաղաքներից ժամանած աշխատակիցներն են աշխատում, քանի որ տեղացի աշխատակիցները մեկուսացված են:
ՀԺ-ի հետ զրույցում Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը Սահակյանը տեղեկացրեց նաեւ, որ հաստատված դեպքերից բացի, կան մեկուսացված անձինք. «Բանկի աշխատողները փոխվել են, կարծեմ Երեւանից են եկել, աշխատում են, շենքը ախտահանել են, մյուս աշխատողները մեկուսացման մեջ են»:
Մեզ հասած տեղեկություններով՝ կորոնավիրուսով վարակման դեպք է հաստատվել նաեւ Սպիտակի բժշկական կենտրոնի աշխատակիցներից մեկի մոտ: «ՀԺ»-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը հաստատեց՝ նշելով, սակայն, որ իրենց աշխատակիցը հիվանդանոցում չի վարակվել: «Այո՛, աշխատակիցներից մեկի մոտ հաստատվել է, բայց ԲԿ-ի հետ կապված չէ, իրենց տուն կոնտակտավոր մարդ է եկել, ու ինքը վարակվել է»,- ասաց տնօրենը՝ նշելով, որ տվյալ աշխատակիցը ներկայումս բուժվում է Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում:
Կարդացեք նաև
Սպիտակի բժշկական կենտրոնում թեստավորում է անցել նաեւ մեկ հղի: Պատասխանը եղել է դրական, ինչից հետո նրան տեղափոխել են Երեւան՝ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ: Կնոջ վիճակը բավարար է. «Բոլոր հիվանդների վիճակը բավարար է, այդ աղջկա մոտ վիժման վտանգ կար, դրա համար տեղափոխեցինք Երեւան»:
Հ.Գ. Ավելի ուշ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ի պատասխան ՀԺ-ի հարցման՝ հայտնեց, որ միայն Սպիտակի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 12 հաստատված դեպք:
Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: