«Պարոն վարչապետ, ինձ դիմել են «Արարատ ցեմենտ»-ի մի շարք աշխատողներ, որոնք նամակ են գրել ձեզ»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր Նիկոլ Փաշինյանին դիմեց «Իմ քայլի» պատգամավոր Ռուստամ Բաքոյանը եւ ընթերցեց նամակը. «Մեզ աշխատանքից ազատել են աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու պատճառաբանությամբ, բայց մենք վստահ ենք ու պնդում ենք, որ ժամկետի ավարտը նրանց քողարկված պլանի մի մասն է: Մեզ ազատում են մեր ակտիվ քաղաքացի ու պահանջատեր լինելու պատճառով: Ավելացնենք, որ մեր՝ 7-ից 2-ի հետ «Արարատ ցեմենտ»-ը նախկինում վարվել է նույն կերպ՝ 2010թ.-ին քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատելով: Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել, որպեսզի այս արատավոր եւ հակաօրինական երեւույթին վերջ տրվի»:
Խնդրին, սակայն, արձագանքեց ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ասելով. «Քաղաքացիները կարող են դիմումով իրենց ահազանգն ամրագրել, որի հիման վրա տեսչական մարմինը կարող է ուսումնասիրություն կատարել: Կան տարբեր խախտումներ եւ ահազանգեր»: Պատգամավոր Ռուստամ Բաքոյանն արձագանքեց. «Մենք փորձել ենք միջամտել, որպեսզի լոկալ հարցերը չհասնեն ԱԺ ամբիոն, եւ կարողանանք լուծումներ տալ, բայց, ցավոք, խնդիրը հանրայնացվեց եւ մինչեւ հիմա շարունակվում է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