ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ (COVID-19) ՀԱՐՈՒՑԱԾ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ.
ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
- ՆԱԽԱԲԱՆ
Նոր կորոնավիրուսը (այսուհետ՝ COVID-19) խաթարել է համաշխարհային տնտեսության բնականոն ընթացքը, վտանգված է աշխարհի երկրների մեծ մասի ներքին և արտաքին տնտեսական կայունությունը: Ժամանակները պահանջում են մեծ ծավալի պետական միջամտություն՝ փրկելու մարդկանց կյանքը, պաշտպանելու հասարակության խոցելի շերտերին, կանխելու գործազրկության աճը և արագացնելու տնտեսության վերականգնումը:
Կառավարությունների իրականացրած առաջին միջոցառումներից անցել է արդեն 1.5-2 ամիս: Այս ընթացքում որոշ կառավարություններ, ունենալով ավելի մեծ «ֆիսկալ տարածություն», գործել են առավել «ագրեսիվ և համարձակ»: Մյուսներն էլ, առաջնորդվելով նեոլիբերալ գաղափարախոսությամբ, նախապատվությունը տվել են պարտքի կայունությանը և կոնսերվատիվ հարկաբյուջետային քաղաքականությանը: Կան նաև կառավարություններ, որոնք, կարծես թե, գտել են ոսկե միջինը՝ խրախուսել տնտեսական ակտիվությունը այնպես, որ երկարաժամկետ հեռանկարում պարտքեր-ՀՆԱ հարաբերակցությունը վերադառնա կայուն վիճակի՝ շնորհիվ առաջանցիկ տնտեսական աճի:
Տարբեր են նաև կառավարությունների ընտրած գործիքակազմերը: Որոշ կառավարություններ կենտրոնացել են ֆինանսական օժանդակության անհատույց ձևերի վրա, մյուսները՝ փոխհատուցվող: Միաժամանակ ակնհայտ է, որ վերջնարդյունքի տեսանկյունից կարևոր նշանակություն է ունենալու ոչ միայն հակաճգնաժամային միջոցառումների ուղղվածությունը, այլև դրանց հաջորդականությունը: Իսկապես, ճգնաժամի յուրաքանչյուր փուլում տնտեսական համակարգը պահանջում է առանձնահատուկ պետական միջամտություն՝ կախված տնտեսական գործակալների վարքագծից և սպասումներից:
Կարդացեք նաև
Որոշ տնտեսագետներ գտնում են, որ տնտեսական համակարգերի և կառավարությունների կենսունակությունը որոշվում է ոչ թե տնտեսական «վերելքի», այլ շոկերի ժամանակ: Այս իմաստով անցած 1.5-2 ամիսը բավարար է՝ հետահայաց վերլուծության միջոցով գնահատելու կառավարությունների բացթողումները և ձեռքբերումները, ինչպես նաև նախանշելու նոր կորոնավիրուսի հարուցած ճգնաժամի (այսուհետ՝ COVID-19 ճգնաժամ) հաղթահարման առավել արդյունավետ մոտեցումները:
Ստորև ներկայացված է COVID-19 ճգնաժամի հաղթահարման նպատակով կառավարությունների կողմից իրականացվող հակաճգնաժամային միջոցառումների դասակարգումը՝ ըստ խմբերի:
Ներդիր 1. Հակաճգնաժամային միջոցառումների դասակարգումը
Սույն վերլուծությունում կառավարությունների հակաճգնաժամային միջոցառումները բաժանվում են երեք խմբի.
