Հարցազրույց հոգեբան Արմեն Բեջանյանի հետ
– Պարոն Բեջանյան, կորոնավիրուսով պայմանավորված, այսօր՝ քան երբեւէ, մեզնից յուրաքանչյուրին անհրաժեշտ են հոգեբանական ծառայություններ։ Պատկերացնո՞ւմ եք, երբ մայիսի 14-ից էլ ավելի մեղմացվեն սահմանափակումները, մարդիկ դուրս գան աշխատանքի եւ ամեն րոպե, հասկանալի պատճառով՝ ենթարկվեն սթրեսի։
– Իրականում այս տագնապային իրավիճակը բնականոն իրավիճակ է, այսինքն՝ եթե կան օբյեկտիվ պատճառներ տագնապի, դա բնական վիճակ է եւ մեր օրգանիզմի պատասխան ռեակցիան է։ Սրանից խուճապի մատնվել, որ ամբողջ ազգը կհիվանդանա կամ հիվանդ է, եւ այլն, եւ այլն, իհարկե, դա այդպես չէ։ Օբյեկտիվ պատճառն այն է, որ անորոշություն է, կորոնավիրուս եւ այլն, եւ այլն։ Բայց շատ կարեւոր է, թե ինչ անել։ Ամենաբարդ իրավիճակը անորոշությունն է։ Հիմա, եթե մենք իմանանք, որ ենթադրենք, թե մեկ ամիս հետո ամեն ինչ լավ է լինելու, սպասումով, բնականաբար, մարդը կարողանում է հաղթահարել։ Եթե մարդը գիտի կոնկրետ ժամկետ է դրված, ընդհանրապես, եթե մենք որեւէ բան պլանավորում ենք, մենք ունենք նպատակ, չէ՞։ Եթե մենք կարողանում ենք մեզ համար հստակ կանգառներ, ուղենիշներ մշակել, այդպես ապրելը շատ ավելի հեշտ է, իսկ նման իրավիճակներում, որ անորոշություն է, մարդու համար հոգեմաշիչը սա է։ Ասում են՝ ավելի լավ է սարսափելի վերջ լինի, քան անվերջ սարսափ։ Մենք ունենք փոքր տարիքից ձեւավորված չորս վախեր, դրանցից մեկը կորստի վախն է, որ մարդը վախենում է կորցնելուց։ Դա կարող է լինել մարդկային կորուստ, հարազատի կորուստ, դա կարող է լինել գույքի կորուստ եւ այլն։ Մյուս վախը այլոց բացասական վերաբերմունքի վախն է, այսինքն՝ ուրիշների կողմից սեփական անձի հանդեպ բացասական կարծիք ձեւավորելու վախն է։ Մյուսը հիվանդանալու վախն է եւ մահը, 4-րդը հոգեկան խանգարում ստանալն է։ Այս վախերը փոքրուց մեր մեջ կան, իրականում սրանք սպանիչ նշանակություն ունեն։ Ուրիշ հարց, թե մենք հետո ոնց կվերաբերվենք եւ սա, բնականաբար, ժամանակի ընթացքում պիտի հաղթահարի մարդը. ինչպե՞ս։ Բնական է, որ անորոշությունը բերելու է գտնի իր առարկան, ըստ էության ինչ բան է անորոշությունը։ Անորոշությունը վախն է, որ չունի առարկա, եւ շուտ թե ուշ մարդը գտնում է առարկա։ Տվյալ պարագայում մեզ մոտ հիմա շատ է դրված կորստի եւ մահվան կամ հիվանդանալու վախը։ Մի կողմից՝ կորոնավիրուսը, մյուս կողմից՝ աշխատանք չունենալը, ապագայի նկատմամբ անորոշությունը կամ ունեցածը կորցնելու տագնապները բերում են նրան, որ թույլ նյարդային համակարգ կամ նեւրոզներ ունեցող մարդու համար բավականին վտանգավոր իրավիճակ է առաջանում։ Հիմա ուղիղ հարց, ինչ անել։ Բնական է, որ սա անվերջ չի լինելու, շուտ թե ուշ կամ պիտի սովորենք ապրել նման պայմաններում, կամ էլ հաղթահարելու ենք այս խնդիրը։ Իմաստ ունի՞ հիմա պլանավորել, ենթադրենք, թե մենք 10 օր կամ մի ամիս հետո ինչ ենք անելու։ Ամեն մեկը ինքն է պլանավորում եւ դրա համար շատ ճիշտ մոտեցում կա, որ ցանկացած ճգնաժամ իր մեջ պարունակում է ներուժ։ Ըստ էության ինչ է ճգնաժամը. նախկին պայմանները էլ չեն բավարարում մարդուն, դրա համար ստեղծվում է մի իրավիճակ, որը հաղթահարում է մարդը եւ մեկ սանդղակով ավելի զարգանում։ Սա է խնդիրը։
