Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանացի ռազմագերի. «Խորհրդային Միությունում ամենուր, որտեղ ես եղա, գանակոծեցին: Միայն Հայաստանում ինձ հետ մարդավարի վարվեցին»

Մայիս 07,2020 13:30

Մոտենում է Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակը: Նրանք, ովքեր եւ ում ընտանիքներն անցել են պատերազմի միջով, ովքեր ողջ են մնացել, գիտեին, համոզված էին, որ կռվել են ֆաշիզմի դեմ:

Մենք գիտենք մեր` նախկին խորհրդային պատմագրությունը: Անշուշտ, այն թերի է, եթե չգիտենք, թե ինչ են գրել ժամանակի գերմանական աղբյուրները, պատմագիրները, քաղաքական գործիչները: Հայաստանում, երբ առաջին անգամ ներկայացվեց  Էննո Մեյերի, Արա Յ. Բերքյանի «Հռենոսի  եւ Արաքսի միջեւ 900 տարվա գերմանա-հայկական հարաբերություններ» գիրքը (գերմ. թարգմ.՝ Լիզա Բերքյան-Աբրահամյան), շնորհանդեսին ներկա Գերմանիայի դեսպանը զարմացավ, որ կան այնպիսի վկայություններ հայ-գերմանական 900-ամյա պատմությունից, հարաբերություններից, որին անգամ ինքը տեղյակ չէր:

Կոնրադ Ադենաուերը եւ Անաստաս Միկոյանը, Բոնն, 1958թ.

Գրքում առանձին մաս կա հայրենականին, գերմանացիներին գերի ընկած հայերի, ռազմագերիների` Հայաստանում գտնվելու, նրանց հետ առանձին զրույցների մասին: Հեղինակները  գրել են. «Նա, ով հրաժարվում էր զինվորական ծառայությունից կամ քաղաքական հայացքների պատճառով պիտանի չէր համարվում, որեւէ ճնշումից վախենալու կարիք չուներ: Նրա հետ նույն կերպ էին վարվում, ինչպես մյուս լեգեոնականների, դասվում էր ոչ պիտանիների խմբին եւ այնտեղ ընդգրկվածների հետ աշխատում գյուղատնտեսության կամ արդյունաբերության բնագավառներում: Գերիները տարբեր դրդապատճառներ ունեին գերմանական զինված ուժեր ծառայության ներկայանալու համար. առաջին հերթին դա ազատ լինելու, ճամբարներից դուրս գալու ցանկությունն էր: Կային նաեւ բազմաթիվ համոզված ազգայնականներ, որոնք հաստատակամորեն զենք էին վերցրել իրենց հայրենիքի ազատության եւ անկախության համար…; Ինչպես մյուս կովկասցիները, հայերը նույնպիսի եռանդով էին ջանում ներգրավվել գերմանական զինված ուժերի կազմում:

Օրինակ, ճամբարներից մեկում, զինակոչի ժամանակ ծառայության անցնելիս, բացի մեկ հոգուց, բոլոր հայերը պարտադիր հարցումներին «այո» են պատասխանել: Այդ մեկը Կարլ Մարքսի երկերի հայերեն թարգմանչի որդին էր… »:

Մեկ այլ դրվագում ներկայացվում է Վուսթրաուի ճամբարը. «Մի քանի հայեր պարտավորություն ստանձնեցին աշխատելու արդյունաբերության ոլորտում որպես բանվորներ: Նրանցից երեքը Հիրշբերգի (Շլեզիեն) ապակու գործարանում կատարված նենգադուլի գործողության պահին գեստապոյի կողմից ձերբակալվեցին եւ մահապատժի ենթարկվեցին: Մյուսներն ուղարկվեցին Տիրոլ՝ գյուղատնտեսության ոլորտում աշխատելու: Հայերն իրենց լավ էին զգում՝ իրենց հայրենիքն ինչ-որ կերպ հիշեցնող վայրերում, եւ ոչ ոք չփորձեց փախչել: Մինչդեռ, Տիրոլի Քերնտեն գյուղատնտեսության բնագավառում աշխատանքի ուղարկված ադրբեջանցիները փախան Տիտոյի պարտիզանների մոտ»:

Ձեզ ենք ներկայացնում գրքի մաս 2-ից  մի հատված: Հայկական մամուլում այն տպագրվում է առաջին անգամ:

