Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես, օրինակ, Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում եմ, որ ինքը տրամադրված է եւ ուզում է հարցի լուծում». Նիկոլ Փաշինյան

Մայիս 06,2020 18:06

Ունենք Արցախի հանրապետություն, որն այսօր իր ժողովրդավարությամբ չի զիջում ոչ մի ուրիշ պետությանը: Անպայման բանակցությունների հիմնաքարը պետք է լինի Արցախի դե ֆակտո կարգավիճակի դե յուրե միջազգային լեգիտիմացումը: Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսպես Արցախի հարցի կարգավորման մասին ԲՀԿ-ի դիրքորոշումը ներկայացրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Փաշինյանը զարմացավ՝ ո՞վ է ՀՀ-ում, որ այլ դիրքորոշում ունի, ես ուզում եմ այդ մարդու անուն-ազգանունն իմանամ. «Ոչ մի կառավարություն ԼՂ հարցի կարգավորման մասին իր դիրքորոշումն այնքան չի ներկայացրել, որքան մեր կառավարությունը, կիլոմետրերով, բազմիցս դիրքորոշում ենք հայտնել: Եթե որեւէ մեկն ուզում է կասկածի տակ դնել մեր դիրքորոշումը, ես դա համարում եմ մանիպուլյացիա: Ինքներս մեր դիրքորոշումը ձեւակերպելիս այնքան բուֆերներ ու հակակշիռներ ենք դրել, որ ընդհանրապես այսպիսի քննարկում պետք է ՀՀ-ում տեղի չունենա: Չի լինելու այնպես, որ մեզ ինչ-որ ուժեր վախեցնեն, որ մենք գնանք բանակցային սեղանին նստենք ու ձեռներներս դողա՝ վա՜յ, հանկարծ կներեք արտահայտությանս՝ սխալ չփռշտանք, որ դա չդառնա պատմություն: Մենք ունենք մեր ժողովրդի լիազորությունը` բանակցել այդ հարցի շուրջ եւ մենք այդ լիազորությունն օգտագործելու ենք, բոլոր հնարավոր դիվանագիտական հմտություններն օգտագործելու ենք բանակցային սեղանի շուրջ: Եվ թող մեզ ոչ մեկը չասի՝ աաա՜, ի՞նչ եք բանակցում: Ինչը, որ պետք է՝ այդ էլ բանակցում ենք: Մեզնից պատասխան կարող է պահանջել ՀՀ ժողովուրդը»:

Վարչապետն ասաց, որ երբ կլինի մի բանաձեւ, որը պետք է ներկայացնեն Անվտանգության խորհրդին, ժողովրդին, դա կանեն. «Ղարաբաղի հարցում կա մի շատ կարեւոր բանաձեւ՝ քանի դեռ ամեն ինչ որոշված չի, ոչ մի բան որոշված չի: Հետեւաբար եկեք դադարեցնենք այդ բանը՝ այս ի՞նչ եք բանակցում, ինչ որ պետք է՝ բանակցում ենք ու բանակցությունների գալիս չենք վախենալու ո՛չ ներսիններից, ո՛չ դրսիններից»:

Արման Աբովյանն արձագանքեց, որ Ադրբեջանը միտված չի լուծել խնդիրը քաղաքակիրթ միջազգային նորմերին համապատասխան: Վարչապետն էլ պատասխանեց. «Եթե ձեր ասածը ճիշտ է, որ Ադրբեջանը տրամադրված չի հարցի կարգավորման, ուրեմն չի կարգավորվի հարցը: Մենք ասում ենք՝ հնարավոր է իրագործել միայն այնպիսի լուծում, որը ընդունելի է Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Բա եթե հեշտ լիներ հարցի լուծումը, հիմա հարյուր անգամ լուծված կլիներ: Եթե դուք համոզված եք, ես, օրինակ, Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում եմ, որ ինքը տրամադրված է եւ ուզում է հարցի լուծում: Մենք էլ ենք կառուցողական տրամադրված, իրենք էլ: Ռուսաստանն էլ է ուզում, ԱՄՆ-ն էլ, Ֆրանսիան էլ, կարեւորը նրբությունների մեջ է: Եթե պարզվի, որ Ադրբեջանը չի ուզում հարցի լուծումը, չի լուծվի հարցը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031