Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն փուլը կարող է ունենալ լավ փաթեթ, իսկ ամեն փաթեթ՝ վտանգավոր փուլ

Մայիս 07,2020 12:00

Պաշտոնական Երեւանը չի բացառում փուլային տարբերակի շուրջ բանակցությունները

Մայիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ լսումների ընթացքում ծավալուն ելույթ է ունեցել, պատասխանել է պատգամավորների հարցերին: Որո՞նք են Հայաստանի որդեգրած սկզբունքները, ո՞րն է ՀՀ դիրքորոշումը, ինչպե՞ս է նա մեկնաբանում ՌԴ ԱԳ նախարար Լավրովի անդրադարձը ղարաբաղյան խնդրին՝ փուլային տարբերակի մասին:

Այսպես, որո՞նք ենք Զոհրաբ Մնացականյանի ելույթի հիմնական մեխերը: «Չի կարող որեւէ մեկը սպասել, որ Հայաստանը որեւէ քայլ կկատարի, որը համադրելի չէ, որը ենթադրում է զիջում, որը վնասում է մեր ազգային անվտանգությունը: Այն, ինչ այսօր գոյություն ունի իրականում, անվտանգային համակարգ է եւ պաշտպանական գծեր»,- շեշտում է Մնացականյանը:

Կարգավիճակի մասին՝ ՀՀ ԱԳ նախարարը վստահեցնում է, որ սա ավելի էական է, քանի որ՝ «մեր դիրքերը շատ ավելի ամուր են», ապա հավելում է. «Մեր ներգրավումը բանակցությունների մեջ հիմնված է մեկ կարեւորագույն սկզբունքի` համազգային կոնսենսուսի վրա, որի համաձայն Արցախի անվտանգային խնդիրներն առաջնային են, Հայաստանը եղել եւ մնում է անվտանգության միակ երաշխավորը, որ սպառնալիքի լեզուն ժխտված է, որ կարգավիճակի եւ անվտանգության հարցերը դիտարկում ենք այնպիսի համադրությամբ, որտեղ մենք խստագույնս պահպանում ենք մեր առաջնայնությունները»:

Թեեւ Փաշինյանը նշում էր, որ հեղափոխությունից հետո սկսել է բանակցել իր կետից՝ Մնացականյանը նկատում է, որ ղարաբաղյան բարդ գործընթացում մեր սկզբունքները հստակեցրել ենք՝ ելնելով մի շարք հանգամանքներից. «Այս գործընթացը 2018թ.-ին չի սկսվել, այս գործընթացը սկսվել է 1988թ., 1991թ., 1994թ. եւ հետո… Անհնար է հաշվի չառնել այդ ամենը: Բայց այսօրվա իրականությունը մեզ հնարավորություն է տալիս, հիմնվելով մի շարք հանգամանքների վրա, բավական հստակ շարունակել աշխատել մեր էական սկզբունքների շուրջ՝ համադրելով դրանք մյուս հանգամանքների կամ դիրքորոշումների հետ»:

Մեկ անգամ եւս Մնացականյանը շեշտել է, որ մեր խնդիրը իրական էքզիստենցիալ անվտանգության հարցն է. «Չի լինելու 2016թ. ապրիլի կրկնություն, չեն լինելու 1991-1994 թվականներ»: Այսինքն, պաշտոնական Երեւանը բացառո՞ւմ է ադրբեջանական կողմից պատերազմի սանձազերծումը: Լավ է, որ կա նման վստահություն: Բայց կա՞, արդյոք, երաշխիք…

Ռուբեն Ռուբինյանը նման դիտարկում էր արել, թե՝ «2016թ. Սերժ Սարգսյանը՝ ՀՀ նախագահը, ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ սեղանին եղել էր փաստաթուղթ, որը ենթադրում էր նախ՝ Արցախի որոշ շրջանների հանձնում, ապա Արցախի կարգավիճակի հստակեցում։ Հիմա մենք ճի՞շտ ենք հասկանում, որ այդ փաստաթուղթը եւ որեւիցե այլ փաստաթուղթ, որն ունի նմանատիպ բովանդակություն, չի քննարկվում»։