- «Անհապաղ ֆիսկալ աջակցություն». լրացուցիչ պետական ծախսեր (օրինակ՝ բժշկական ծառայությունների ֆինանսավորում, զբաղվածության մակարդակի պահպանում, ՓՄՁ–ների ֆինանսավորում, պետական ներդրումներ) և կորուսյալ եկամուտներ (օրինակ՝ որոշ հարկերի կամ սոցիալական վճարների չեղարկում): Այս միջոցները տրվում են անհատույց և ապագայում չեն փոխհատուցվում: Այդ պատճառով «անհապաղ ֆիսկալ աջակցությունը» ուղղակիորեն հանգեցնում է բյուջետային հաշվեկշռի վատթարացման:
- «Հետաձգումներ». որոշ վճարների, ներառյալ հարկերի և սոցիալական վճարների հետաձգում, բայց ոչ չեղարկում: Այս միջոցառումները բարելավում են անհատների և ընկերությունների իրացվելիությունը, բայց նրանց չեն ազատում համապատասխան պարտավորություններից: Այդ պատճառով «հետաձգումները» կխաթարեն բյուջետային հաշվեկշիռը 2020-ին, սակայն այն կվերականգնվի հետագա տարիներին: COVID-19 ճգնաժամին ընդառաջ, որոշ երկրներում հետաձգվել են նաև վարկերի սպասարկումը և կոմունալների վճարումը: Նույնիսկ եթե վարկերը տրված լինեն մասնավոր բանկերի կողմից, դրանց հետաձգումը բացասաբար է անդրադառնալու 2020-ի բյուջետային հաշվեկշռի վրա, քանի որ նվազելու են բանկերի շահույթները և վճարած հարկերը: Ենթադրվում է, սակայն, որ ապագայում պետական բյուջեի այս կորուստները կփոխհատուցվեն:
- «Երաշխիքներ և իրացվելիության ներարկման այլ գործիքներ». ներառում են արտահանման երաշխիքները, ազգային ներդրումային բանկերի տրամադրած վարկային գծերը, առևտրային բանկերի տրամադրած վարկերի համաֆինանսավորումը և սուբսիդավորումը: Ի տարբերություն «հետաձգումների», որոնց ազդեցությունը նկատվում է չափազանց արագ և ինքնաբերաբար, վարկային գծերը ենթադրում են որոշակի գործողություններ տուժած ընկերությունների կողմից: Վարկային գծերը և երաշխիքները հնարավոր է չանդրադառնան 2020-ի բյուջետային հաշվեկշռի վրա, բայց դրանցով նախատեսված պայմանական պարտավորությունները հետագայում կարող են վերածվել իրական ծախսերի:
Հաշվի առնելով վերոհիշյալը՝ սույն վերլուծությունը միտված է ուսումնասիրելու COVID-19 ճգնաժամի հաղթահարման միջոցառումների միջազգային փորձը՝ ՀՀ կառավարության ձևավորած ֆիսկալ փաթեթի արդյունավետությունը գնահատելու նպատակով: Մասնավորապես, վերլուծվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների (Գերմանիա, Հունգարիա), ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ձեռնարկած միջոցառումները, դրանց ծավալները և նպատակները: Հիմնվելով այս արդյունքների վրա՝ ուսումնասիրվել է ՀՀ հակաճգնաժամային քաղաքականության համապատասխանությունը ժամանակի և հայաստանյան իրականության պահանջներին: Վերլուծությունը ավարտվել է հիմնական արդյունքների և եզրահանգումների ամփոփմամբ:
- COVID-19 ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՈՐՈՇ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
COVID-19 ճգնաժամի հաղթահարման միջոցառումների միջազգային փորձի ուսումնասիրման շրջանակում դիտարկվել են որոշ զարգացած երկրների կառավարությունների կողմից ձևավորված ֆիսկալ փաթեթները: Աղյուսակ 1-ը ներկայացնում է վերը նշված երկրների անվանական ՀՆԱ-ն (տեղական արժույթով և դոլարով), ինչպես նաև հակաճգնաժամային 3 գործիքների ծավալները՝ արտահայտված անվանական ՀՆԱ-ի նկատմամբ: Սույն վերլուծությունում ուսումնասիրվել են ԱՄՆ-ի, Գերմանիայի և Հունգարիայի փորձը: Ընդ որում, ԱՄՆ-ի ընտրությունը պայմանավորված է համաշխարհային տնտեսական գործընթացներում նրա ունեցած դերակատարությամբ, իսկ Գերմանիայի և Հունգարիայի փորձը ներկայացուցչական է եվրոպական խոշոր և փոքր տնտեսությունների համար:
