Աշխարհի, նաեւ Հայաստանի բոլոր կառավարություններն ունեն իրենց կողմից շատ սիրված եւ պարբերաբար հնչեցվող բանաձեւեր, որոնցից մեկը հետեւյալն է. «Մենք դեմ չենք քննադատությանը, նույնիսկ խրախուսում ենք այն, բայց քննադատությունը պետք է լինի կառուցողական»: Թարգմանաբար դա նշանակում է. «Մենք պիտի որոշենք, թե որ քննադատությունն է կառուցողական: Բայց քանի որ մենք անթերի ենք, մեր հասցեին կառուցողական քննադատություն, ըստ բնորոշման, չի կարող լինել: Իսկ այն բացասական գնահատականները, որոնք հնչում են մեր հասցեին, պայմանավորված են ոչ թե հանրության, այլ վատ մարդկանցից բաղկացած խմբերի շահերով»: «Վատ մարդիկ» արտահայտության վերծանումը կարող է տարբեր լինել՝ դավաճաններ, թալանչիներ, օտարերկրյա գործակալներ եւ այլն:
Այսօրվա էքստրեմալ իրավիճակում, երբ կորոնավիրուսի տարածումը Հայաստանում ձեռք է բերում սպառնալից մասշտաբներ, իշխանության գործողությունների քննադատությունը նույնպես անհրաժեշտ է: (Բնականաբար, դրա տոնայնությունը պետք է լինի զուսպ եւ հնարավորինս ոչ հուզական): Չի կարող պատահել, որ մարտի սկզբից կորոնավիրուսի դեմ կառավարության ձեռնարկած եւ ձեռնարկվող բոլոր քայլերը լինեն ճիշտ եւ հաշվարկված՝ չկա աշխարհիս երեսին այդպիսի կառավարություն: Անհնարին է նաեւ, որ ապրիլի կեսերին մեր իշխանության ձեռնարկած տնտեսական եւ սոցիալական բոլոր միջոցառումները այլընտրանք կամ առնվազն ճշգրտման կարիք չունենան:
Բայց արի ու տես՝ քանի որ այս քայլերը կասկածի տակ դնողներն իմ հիշատակած «վատ մարդիկ» են, նրանց դիտարկումները պետք է արհամարհել ու շարունակել մնալ քննադատությունից դուրս: Եվ այստեղ մենք գալիս ենք բոլոր իշխանությունների կողմից սիրված մեկ այլ բանաձեւի՝ «նրանք չեն կարող ընդդիմություն լինել»: Հիշո՞ւմ եք, 2015 թվականի փետրվարին ՀՀԿ-ն հրապարակային դատաստան տեսավ Գագիկ Ծառուկյանի հանդեպ եւ որոշեց, որ նա իրավունք չունի զբաղվելու քաղաքականությամբ: Ծառուկյանին կարելի է տարբեր ձեւով վերաբերվել, բայց ոչ մեկին իրավունք չի տրված որոշելու՝ նա (կամ ՀՀ որեւէ քաղաքացի) կարո՞ղ է, թե՞ չի կարող զբաղվել քաղաքականությամբ:
Ընդդիմություն լինել-չլինելը նույնպես ոչ մեկը չի կարող որոշել: Ենթադրենք X քաղաքացին ունի ընդդիմադիր հայացքներ, որոնք կիսում է 5 հոգի, իսկ Y-ի հայացքների հետ համաձայն է մեկ միլիոն մարդ: Երկուսն էլ իրավունք ունեն ընդդիմություն լինելու. թե որքանով են նրանք ազդեցիկ, որոշվում է քաղաքական գործընթացների ժամանակ եւ, մասնավորապես, ընտրությունների միջոցով: Ներկայիս իշխանությունների տրամաբանությունը, սակայն, հետեւյալն է. նրանք, ովքեր մինչեւ 2018 թվականը իշխանության մեջ էին, չեն կարող ընդդիմություն լինել, որովհետեւ կոռումպացված էին, իսկ նրանք, ովքեր հեղափոխությունից առաջ իշխանության մեջ չէին, բայց հիմա քննադատում են իշխանության այս կամ այլ քայլը, նույնպես ընդդիմություն չեն կարող լինել, որովհետեւ գաղտնի կապեր ունեն «նախկին իշխանությունների» հետ:
Կարդացեք նաև
Այդ դեպքում ստացվում է, որ այժմ ընդհանրապես ոչ ոք իրավունք չունի ընդդիմություն լինելու:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կարծում եմ, ցանկացած մտավորական, անկախ ով է այսօր իշխանություն, ինքը մշտապես պետք է լինի ընդդիմություն, սա իհարկե չի նշանակում, որ պետք է միայն քննադատել իշխանության այս կամ այն որոշումները, իսկական ընդդիմությունը պետք է նաեւ գովերգի իշխանության հանճարեղ որոշումները նույնպես, նմանապես եւ իշխանությունը պետք է գովերգի ընդդիմության հանճարեղ գախափարները: Մեր ընդհանուր չուզողներն ամեն ինչ անում են, որ մեր իշխանության խոցելի գարշապար գտնեն, այդ չուզողներից ավելի շուտ ընդդիմությունը պետք է այն հայտնաբերի ու վերացնի խոցելիությունը, դրա համար էլ, երբ երկուսի միջեւ մանր մունր գզվռտվոց է գնում, դրանով մենք հնարավորություն ենք տալիս մեր ընդհանուր չուզողին հանգիստ թիրախավորել իսկական խոցելի գարշապարը, դրանով երկուսն էլ գործում են գիտակցաբար թե անգիտակցաբար այդ չուզողի օգտին: Մենք այսօր հնարավորություն ունենք ոչ միայն ընդօրինակելու եւ օգտվելու աշխարհի քաղաքակիրթ ազգերի քաղաքակրթական արժեքներից, այլ նաեւ հնարավորություն ունենք մեր յուրահատուկ հայ քաղաքակրթական արժեքներով հարստացնելու համաշխարհային քաղաքակրթությունը, իսկ արժեքը՝ դա միայն արդարն ու սիրունը չի, արժեքի ավելի արժեքավորը՝ դա արժեքի արդյունավետ պաշտպանությունն է, պաշտպանված արժեքը կոչվում է սկզբունք, անպաշտպան արժեքը ավելի շատ վնաս է բերում հենց այդ արժեքին:
Եթե կառավարության անդամները (նշանակված վարչապետի կողմից), վարչապետը (նշանակված խորհրդարանի կողմից) և խորհրդարանի ընտրյալ պատգամավորները (ընտրված և նշանակված ժողովրդի կողմից) կհաստատեն, որ կաթը (մածունը) սպիտակ է՝ ընդդիմություն հավանաբար չի լինի:
Երբ Սերժ Սարգսյանն (Саркисян) ասում էր (կարծեմ Իջևանում), որ վարունգը («խըյարը») հակառակ է («թարս» է), աճում՝ բոլորը համաձայն էին:
Տարօրինակ է, բայց փաստ, որ իրոք եղել են ու կան Սերժ Սարգսյանի «թարս» աճած և աճեցրած «խըյարներ»:
Անհեթեթություն, բայց իրականություն.