Ետպատերազմյան ժամանակ եւ Ադենաուերի դարաշրջան

«Կանցլեր Կոնրադ Ադենաուերը, որը քիչ բան չարեց արեւելքի երբեմնի թշնամու հետ հաշտեցման գործում, տիրական անձնավորություն էր, ում անունը կապված է ավերված Գերմանիայի վերակառուցման եւ արեւմուտքի երկրների հետ նրա վերամիավորմանը: 1955թ. Մոսկվա կատարած այցի ժամանակ, նա միջամտեց, որպեսզի Խորհրդային Միությունում ազատություն տրվի գերմանացի ռազմագերիներին եւ քաղաքացիներին: Համառ բանակցություններից հետո, 1955թ. հոկտեմբերի 7-ին 10 000 ռազմագերիներ վերադարձան Գերմանիա, որոնց հետեւեցին 20 000 քաղաքացիները: Այդ գերմանացիներից ոմանք իրենց գերությունն անցկացրել էին Խորհրդային Հայաստանում, օրինակ՝ Սեւանի մոտ գտնվող ճամբարում, որտեղ ապրել է շուրջ 2500 մարդ: Վերադարձողներից մեկն այսօր ճարտարապետ է Ախընում, որը պատմում էր. «Խորհրդային Միությունում ամենուր, որտեղ ես եղա, գանակոծեցին: Միայն Հայաստանում ինձ հետ մարդավարի վարվեցին, տեղի գյուղացիները հաց եւ սնունդ տվեցին, թեեւ իրենք էլ կարիքի մեջ էին…»: Մեկ ուրիշը, որն իր գերությունը մինչեւ 1950թ. անցկացրել էր Կովկասում, պատմում էր. «Ես Կիսլովոդսկում տեղակայված 20 հոգանոց աշխատանքային խմբում էի, որը գտնվում էր քաղաքի հայկական թաղամասում: Հայերը մեր նկատմամբ ոչ միայն մարդկային էին, այլեւ շատ գերմանասեր: Ավելի լավ հարաբերություն պատկերացնել անհնար է: Երբ մենք 1949թ. Պյատիգորսկ փոխադրվեցինք, հայ կանայք ու տղամարդիկ հավաքվեցին Շպալիեր փողոցի երկու կողմերում՝ մեզ հրաժեշտ տալու, շատերի աչքերում արցունքներ կային, մեզ ծաղիկներ նվիրեցին, գրկախառնվեցինք: Այնքան հուզիչ էր, ես այդ պահը երբեք չեմ մոռանում»:

1955թ. սկսած, գերմանախորհրդային բանակցությունների արդյունքում, Խորհրդային Միության կողմից ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Անաստաս Միկոյանը 1958թ. ապրիլի վերջին ժամանեց Բոնն: Նա Կոնրադ Ադենաուերի վրա «ճարտար եւ չափազանց ինտելիգենտ անձնավորության տպավորություն թողեց»: Շատ զրույցների ընթացքում, որոնք երկու պետական գործիչները վարեցին, Ադենաուերը խիստ տպավորված էր Միկոյանի «չափազանց անկեղծությամբ»: Երկուսի միջեւ զարգացավ բարեկամությունը եւ Շաումբուրգի պալատում՝ մի ընթրիքի ժամանակ, մեկ անգամ եւս գաղտնի ստուգեցին իրենց գրառումները, որպեսզի «խիստ նախադասությունները ջնջեն»:

Ադենաուերին եւ Միկոյանին հաջողվեց հարթել երկու երկրների միջեւ թշնամական եւ անհաշտ հարաբերությունները: Մի հետաքրքրաշարժ լուսանկար պատկերում է ձեռքսեղմումը երկու ժողովուրդների ներկայացուցիչների, որոնք շատ տարիներ կյանքի եւ մահվան պայքար էին մղում միմյանց դեմ: Գերմանախորհրդային հաշտությունը պատկերում է մի ժպտացող ռայնլանդֆալսցու եւ փոխադարձաբար ժպտացող հայի:

Միկոյանը միակ նշանավոր հայը չէր, որին սրտագին ողջունեց Ադենաուերը: 1966թ. Փարիզում Ադենաուերն անձամբ պարգեւատրեց պրոֆեսոր Շարլ Տետեյանին՝ երկու երկրների միջեւ մշակութային կապերը զարգացնելու, մասնավորապես՝ «Ռիլկեն եւ Ֆրանսիան», ինչպես նաեւ «Ժերար դե Ներվալը եւ Գերմանիան» գործերի համար: Նա հանդիպեց ու զրուցեց նաեւ միջուկային ֆիզիկոս, պրոֆեսոր Ա. Ի. Ալիխանյանի հետ, որին վեց ամիս հյուրընկալել էր Բոննի համալսարանը՝ դասախոսելու նպատակով»:

Պատրաստեց

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

Գլխավոր լուսանկարում` Հայկական կամավորների այցը Պոտսդամի Սան Սուսիի դղյակ

«Առավոտ» օրաթերթ
06.05.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031