Նկատենք, որ ԱՄՆ–ն շեշտադրել է «անհապաղ ֆիսկալ աջակցությունը», Գերմանիան՝ «երաշխիքները և իրացվելիության ներարկման այլ գործիքները», իսկ Հունգարիան՝ «հետաձգումները»: Ընդ որում, աջակցության հարաբերական ծավալներով առանձնանում է Գերմանիան, որը գրանցել է բարձր ցուցանիշներ միաժամանակ 3 խումբ գործիքներով:
Աղյուսակ 1. COVID-19 ճգնաժամի հաղթահարման ֆիսկալ փաթեթի ծավալը ԱՄՆ–ում և որոշ եվրոպական երկրներում (ըստ 2020-ի ապրիլի 25-ին հրապարակված տվյալների)
2.1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ
2020-ին գործազրկության մակարդակը ԱՄՆ-ում կարող է գերազանցել Մեծ դեպրեսիայի տարիներին (1930-ական թվականներ) արձանագրված պիկը՝ 25 տոկոսը: Այդ մասին է վկայում այն, որ մարտ ամսվա վերջին շաբաթվա ընթացքում ավելի քան 6 մլն ամերիկացի դիմել է գործազրկության նպաստի համար: Նախքան այս ճգնաժամը ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է 1982-ին, երբ 1 շաբաթվա դիմումների քանակը գերազանցել է 695,000-ը:
Թեև համավարակի տարածումը կանխելուն միտված՝ Վաշինգտոնի առաջին որոշումները դժվար է գնահատել որպես արդյունավետ, այդուհանդերձ, պետք է արձանագրել, որ այն հաջողության է հասել ֆինանսական համակարգի կայունության պահպանման հարցում: Մարտին Դաշնային պահուստային համակարգը հայտարարեց, որ իր լիազորությունների սահմաններում անելու է ամեն ինչ տնտեսությանը աջակցելու և իրացվելիություն մատակարարելու համար: Այս առումով վճռական նշանակություն ունեցան հետևյալ երկու քայլերը. վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցնել մինչև 0.25 տոկոսի, ինչպես նաև ֆինանսական շուկաներից գնել մեծ ծավալի պետական և կորպորատիվ պարտատոմսեր:
Եվ այսպես, ԱՄՆ–ի կողմից ֆիսկալ տեսանկյունից ընդունվել է միջոցառումների մի փաթեթ, որի ծավալը գերազանցում է 3 տրլն դոլարը, և որում առավել շեշտադրվել է միջոցառումների «անհապաղ ֆիսկալ աջակցության» ուղղությունը: Այն ներառում է նպաստներ խոցելի խավերին, վարկեր և դրամաշնորհներ տնտեսավարող սուբյեկտներին, ինչպես նաև օժանդակություն առողջապահական համակարգին: Սենատոր Մ. Մաքքոննելը նկատում է, որ այս միջոցառումները հանդիսանում են պետական ներդրումներ, և դրանց ծավալը կարելի է համարել «պատերազմական»:
Աղյուսակ 2. COVID-19 ճգնաժամի հաղթահարման ֆիսկալ միջոցառումների
ծավալը ԱՄՆ–ում, ընդամենը՝ 3,060.9 մլրդ դոլար կամ ՀՆԱ–ի 14.285 տոկոսը
Միջոցառման համարը | Գումարի չափը | Աջակցության նպատակը | |
մլրդ դոլար | տոկոս ՀՆԱ–ում | ||
1. «Անհապաղ ֆիսկալ աջակցություն»` 1,939.9 մլրդ դոլար կամ ՀՆԱ–ի 9.054 տոկոսը | |||
1.1 | 669.0 | 3.122 | Աշխատավարձի պաշտպանության ծրագիր (Paycheck Protection Program), որը փոքր բիզնեսի համար նախատեսում է կառավարության կողմից երաշխավորված վարկեր |
1.2 | 600.0 | 2.800 | 1,200 դոլարի վճարում յուրաքանչյուր ամերիկացու, ում տարեկան եկամուտը չի գերազանցում 75,000 դոլարը, ինչպես նաև 500 դոլարի հատկացում՝ յուրաքանչյուր երեխայի հաշվով |
1.3 | 193.0 | 0.901 | Գործազրկության նպաստի բարձրացում՝ յուրաքանչյուր շաբաթվա հաշվով 600 դոլարի չափով` շահառուների կազմում ընդգրկելով նաև ֆրիլանսերներին |
1.4 | 117.0 | 0.546 | Օժանդակություն այն հիվանդանոցներին, որոնք ներգրավված են COVID-19-ով վարակված անձանց բուժման աշխատանքներում |
1.5 | 100.0 | 0.467 | Միջոցներ անվճար թեստավորման, խոշոր ձեռնարկությունների աշխատողների հարկադիր արձակուրդի մասնակի փոխհատուցման, ինչպես նաև գործազրկության ապահովագրության ռեժիմների ընդլայնման համար |
1.6 | 100.0 | 0.467 | Հավելյալ առողջապահական ծախսեր, որից 75 մլրդ-ը՝ հիվանդանոցներին, իսկ 25 մլրդ-ը՝ լրացուցիչ թեստավորմանը |
