Արվեստում ռիսկի դիմող նկարիչը՝ Անրի Մատիս
Անրի Մատիսը համարվում է քսաներորդ դարի ամենահայտնի նկարիչներից մեկը, ֆոբիստական ուղղության լիդերներից մեկը: Նա նաեւ հայտնի է որպես ուժեղ անհատականություն, որը «չկոտրվեց» անգամ հաշմանդամի սայլակին հայտնվելուց ու ծանր հիվանդություններից հետո եւ մտածեց նոր ուղղություն՝ «նկարչություն մկրատով»: Մատիսը ծնվել է 1869թ. Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Պիկարդիայի Լը Կատո Կամբրեզի փոքրիկ քաղաքում։ Նա Էմիլ Հիպոլիտ Մատիսի եւ Էլոիզա Աննա Ժերարի անդրանիկ որդին էր։ Մանկության տարիներն անցել են հարեւան Բոեն ան Վերմանդուա փոքրիկ քաղաքում, որտեղ հայրը զբաղվում էր ցորենի վաճառքով։ Մայրն օգնում էր ամուսնուն, նաեւ զբաղվում էր կերամիկայի վրա նկարչությամբ:
Նկարչական տաղանդը տղայի մոտ բացահայտել է հենց մայրը: Նա ներկեր ու ալբոմ էր գնել որդու համար, որպեսզի կույրաղիքի վիրահատությունից հետո անկողնային ռեժիմում գտնվող որդին նկարի՝ մինչեւ կազդուրվելը ու չձանձրանա: Մատիսը սկզբում արտանկարում էր գունավոր բացիկներից, հետո սկսեց նկարել տատիկ-պապիկներին ու ամեն ինչ:
Kulturologia.ru-ի փոխանցմամբ, առողջանալուց հետո Մատիսը մեկնում է Փարիզ սովորելու: Երբ 1896թ. Մատիսի հինգ նկար ցուցադրվում է Գեղեցիկ արվեստների ազգային միության սալոնում, դրանցից երկուսը գնվում է պետության կողմից, այդ թվում՝ հայտնի «Կարդացող կինը»՝ նկարված 1894 թվականին Ֆրանսիայի նախագահի Ռամբուի ամրոցի բնակարանի համար: Իսկ ցուցահանդեսից հետո Անրի Մատիսը դառնում է Գեղեցիկ արվեստների ազգային միության անդամ: Այդ օրվանից սկսած՝ նա ավելի համարձակ է սկսում ստեղծագործել եւ նրա հեղինակությունն իբրեւ նկարիչ՝ սկսում է աճել երկրաչափական պրոգրեսիայով:
1905 թվականին կայանում է Մատիսի եւ նրա համախոհ վրձնակիցների՝ Դերենի եւ Մորիս դե Վալամիկի ցուցահանդեսը, որը մեծ հաջողություն չի ունենում, արվեստի քննադատները մերժողական վերաբերմունք են դրսեւորում այդ աշխատանքների հանդեպ՝ դրանք որակելով վայրի: Հենց դրանից հետո էլ սկիզբ դրվեց նոր ուղղության՝ ֆովիզմի: Ֆովիզմի ոճով է ստեղծված Մատիսի՝ «Արքայի թախիծը» հայտնի ստեղծագործությունը, որտեղ նկարիչն անդրադարձ է կատարում ծերության թեմային, անցյալին ու երաժշտությանը՝ որպես սփոփանքի միջոց: «Արքայի թախիծը» Մատիսի վերջին ինքնանկարն է, որ ստեղծվել է վարպետի մահից երկու տարի առաջ: Այս բացառիկ աշխատանքն այժմ գտնվում է Փարիզի ազգային պատկերասրահում: Արվեստի քննադատները համարում են, որ Մատիսի վերջին շրջանի ստեղծագործություններն ամենաինովացիոնն են: Արվեստում անընդհատ ռիսկի դիմող Մատիսը հայտնի է իր «մկրատով նկարելու» տեխնիկայով: 1941թ. արտրիտի պատճառով զրկված լինելով կանգնած վրձնով նկարելու հնարավորությունից՝ նա դիմեց այդ յուրօրինակ տեխնիկային՝ նկարներ ստեղծելով թղթի կտորներից, որոնք նրա օգնականները թաթախում էին ներկի մեջ, իսկ նկարիչը դրանք ամրացնում էր կոշտ մակերեսների վրա: Նույն տեխնիկան կիրառել են նաեւ դադաիստները, կուբիստները եւ սյուրռեալիստները: Այս յուրօրինակ մեթոդով նկարիչն առաջին անգամ աշխատել է «Ջազ» գրքի վրա:
Նրա համար անչափ կարեւոր է եղել նաեւ անսպասելությունը արվեստում: Մի առիթով Մատիսն ասել է. «1941թ. ես ծանր վիրահատություն տարա եւ չմահացա: Ողջ մնալով ինքս ինձ ասացի՝ Մատիս, դու ողջ ես: Ու ճակատագրից ստացած այդ նվերի շնորհիվ ես որոշեցի անել այն ամենը, ինչ ցանկանում եմ: Ես ստեղծեցի այն, ինչ փնտրում էի երկար տարիներ»: Մեկ այլ առիթով էլ նկարիչն ասել է. «Թղթերը, որոնք ես կտրում եմ, ինձ օգնում են նկարել գույնի մեջ: Իմ խնդիրը մարտահրավերը պարզեցնելն էր, փոխանակ եզրագծերը նկարելու եւ դրանք գույնով «լցնելու», ես միանգամից նկարում եմ գույնի մեջ»:
Պատրաստեց
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
06.05.2020