Թե համաճարակն ինչ ազդեցություն կունենա ապրանքահումքային շուկաների վրա, կախված կլինի դրա տեւողությունից եւ թողած ծանր հետեւանքներից, նաեւ պայքարի այն մեթոդներից, որոնք երկրներն ընտրել են COVID-19 դեմ պայքարելու համար: Այսպիսի տեսակետ են հայտնում Համաշխարհային բանկի մասնագետները, որոնք հրապարկել են «Ապրանքների շուկայի հեռանկար» ապրիլյան զեկույցը: Նրանց կանխատեսմամբ, ամենայն հավանականությամբ, այդ համավարակի թողած հետեւանքների ազդեցությունը կշարունակվի առաջիկա ամիսներին եւս:
«Համաճարակը կարող է անդառնալիորեն փոխել ապրանքների պահանջարկը, դրանց մատակարարումը եւ, նախեւառաջ, այն արժեքային շղթաները, որոնց միջոցով նման ապրանքներն ամբողջ աշխարհում տեղափոխվում են արտադրողներից մինչեւ սպառողներ: Հետեւանքներն այսօր շատ լուրջ են, հատկապես՝ տրանսպորտի հետ կապված ապրանքների համար: Հունվարից ի վեր նավթի գները անկում են ապրել, ապրիլին ընկել են՝ հասնելով պատմական նվազագույնի, իսկ որոշ մարկերային տեսակներ հասել են բացասական արժեքների»,-նշում են զեկույցի հեղինակները: Ըստ նրանց, վիրուսի տարածումը կանխելու ջանքերը հանգեցրին գրեթե բոլոր տեսակի ճանապարհորդությունների սահմանափակմանը, ինչի պատճառով այս տարի սպասվում է նավթի պահանջարկի ռեկորդային կրճատում՝ օրական 9,3 միլիոն բարելով. «2019 թվականին պահանջարկը հասնում էր օրական 100 միլիոն բարել: 2020 թվականին ակնկալվում է նավթի միջին գինը մեկ բարելի դիմաց 35 դոլար: Խոսքը գնում է հոկտեմբերին արված կանխատեսումը վերանայելու եւ կտրուկ՝ միջին գնի 43% անկման մասին, 2019-ի համեմատ, երբ այն կազմում էր մեկ բարելի դիմաց 61 դոլար: Նվազել են նաեւ բնական կաուչուկի եւ պլատինի, հումքի գները, որոնք լայնորեն օգտագործվում են նաեւ տրանսպորտային ոլորտում»:
ՀԲ մասնագետները ակնկալում են, որ ընդհանուր առմամբ, էներգակիրների միջին գները, ներառյալ բնական գազը եւ ածուխը, 2020-ին 2019-ի համեմատ կնվազեն 40 տոկոսով, բայց նաեւ կանխատեսում են, որ հաջորդ տարի դրանք կվերականգնվեն. «Այս տարի գազի գները զգալիորեն ընկել են, մինչդեռ ածուխի գները ավելի քիչ են անկում ապրել, քանի որ համաճարակի դեմ պայքարն այդքան լուրջ չի ազդել էլեկտրաէներգիայի պահանջարկի վրա»:
Ըստ նույն աղբյուրի, տնտեսական գործունեության անկումը էականորեն ազդել է արդյունաբերական հումքի վրա, ինչպիսիք են պղինձը եւ ցինկը, եւ, ընդհանուր առմամբ, այս տարի մետաղների գների նվազում է կանխատեսվում:
Կարդացեք նաև
Զեկույցում անդրադարձ է արվում նաեւ գյուղոլորտին: Ըստ ՀԲ մասնագետների, գյուղատնտեսական ապրանքների գները ավելի քիչ են կապված տնտեսական աճի հետ, եւ 2020 թվականի առաջին եռամսյակում նկատվել է ընդամենը մի փոքր անկում. «Բացառությունները եղել են կաուչուկի գների կտրուկ անկումը եւ բրնձի գների թանկացումը՝ վատ բերքի եւ առեւտրի որոշ սահմանափակումների պատճառով: Ընդհանուր առմամբ, ակնկալվում է, որ 2020 թվականի ընթացքում գյուղմթերքների համաշխարհային գները կմնան կայուն, քանի որ հիմնական քանակությամբ սննդամթերքի արտադրության ծավալներն ու պաշարները գտնվում են ռեկորդային մակարդակի վրա»:
Զեկույցի հեղինակները փաստում են, որ սննդամթերքի շուկաների մեծ մասի առաքումն անխափան է. «Միեւնույն ժամանակ, երկրների կողմից առեւտրի սահմանափակումների արգելքի պատճառով, ներառյալ ապրանքների որոշակի տեսակների արտահանման արգելքը եւ ավելորդ պահանջարկի ստեղծումը, սննդի անվտանգության վերաբերյալ մտահոգություններ են առաջացնում: Բացի այդ, գյուղատնտեսական արտադրանքը, հատկապես՝ եկող տարի, կարող է բախվել առեւտրի եւ ռեսուրսների շուկայավարման այնպիսի խնդիրների, ինչպիսիք են պարարտանյութերը եւ թունաքիմիկատները, ինչպես նաեւ աշխատուժի պակասը: Մատակարարման ցանցերի խափանումներն արդեն ազդել են արտահանման շուկաների վրա, որոնք ձեւավորում են զարգացող երկրները եւ այդպիսի փչացող ապրանքներ են՝ ինչպիսիք ծաղիկները, մրգերն ու բանջարեղենը»:
Համաշխարհային բանկը, այլ կազմակերպությունների հետ միասին, կոչ է անում համատեղ ջանքեր գործադրել միջպետական սննդի առեւտուրը պահպանելու համար. «COVID-19 համաճարակի ազդեցությունը ապրանքային շուկաների վրա կարող է հանգեցնել ավելի լայն եւ երկարաժամկետ փոփոխությունների: Սահմանների հատման ընթացակարգերի բարդության պատճառով տրանսպորտային ծախսերը կարող են աճել: Առեւտրի ավելի բարձր ծախսերը հիմնականում կազդեն գյուղատնտեսական եւ պարենային ապրանքների եւ տեքստիլի վրա: Որոշ ապրանքների պահեստավորման որոշումը կարող է ազդել առեւտրի հոսքերի վրա եւ ազդել համաշխարհային գների վրա»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.05.2020