1.7 | 50.0 | 0.233 | Հարկային զիջումներ այն տնտեսավարողներին, որոնք չեն կրճատում աշխատողների թվաքանակը (ճգնաժամի ընթացքում վճարած աշխատավարձերի 50%-ի չափով) |
1.8 | 35.0 | 0.163 | Առողջապահական նպաստների համակարգում (Medicaid) կենտրոնական կառավարության մասնաբաժնի ավելացում 6.2 տոկոսային կետով |
1.9 | 32.0 | 0.149 | Դրամաշնորհներ ավիացիայի ոլորտին |
1.10 | 16.0 | 0.075 | Դեղագործական և բժշկական պարագաների ազգային ռազմավարական պաշարի ձևավորում |
1.11 | 15.5 | 0.072 | Լրացուցիչ ֆինանսավորում՝ սննդի օժանդակության (սննդի տալոններ) և երեխաների սնուցման ծրագրերի համար |
1.12 | 8.3 | 0.039 | Լրացուցիչ հատկացումներ տեղական իշխանություններին, որից 3 մլրդ-ը՝ պատվաստանյութի մշակման աշխատանքների ֆինանսավորման համար |
1.13 | 1.2 | 0.006 | Միջոցառումներ՝ կանխելու վարակի տարածումը զինված ուժերում |
1.14 | 2.9 | 0.014 | Օժանդակություն՝ այլ ուղղություններով |
2. «Հետաձգումներ»` 561.0 մլրդ դոլար կամ ՀՆԱ–ի 2.618 տոկոսը | |||
2.1 | 492.0 | 2.296 | 2020-ի մարտի 27-ից մինչև 2020-ի դեկտեմբերի 31-ը վճարման ենթակա աշխատավարձի (payroll) հարկերի գործատուի մասնաբաժնի հետաձգում |
2.2 | 69.0 | 0.322 | Ուսանողական վարկերի վճարումների կասեցում մինչև սեպտեմբերի 30-ը (առանց տույժերի) |
3. «Երաշխիքներ և իրացվելիության ներարկման այլ գործիքներ»՝
560.0 մլրդ դոլար կամ ՀՆԱ–ի 2.613 տոկոսը |
|||
3.1 | 500.0 | 2.333 | Արտոնյալ վարկավորում խոշոր բիզնեսի, այդ թվում՝ ավիաընկերությունների համար |
3.2 | 60.0 | 0.280 | Վարկեր փոքր բիզնեսին (այդ թվում՝ գյուղացիական տնտեսություններին)՝ ապահովված կառավարության երաշխիքներով |
Փորձենք հակիրճ մեկնաբանել Աղյուսակ 2-ի առավել ուշագրավ միջոցառումները:
1.1 միջոցառումը (669 մլրդ դոլար) կոորդինացվում է Փոքր բիզնեսի կառավարում (ՓԲԿ, Small Business Administration) պետական գործակալության կողմից: Վերջինս սահմանել է այն վարկային ինստիտուտների ցանկը, որոնք կարող են մասնակցել ծրագրի իրականացմանը: Ծրագիրը փոքր բիզնեսի համար առաջարկում է արտոնյալ վարկային ռեսուրսներ՝ 1 տոկոս տոկոսադրույքով: Ընդ որում, վարկերի այն մասը, որը ընկերությունների կողմից կօգտագործվի աշխատավարձերի, վարձակալական և հանրային ծառայությունների վճարների համար, կարող է ներվել ՓԲԿ-ի կողմից: Հատկանշական է նաև, որ այս ծրագրի շրջանակներում ընկերությունները ազատվում են վարկերը գրավով կամ երաշխիքով ապահովելու պարտավորությունից: Այս միջոցառումը ներառվել է «անհապաղ ֆիսկալ աջակցություն» խմբում, քանի որ փորձագետների գնահատմամբ՝ այլ հավասար պայմաններում ներվելու է այս գումարների մեծ մասը, եթե ոչ ամբողջը:
«Անհապաղ ֆիսկալ աջակցության» 1.2 միջոցառման (600 մլրդ դոլար) մասով հարկ է արձանագրել հետևյալը. եթե ընտանիքը բաղկացած է 4 անձից՝ ամուսիններ և 2 զավակ, ապա նպաստի չափը այդ ընտանիքի համար կկազմի 3,400 դոլար (2*1,200+2*500): Օժանդակությունը՝ առավել փոքր չափերով, գործում է նաև այն անձանց համար, որոնց տարեկան եկամուտը գտնվում է 75,000-99,000 դոլար միջակայքում:
1.3 միջոցառմամբ (193 մլրդ դոլար) գործազրկության ստանդարտ նպաստին գումարվում է 600 դոլար՝ յուրաքանչյուր շաբաթվա հաշվով: Սկզբնական շրջանում հանրապետական սենատորները մտավախություն էին հայտնում, որ այս փոփոխությունից հետո գործազրկության նպաստը կգերազանցի որոշ անձանց աշխատավարձը՝ դրդելով նրանց թողնել աշխատանքը և դառնալ գործազուրկ: Չնայած այս մտահոգություններին՝ սենատում ոչ մի դեմ քվե չարձանագրվեց:
