Չնայած նրան, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով այս տարի Հայաստան են վերադարձել հազարավոր քաղաքացիներ, այդուհանդերձ, այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2019-ի ապրիլի 1-ի համեմատությամբ, նվազել է:
Ազգային վիճակագրական կոմիտեն երեկ հրապարակել է 2020 թվականի հունվար-մարտին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը: Ըստ այդմ, այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 միլիոն 956 հազար 900, իսկ նախորդ տարի նույն ժամանահատվածում այս ցուցանիշը կազմել է 2 միլիոն 962 հազար 100: Այսինքն, ըստ այս ցուցանիշի, ՀՀ մշտական բնակչության թիվն այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ նվազել է 5200 բնակչով: Նշենք, որ մայիսի 4-ին խորհրդարանում արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանն ասել է՝ մարտի մեկից ի վեր, Հայաստան է վերադարձել մոտավորապես 63 հազար ՀՀ քաղաքացի:
Վիճակագրական կոմիտեի՝ բնակչության բնական շարժի ցուցանիշները՝ ծնվածների եւ մահացածների թիվը այս տարվա հունվար-մարտ ամիսների, փաստում է՝ 2020-ի նշված ժամանակահատվածում ծնվել է 7578 մարդ, մահացածների թիվը՝ 7289: Այս տարվա հունվար-մարտին ՀՀ մուտք է գործել ՀՀ փաստաթղթերով 346 625 մարդ, ելքը ՀՀ-ից՝ 328 016 մարդ, այսինքն նույն ժամանակահատվածում մեկնել եւ չի վերադարձել 18609 մարդ:
Իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում ծնվել է 7952 մարդ, մահացել՝ 7307 մարդ: Նախորդ տարվա հունվար-մարտին ՀՀ մուտք է գործել ՀՀ փաստաթղթերով 420 065 քաղաքացի, ելքը ՀՀ փաստաթղթերով՝ 417 539 քացաքացի, այսինքն՝ նշված ժամանակահատվածում մեկնել եւ չի վերադարձել 2526 քաղաքացի:
Կարդացեք նաև
Եթե հաշվի առնենք, որ Զոհրապ Մնացականյանի ներկայացրած ՀՀ վերադարձած 63 հազար քաղաքացիների ժամանակահատվածը ներառում է նաեւ ապրիլ ամիսը, որի ցուցանիշն արտացոլված չէ ԱՎԿ-ի թվերում, ապա հաջորդ եռամսյակում մշտական բնակչության ցուցանիշի տվյալները պետք է որ փոփոխվեն: Սա արդեն պարզ կլինի ազգային վիճակագրական կոմիտեի՝ երեք ամիս հետո հրապարակումներից:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.05.2020