– Գրեթե մի ամիս առաջ մեր վարչապետը մի հետաքրքիր վերլուծություն արեց ճգնաժամ բառի, որ ճիգ գործելու ժամանակն է…
Կարդացեք նաև
– Այո, եւ այստեղ տարբեր մասնագետներ տարբեր թվեր են ներկայացնում. բնակչության մոտ 30 տոկոսը կարողանում է հաղթահարել, 70-ը՝ ոչ, ով կարողանում է հաղթահարել, նա ունենում է ավելի մեծ զարգացում, ով էլ չէ՝ նրա մոտ հետընթաց է ընթանում։ Մասնագետներ էլ կան, որ կողմնակից են 40, 60 տոկոսին, բայց իրազեկվածությունը հենց դա է, եթե մարդը գիտի դրա մասին, կարողանում է հաղթահարել, գիտի, որ ցանկացած խնդիր իր մեջ պարունակում է ներուժ։
– Ասացվածք կա՝ անտառից վախենում է նա, ով անտառը չի ճանաչում…
– Այո, իսկ ով ճանաչում է տվյալ իրավիճակը, անտառը, այդ անտառը իրեն բարիքներ է բերում։ Մենք մոտավորապես նման իրավիճակում ենք, իհարկե, շատերը կարող է չհամաձայնեն, դժվար համաձայնեն կամ հասկանան, բայց սա իրականությունն է։ Վերջին հաշվով՝ մեզ այս ճգնաժամն ի՞նչ տվեց… տվեց, որ մենք ստիպված եղանք սովորել տարբեր նոր տեխնոլոգիաներ, IT (ՏՏ), նույն այս ZOOM-ի օգտագործումը, բարձր տեխնոլոգիաներ, այսինքն՝ իր հետ նաեւ դրական բաներ է բերում։ Հասուն է համարվում այն մարդը, որը կարողանում է մշտապես փոխվել՝ համապատասխան իրավիճակին եւ զարգանալ։ Այն մարդը, որը հասնում է մի մակարդակի եւ էլ զարգացում կամ նոր բան չի սովորում, բնականաբար, նրա մոտ սկսվում է հետընթաց։
– Դինոզավրերը վերացան հենց այդ հատկությունը չունենալու պատճառով…
– Այո։
– Երեխաներին դաստիարակելիս հաճախ ասում են՝ խելոք մնա, թե չէ բժիշկ կկանչենք… Ի՞նչ եք առաջարկում՝ տարին մեկ անգամ խոսե՞լ հոգեբանի հետ, թե՞ դա պետք է անել ինչ-որ սիմպտոմների դեպքում։
– Շատերը կարող է ինձ հետ չհամաձայնեն, բայց հոգեբանությունը հարուստ եւ ինտելեկտուալ մարդկանց գործ է։ Եթե բժշկության մեջ շատ ավելի հեշտ է դրված խնդիրը՝ պատճառահետեւանքային կապը գտնում են, եւ այս հաբը խմիր կամ այս դեղորայքը օգտագործիր ու դա օգտակար կլինի, հոգեբանության դեպքում այլ է։ Այստեղ մենք գործ ունենք մարդու գիտակցության, ենթագիտակցության հետ աշխատանքի, եւ այն մարդիկ, ովքեր կարողանում են տրամաբանել, պատճառահետեւանքային կապեր տալ, կարճ ասած՝ եթե ունեն ինչ-որ աստիճանի զարգացվածություն, այդ մարդկանց հետ ավելի հեշտ է, եւ այդ մարդիկ են դիմում հոգեբանի։ Մեր խնդիրները ձեւավորվում են մանկական տարիքում։ Իհարկե, ողջ կյանքում այդ խնդիրները ձեւավորվում են, եթե կարողանում ենք խնդիրը լուծել՝ մենք զարգանում ենք, եթե չենք կարողանում այդ խնդիրը լուծել, միեւնույն է, խուսափում ենք խնդիրը լուծելուց, բնականաբար, այդ խնդիրը չի վերանում եւ նա վեր է աճում մի