1.4 միջոցառումը (117 մլրդ դոլար) միտված է աջակցելու առողջապահական համակարգին, որը այս օրերին աշխատում է իր կարողությունների ամբողջ ծավալով: Ընդ որում, այս գումարից 65 մրդ դոլարը կուղղվի հիվանդանոցների կողմից անհրաժեշտ սարքավորումների և պարագաների ձեռքբերմանը, իսկ մնացած մասը՝ բժիշկների, բուժքույրերի, մատակարարների և, առհասարակ, հիվանդանոցների անձնակազմի արտաժամյա աշխատանքի վարձատրմանը:
1.5 միջոցառումը (100 մլրդ դոլար) պարունակում է որոշ վիճահարույց դրույթներ: Մասնավորապես, որոշ ընկերությունների, որոնց անձնակազմի թվաքանակը չի գերազանցում 500-ը, պարտադրվում է աշխատողներին ուղարկել երկշաբաթյա վարձատրվող արձակուրդի: Մի կողմից, այսպիսի որոշումները տնտեսության բեռը թողնում են անփոփոխ՝ պարզապես այն տեղաշարժելով վարձու աշխատողներից դեպի բիզնեսներ: Մյուս կողմից, բիզնեսին պարտադրելու գործիքը անհամատեղելի է շուկայական տնտեսության կանոնների հետ բոլոր այն դեպքերում, երբ ռիսկերի բաշխումը կառավարության և տնտեսավարողների միջև անհամաչափ է:
1.7 միջոցառումը (50 մլրդ դոլար) տարածվում է այն կազմակերպությունների վրա, որոնք COVID-19 ճգնաժամի պատճառով ստիպված են եղել կասեցնել իրենց գործունեությունը կամ գրանցել են շրջանառության կորուստ՝ նախորդ տարվա համեմատ 50 տոկոսի չափով:
1.8 միջոցառման (35 մլրդ դոլար) մասով նշենք, որ Medicaid-ը պետական առողջապահական ծրագիր է, որը առաջարկում է անվճար բժշկական ապահովագրություն ցածր եկամուտներ ունեցող անձանց համար: Այն ֆինանսավորվում է դաշնային և նահանգային կառավարությունների միջոցներով: Նկատենք, որ նահանգային կառավարությունները որպես կանոն՝ իրականացնում են հավասարակշռված բյուջեի քաղաքականություն, ինչը էականորեն սահմանափակում է ճգնաժամին արձագանքելու հնարավորությունները: Հետևաբար, 6.2 տոկոսային կետով մեծացնելով դաշնային կառավարության հատկացումների մասնաբաժինը Medicaid համակարգում՝ փորձ է արվում ավելացնել նահանգային իշխանությունների գործողությունների «ազատության աստիճանը»:
Անցնելով «հետաձգումներին»՝ նշենք, որ համաձայն 2.1 միջոցառման՝ 2020-ի մարտի 27-ից մինչև 2020-ի դեկտեմբերի 31-ը վճարման ենթակա, բայց հետաձգված աշխատավարձի (payroll) հարկերի կեսը պետք է վճարվի մինչև 2021-ի ավարտը, իսկ մյուս կեսը՝ մինչև 2022-ի ավարտը: Նկատենք, որ աշխատավարձի (payroll) հարկեր վճարվում են նաև վարձու աշխատողների կողմից, բայց այս կարգավորումը վերաբերում է միայն գործատուներին:
2.2 միջոցառման շահառու ուսանողների թվաքանակը շուրջ 20 մլն է: Ընդ որում, ծրագրի գործողության ժամկետը սկսվում է մարտի 13-ից այն իմաստով, որ բոլոր այն վարկառուները, որոնք մարտի 13-ից հետո կատարել են վճարում, կարող են հետ պահանջել իրենց գումարները: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ 2.2 միջոցառումը տարածվում է միայն դաշնային ուսանողական վարկերի վրա, այսինքն՝ այն վարկերի, որ տրվել են դաշնային կառավարության, այլ ոչ թե մասնավոր առևտրային բանկերի կողմից:
Մնում է անդրադառնալ հակաճգնաժամային միջոցառումների երրորդ խմբին՝ «երաշխիքներին և իրացվելիության ներարկման այլ գործիքներին»: 3.1 և 3.2 միջոցառումները հիմնականում ենթադրում են վարկավորում՝ իրականացված մասնավոր առևտրային բանկերի միջոցներով, բայց ապահովված կառավարության երաշխիքներով: Այս վարկերը ուղղված են և՛ խոշոր բիզնեսին, և ՓՄՁ-ներին: Մասնագետները, սակայն, գտնում են, որ ԱՄՆ կառավարությունը ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի ՓՄՁ-ների ֆինանսավորմանը, քանի որ ի տարբերություն խոշոր բիզնեսի՝ նրանց համար կապիտալի միջազգային շուկաները հասանելի չեն: Նշենք նաև, որ որոշ դեպքերում (օրինակ՝ ավիաընկերությունների մասով) ԱՄՆ կառավարությունը շրջանցել է ֆինանսական միջնորդների ծառայությունները՝ ուղղակիորեն ձեռքբերելով խնդրահարույց ընկերությունների բաժնետոմսերը կամ պարտատոմսերը (նման գործողությունները տնտեսագիտական գրականությունում հայտնի են որպես bailout):