Զոհրաբ Մնացականյանը նկատում է. «Երբ մենք ներգրավվեցինք այս գործընթացի մեջ, բնականաբար, այդ հարցը չէր վերացել։ Մեզ համար չափազանց կարեւոր էր ի հայտ բերելու բոլոր այն արգելակները եւ խոչընդոտները, որոնք անընդունելի, անհնար են դարձնում շարժվելն այնպիսի ուղղությամբ, որտեղ առկա է պարտավորությունների անհամաչափություն։ Մենք չենք կարող ընդունել իրավիճակ, որտեղ ակնկալվում է, որ մենք պետք է ստանձնենք պարտավորություն, որը շոշափելի է եւ կոնկրետ, եւ ունենանք ոչ հստակ պարտավորություն մյուս կողմից։ Դա ես անվանում եմ «սալյամի տակտիկա», երբ կտրվում է մի կտոր եւ աշխատանքներ տարվում մյուսը պոկելու ուղղությամբ: Մենք չենք կարող այդ ուղղությամբ գնալ, քանի որ դա պարտավորությունների անհամաչափություն է: Որեւէ մեկը չի կարող համաձայնել մի իրավիճակի հետ, որին ինքդ համաձայն չես, եւ առավել եւս ակնկալես, որ դա հնարավոր է համոզել հասարակությանը եւ առաջին հերթին Արցախին»։

Ապա` Մնացականյանը հավելում է. «Մենք պարզ ասում ենք՝ այո՛, փոխզիջում է, եւ դա Արցախն էլ է ասում, փոխզիջում՝ համադրվող պարտավորություններով, եւ երբ պարտավորությունների համադրումն անհամաչափ է, այն ստանում է մեր արձագանքը։ Սա չափազանց բարդ խնդիր է, եւ բացառվում է, որ մենք այլ կերպ վարվենք։ Բացառվում է, որ մենք ստեղծենք իրավիճակ, երբ անվտանգային համակարգը խարխլվի, լինի դա հիմա՝ անմիջապես, թե ժամանակի մեջ։ Եթե մենք չենք տեսնում այդ համաչափությունը, դժվար թե մենք խոսենք դրա երանգների եւ այլի մասին»։

Եվ ամենագլխավորը՝ փուլայի՞ն, թե՞ փաթեթային կարգավորում: Ինչ է պատասխանում Մնացականյանը. «Եթե որեւէ մեկը ենթադրում է, որ կարող է լինել այնպիսի փուլային տարբերակ, որտեղ մենք խախտում ենք պարտավորությունների համաչափությունը, ապա դա չաշխատող տարբերակ է։ Ժամանակին կար մի գործընկեր, որը համաձայն էր փուլային տարբերակին, եթե առաջին փուլում լուծվում է կարգավիճակի հարցը, հետո՝ մնացածը։ Մեզ համար չափազանց էական է ձեւավորել փաթեթային շրջանակ, որտեղ պարտավորությունները համադրելի են, համաչափ, շոշափելի եւ վերահսկելի։ Սա ամենաառաջնային խնդիրն է։ Ես նորից եմ կրկնում, եթե ենթադրվում է, որ պետք է լինի փուլային տարբերակ, որտեղ մի կողմը սկսում է իրականացնել իր պարտավորություններն ավելի մեծ չափով եւ չի ստանում համաչափ պատասխան քայլ, պարտավորություն մյուս կողմից, արդյունքում խախտում, խարխլում է իր անվտանգային դիրքերը եւ բոլոր մյուս դիրքերը բանակցությունների մեջ, ապա նման ձեւով իրականացումն անհնար է»։