այլ խնդրի, ավելի բարդանում։ Օրինակ, նեւրոզների հիմքում ընկած է հենց մեր փորձը, մեր բացասական փորձը։ Նույն դեպրեսիաների հիմքում, եթե դեպրեսիաները բաժանենք 2 մասի, դա էքսոգեն դեպրեսիաներն են եւ էնդոգեն։ Էնդոգեն դեպրեսիաներով զբաղվում են հոգեբույժները, էքսոգենով, այսինքն, որ առաջանում է արտաքինից՝ հոգեբանները։ Այս դեպքում երեխան ծնվում է առանց որեւէ խնդիրների, այստեղ բոլոր տիպի երեխայի վախերը ներմուծված են դրսից, եւ եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ այդ վախերը կամ այն տագնապները, որով տառապում է մայրը, ծնողը, ինքն էլ հենց դա փոխանցում է երեխային։ Օրինակ, եթե ինքը վախենում է բարձրությունից կամ ինչ-որ բացասական սոցիալական փորձ է ունեցել, բնականաբար, ցանկացած պահի երեխան հենց որ մետենա, ասենք՝ լուսամուտին, պետք է ասի՝ հեռու կանգնիր, թե չէ կընկնես, եւ այսպես շարունակ։ Այսինքն՝ մենք մեր սեփական վախերն ենք փոխանցում երեխային, էլ չեմ ասում դաստիարակության ամենամեծ խնդիրների մասին։ Հոգեբանության մեջ մի մեծ ուղղություն կա, որը կոչվում է վարքաբանություն, այսինքն՝ վարքային տեսության հիմքում է ընկած։ Հիմա փորձեմ ավելի բացել։ Այն մարդիկ են խնդիրներից վախենում կամ խնդիրներ են առաջացնում եւ իրենց կյանքը դառնում է անորակ, ովքեր ունեն շատ կարծրատիպեր, կարծր վարքային տեսականի, մարդիկ, ովքեր նույն իրավիճակի նկատմամբ կարող են մի քանի վարքային տեսականի առաջարկել։ Եթե մենք ունենք կարծր սովորություններ, այդ սովորությունները մեզ հանգիստ չեն տալիս, իսկ սովորությունները փոխելու համար մինիմում 2 ամիս է անհրաժեշտ։ Բերենք կորոնավիրուսի օրինակը։ Այսօր էլ երիտասարդները հենց տեսնում են միմյանց, նորից ձեռքով բարեւում եւ փաթաթվում են։ Սա արդեն երկար ժամանակ ձեւավորել է սովորություն, չնայած որ կորոնավիրուսը մեզ ցույց է տալիս, թե ինչպես չի կարելի շփվել։ Հիմա այդ սովորությունը կոտրելու համար ժամանակ է պետք, ինչպես նաեւ ինտելեկտ, միտք, եւ ջանք է պետք գործադրել։
Իմիջիայլոց, ամեն ինչ դառնում է մշակույթ, կուլտուրա։
– Այսօր մասնագետ ու չմասնագետների դժվար է տարբերել…
– Այսօր շատ ավելի հեշտ է տարբերակել, քան նախկինում։ Մեծ հաշվով՝ կարելի է մի հատ բացել ինտերնետը եւ հասկանալ, թե ինչ կրթություն ունի տվյալ մարդը։ Ես կողմնակից եմ, որ մանավանդ հոգեկան առողջության հետ աշխատող մարդը պիտի ունենա բազային կրթություն, նա պիտի ունենա ակադեմիական կրթություն։ Այսօր կարող են 2 ամիս վերապատրաստվելով թղթի կտոր ստանալ… Շատ ավելի կարեւոր ցուցիչ կարող է լինել առաջին հանդիպումը։ Առաջին հանդիպման ընթացքում պիտի ձեւավորվի ներքին կապ հոգեբանի եւ այցելուի միջեւ։ Եթե մարդը հանդիպման ժամանակ իրեն ազատ է զգում, ներքին կապ է ձեւավորում մասնագետի հետ եւ ներքին անբացատրելի զգացողություն՝ կարծես թե ինքը ինձ կօգնի, ներքին ձայնին իմաստ ունի լսել։
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
06.05.2020