2.2. Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
2020-ին Գերմանիայում կանխատեսվում է տնտեսական անկում՝ առաջին անգամ 2009-ից ի վեր: Կախված կարանտինի տևողությունից՝ անկումը կարող է կազմել 3-10 տոկոս: Առավել սահուն «վայրէջք» ապահովելու նպատակով Բեռլինը ստիպված է հրաժարվել իր նախընտրած հավասարակշռված բյուջեի քաղաքականությունից, որը տնտեսագիտական շրջանակներում հայտնի է որպես «սև զրո» (“black zero”): Մասնավորապես, նախատեսվում է պետական պարտքը ավելացնել 156 մլրդ եվրոյով՝ այդպիսով շուրջ 100 մլրդ եվրոյով գերազանցելով պարտքի վերին թույլատրելի շեմը: Սակայն քանի որ Գերմանիայի կառավարությունը այս իրավիճակը գնահատում է որպես արտակարգ, հետևաբար, ըստ Հիմնական օրենքի (Grundgesetz) 115-րդ հոդվածի 6-րդ կետի, պետական պարտքի սահմանափակման խախտումը իրավաչափ է:
«Մենք անում ենք ամեն բան, ինչ անհրաժեշտ է», – հայտարարում է կանցլեր Ա. Մերկելը, ով առաջնորդել է երկիրը նաև 2008-ի ճգնաժամի ընթացքում: Նկատենք, որ Գերմանիայի կառավարության «ագրեսիվ և համարձակ» քաղաքականությունը՝ չեզոքացնելու COVID-19 ճգնաժամի հետևանքները, հնարավոր է դարձել վերջին տարիներին իրականացված կոնսերվատիվ հարկաբյուջետային քաղաքականության շնորհիվ:
Աղյուսակ 3. COVID-19 ճգնաժամի հաղթահարման
ֆիսկալ միջոցառումների ծավալը Գերմանիայում,
ընդամենը՝ 2,058.0 մլրդ եվրո կամ ՀՆԱ–ի 59.899 տոկոսը
Միջոցառման համարը | Գումարի չափը | Աջակցության նպատակը | |
մլրդ եվրո | տոկոս ՀՆԱ–ում | ||
1. «Անհապաղ ֆիսկալ աջակցություն»` 236.0 մլրդ եվրո կամ ՀՆԱ–ի 6.869 տոկոսը | |||
1.1 | 100.0 | 2.911 | COVID-19 ճգնաժամից տուժած ընկերությունների կապիտալիզացիայի բարձրացում` ընդհուպ մինչև կառավարության կողմից փայաբաժինների ձեռքբերման ճանապարհով (իրագործվում է Տնտեսական կայունացման հիմնադրամի (Economic Stabilisation Fund) միջոցով) |
1.2 | 55.0 | 1.601 | Համավարակի վերահսկման հետագա միջոցառումներ |
1.3 | 50.0 | 1.455 | Ուղղակի դրամաշնորհներ տուժած միկրոձեռնարկություններին և անհատ ձեռնարկատերերին |
1.4 | 10.0 | 0.291 | Դրամաշնորհներ այն կազմակերպություններին, որոնք չեն կրճատում աշխատողների թվաքանակը |
1.5 | 7.7 | 0.224 | Գործազրկության և երեխաների նպաստներ, ինչպես նաև նպաստներ ինքնազբաղվածներին |
1.6 | 5.0 | 0.146 | Առողջության ապահովագրության ընկերություններին |
1.7 | 3.5 | 0.102 | Արտակարգ միջոցառումներ՝ պաշտպանիչ դիմակների և կոստյումների ձեռքբերում, պատվաստանյութի ստեղծման աշխատանքների իրականացում, արտերկրում գտնվող գերմանացի տուրիստների վերադարձի կազմակերպում |
1.8 | 2.8 | 0.081 | Հիվանդանոցների կորուստների փոխհատուցում |
1.9 | 2.0 | 0.058 | start-up-ների, նոր տեխնոլոգիական ընկերությունների և փոքր բիզնեսի ֆինանսավորում՝ վենչուրային կապիտալի ընդլայնման ճանապարհով |
2. «Հետաձգումներ»՝ 500.0 մլրդ եվրո կամ ՀՆԱ–ի 14.552 տոկոսը | |||
2.1 | 430.0 | 12.515 | Հետաձգումներ անուղղակի հարկերի և սոցիալական վճարների գծով |
2.2 | 70.0 | 2.037 | Հետաձգումներ շահութահարկի գծով
|
3. «Երաշխիքներ և իրացվելիության ներարկման այլ գործիքներ»՝
1,322.0 մլրդ եվրո կամ ՀՆԱ–ի 38.478 տոկոսը |
|||
3.1 | 822.0 | 23.925 | Վարկերի երաշխավորում և սուբսիդավորում՝ KfW պետական ներդրումային բանկի միջոցով |