Արման Աբովյանն այստեղ փորձել է հստակեցնել. «Փաստորեն, մենք ֆիքսում ենք շատ կարեւոր մի պահ, որ հայկական կողմի համար էական չէ՝ փաթեթային, փուլային, էական է այդ համաչափության եւ բալանսի պահպանումը։ Կարելի՞ է այսպես ֆիքսել»։ Մնացականյանը պատասխանում է՝ «Այո»։

Հիմա, եթե Հայաստանի համար կարեւոր է ձեւավորել ղարաբաղյան հարցի փաթեթային շրջանակ, ուրեմն՝ պաշտոնակաsն Երեւանը բանակցություններում դնում է Արցախի կարգավիճակի հստակեցման հարցը՝ ի սկզբանե: Այսինքն՝ սա արդեն փաթեթային լուծում է ենթադրում:

Բայց ՀՀ ԱԳ նախարարի ընդհանուր խոսքից կարելի է տպավորություն ստանալ, որ հայկական կողմի համար այնքան էլ էական չէ՝ փուլայի՞ն, թե՞ փաթեթային, եթե հստակեցվում է Արցախի կարգավիճակը, որն ի դեպ, հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն Ադրբեջանի կազմից դուրս չի տեսնում: Ադրբեջանական իշխանությունները 20 տարուց ավելի հայտարարում են, որ՝ «պատրաստ են Լեռնային Ղարաբաղին տալ բարձր ինքնավարություն՝ Ադրբեջանի կազմում»: Ըստ ամենայնի՝ հենց սա էլ պաշտոնական Բաքվի պատկերացրած Լեռնային Ղարաբաղի «կարգավիճակն» է:

Այս պարագայում՝ ո՞վ, ի՞նչ է զիջում եւ ինչի՞ դիմաց է զիջում: Առհասարակ, Ադրբեջանի կողմից որեւէ բան զիջելու մասին մենք որեւէ բառ չենք լսել այս ընթացքում:

Բացի այդ, Մնացականյանը նշում է, «եթե ենթադրվում է, որ պետք է լինի փուլային տարբերակ»… Այսինքն՝ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հայտարարությունը, որ բանակցվում է փուլային տարբերակ՝ դա ենթադրության դաշտում գտնվող քննարկո՞ւմ է առայժմ, թե՞ ռեալ, բանակցային սեղանին հիմա առկա եւ բանակցվող տարբերակ…

Տպավորություն է ստեղծվում, որ Մնացականյանը Լավրովին պատասխանեց ԱԺ պատգամավորների՝ իրեն տրված հարցերի միջոցով: Այնքանով, որքանով հնարավոր է թափանցիկ լինել, իհարկե, կարեւոր է, սակայն բանակցային գործընթացին առնչվող հիմնական հարցին՝ փուլայի՞ն, թե՞ փաթեթային լուծում, տալ այդպիսի ոչ միանշանակ պատասխան, նույնպես սպառիչ չէ:

Այլապես կստացվի, որ հայկական կողմը առաջնորդվում է հետեւյալ սկզբունքով՝ ամեն փաթեթից չի բխում լավ փուլ, իսկ ամեն փուլը կարող է ենթադրել ավելի հաջողված փաթեթ…

Ի դեպ, հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Կոմերսանտ» թերթի՝ կարգավորման փուլային մոտեցման վերաբերյալ հարցին ի պատասխան նշել էր. «2019թ. ապրիլի 15-ի հանդիպման արդյունքները ձեւակերպվել են ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ուրվագծում է բանակցությունների շրջանակը եւ չի ներառում որեւէ հղում կամ նույնիսկ ակնարկ կարգավորման փուլային տարբերակի մասին: Հայկական կողմերի համար ընդունելի չէ կարգավորման որեւէ տարբերակ, որը չի նախատեսում Արցախի ինքնորոշման իրավունքի առանց որեւէ սահմանափակման իրականացումը եւ կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Հայաստանի համար ընդունելի չեն դեռեւս մինչեւ 2018թ. ներկայացված եւ ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները: Ավելին, 2018թ.-ից ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 06.05.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031