3.2 | 400.0 | 11.642 | Երաշխիքների տրամադրում՝ Տնտեսական կայունացման հիմնադրամի (Economic Stabilisation Fund) միջոցով |
3.3 | 100.0 | 2.911 | Խոշոր KfW վարկերի վերաֆինասավորում |
Փորձենք հակիրճ մեկնաբանել Աղյուսակ 3-ի առավել ուշագրավ միջոցառումները:
1.1 միջոցառմամբ (100 մլրդ եվրո) նախատեսված գործողություններով Գերմանիայի կառավարությունը կրկնում է այն քայլերը, որ իրականացրել է 2008-2009թթ. ճգնաժամի ընթացում: Մասնավորապես, նախատեսվում է կատարել ներդրումներ այն ընկերությունների բաժնետիրական կապիտալում, որոնք կանգնել են լուրջ ֆինանսական բարդությունների առջև: Ըստ ֆինանսների նախարար Օ. Շոլցի՝ սա կայունության հաստատման լավագույն տարբերակն է: Մասնագետները գտնում են, որ կառավարությունը պետք է հստակեցնի նաև այն ժամկետները, որոնց ընթացքում ձեռք բերված ակտիվները կրկին կվերադարձվեն մասնավոր հատվածին:
1.2 միջոցառումը (55 մլրդ եվրո) ներկայացնում է այն պահուստային (բուֆերային) գումարը, որ Գերմանիայի կառավարությունը առանձնացրել է ոչ ցանկալի զարգացումների համար: Այն միտված է բուժհաստատությունների կարողությունների ավելացմանը, ինչի անհրաժեշտությունը բխում է հիվանդների թվաքանակի աճի դինամիկայից: Առողջապահական համակարգի կայունությանն է միտված նաև 1.8 միջոցառումը (2.8 մլրդ եվրո), որով նախատեսվում է փոխհատուցել հիվանդանոցների կորուստները:
1.3 միջոցառմամբ (50 մլրդ եվրո) նախատեսվում է աջակցել այն տնտեսավարողներին, որոնց համար ֆինանսական շուկաները և բանկային համակարգը հասանելի չեն: Մինչև 9,000 եվրո մեկանգամյա դրամաշնորհ ստանում են անհատ ձեռնարկատերերը և առավելագույնը 5 աշխատող ունեցող միկրոձեռնարկությունները, եթե վերջիններիս ֆինանսական խնդիրները ի հայտ չեն եկել մինչև 2020-ի մարտ ամիսը: Իսկ 6-10 աշխատող ունեցող միկրոձեռնարկությունները կարող են հավակնել մինչև 15,000 եվրո դրամաշնորհներին:
Անցնելով «հետաձգումներին»՝ նշենք, որ 2.1 միջոցառման՝ անուղղակի հարկերի հետաձգումների կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունի ԱԱՀ արձակուրդը, որի մասով Գերմանիայի կառավարությունը ընդունել է երկու որոշում: Առաջին, 2019-ի ԱԱՀ-ի վճարման վերջնաժամկետը հետաձգվել է մինչև 2020-ի մայիսի 31-ը: Երկրորդ, տնտեսավարողները մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը կարող են ներկայացնել դիմում 2020-ի ԱԱՀ-ի վճարումը հետաձգելու համար: Դիմումում տնտեսավարողը պետք է պարզաբանի այն հանգամանքները, որոնց պատճառով վատթարացել է իր կատարողականը: Եթե այդ հանգամանքները ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում են COVID-19 ճգնաժամի հետ, ապա տնտեսավարողների պահանջը կբավարարվի:
Ինչ վերաբերում է 2.2 միջոցառմանը՝ ուղղակի հարկերի հետաձգումներին, ապա կառավարությունը այս գործիքով չի թիրախավորում կոնկրետ ոլորտներ կամ գործունեության տեսակներ: Ձեռնարկությունների ընտրությունը պետք է կատարվի նրանց ներկայացրած դիմումների հիման վրա: Նշենք նաև, որ էական հետաձգումներ են նախատեսվում շահութահարկի կանխավճարների գծով:
Մնում է անդրադառնալ հակաճգնաժամային միջոցառումների երրորդ խմբին՝ «երաշխիքներին և իրացվելիության ներարկման այլ գործիքներին»: 3.1 միջոցառումը ենթադրում է մեղմել KfW-Unternehmerkredit (բիզնես վարկեր գոյություն ունեցող ընկերություններին) և ERP-Gruenderkredit-Universell (start-up վարկեր այն ընկերություններին, որոնք գործում են առավելագույնը 5 տարի) վարկերի պայմանները՝ դրանց գործողությունը տարածելով նաև խոշոր ընկերությունների վրա, որոնց շրջանառությունը հասնում է մինչև 2 մլրդ եվրոյի (մինչև ճգնաժամը այս սահմանաչափը կազմում էր 500 մլն եվրո):
3.2 միջոցառմամբ նախատեսվում է կրկնապատկել երաշխիքի սահմանաչափը՝ հասցնելով մինչև 2.5 մլն եվրոյի: Երաշխիքների տրամադրման գործընթացում իրենց մասնակցությունը կունենան նաև մասնավոր կառույցները (Buergschaftsbanken), որոնց գործառնական ռեսուրսների առավելագույն սահմանաչափը 35 տոկոսից կբարձրացվի մինչև 50 տոկոս: Իրացվելիության ներարկումը արագացնելու նպատակով Գերմանիայի կառավարությունը թույլատրում է այս կառույցներին կայացնել ինքնուրույն և արագ (երեք օրվա ընթացքում) որոշումներ մինչև 250,000 եվրո պահանջների դեպքում:
3.3 միջոցառումը ներառում է այսպես կոչված KfW-Loan-for-Growth վարկերը, որոնք ուղղված են խոշոր ընկերությունների իրացվելիության պահանջարկի բավարարմանը: Նախատեսվում է գործող 2 մլրդ եվրո սահմանաչափը բարձրացնել մինչև 5 մլրդ եվրոյի, ինչպես նաև ընդլայնել թիրախային ոլորտները (նախկինում այս վարկային ռեսուրսները տարածվում էին միայն նորարարությունների և թվային տեխնոլոգիաների ոլորտներում գործող ընկերությունների վրա):
Այսպիսով, Գերմանիայի կողմից ընդունված 2 տրլն եվրոն գերազանցող միջոցառումների փաթեթում առավել շեշտադրված է «երաշխիքներ և իրացվելիության ներարկման այլ գործիքներ» ուղղությունը:
2.3. Հունգարիա
COVID-19 ճգնաժամը մեծ հարված է հասցրել Հունգարիայի տնտեսությանը, քանի որ վերջինս սերտորեն ինտեգրված է միջազգային արժեշղթաներին և մատակարարման շղթաներին: Կառավարությունը մարտի 11-ին երկրում հայտարարեց արտակարգ դրություն և ձեռնարկեց համավարակի տարածումը կանխող մի շարք միջոցառումներ: Ապրիլի 8-ին հակաճգնաժամային միջոցառումների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ձևավորվեցին երկու հիմնադրամներ՝ Հակահամաճարակային պաշտպանության հիմնադրամը և Տնտեսության պաշտպանության հիմնադրամը: Վերջիններիս ֆինանսական ռեսուրսները ձևավորվել են հիմնականում նախարարությունների բյուջեների վերաբաշխումների հաշվին:
Աղյուսակ 4. COVID-19 ճգնաժամի հաղթահարման
ֆիսկալ միջոցառումների ծավալը Հունգարիայում,
ընդամենը՝ 4,081.6 մլրդ ֆորինտ կամ ՀՆԱ–ի 8.724 տոկոսը
Միջոցառման համարը | Գումարի չափը | Աջակցության նպատակը | |
մլրդ ֆորինտ | տոկոս ՀՆԱ–ում | ||
1. «Անհապաղ ֆիսկալ աջակցություն»` 208.6 մլրդ ֆորինտ կամ ՀՆԱ–ի 0.446 տոկոսը | |||
1.1 | 178.1 | 0.381 | Տնտեսական գործունեության որոշ տեսակների համար հարկերի և սոցիալական վճարների չեղարկում 2020-ի մարտ-հունիս ամիսների կտրվածքով |
1.2 | 18.4 | 0.039 | Որոշ փոքր ձեռնարկությունների համար հարկերի չեղարկում 2020-ի մարտ-հունիս ամիսների կտրվածքով |
1.3 | 12.0 | 0.026 | Տուրիզմի զարգացման վճարի չեղարկում 2020-ի մարտ-հունիս ամիսների կտրվածքով |
1.4 | 0.1 | 0.000 | Ժամկետանց հարկային պարտավորությունների տույժերի չեղարկում |
2. «Հետաձգումներ»՝ 3873.0 մլրդ ֆորինտ կամ ՀՆԱ–ի 8.278 տոկոսը | |||
2.1 | 3,873.0 | 8.278 | Վարկային մորատորիում բոլոր սպառողական և բիզնես վարկերի համար մինչև 2020-ի դեկտեմբերի 31-ը |
3. «Երաշխիքներ և իրացվելիության ներարկման այլ գործիքներ»՝ 0 ֆորինտ |
Փորձենք հակիրճ մեկնաբանել Աղյուսակ 4-ի առավել ուշագրավ միջոցառումները:
1.1 միջոցառումը տարածվում է հետևյալ ոլորտների վրա՝ տուրիզմ, հյուրանոցային բիզնես, զվարճություններ, սպորտ, մշակույթ, կինոինդուստրիա, ուղևորափոխադրումներ: Ընդ որում, ժամանակավորապես չեղարկվում են և՛ գործատուների, և՛ աշխատողների հարկերը: Մասնավորապես, մարտ-հունիս ամիսների կտրվածքով գործատուները ազատվում են սոցիալական վճարներից (դրույքաչափը՝ 17.5 տոկոս), իսկ աշխատողները՝ կենսաթոշակային հատկացումներից (դրույքաչափը՝ 10 տոկոս), բժշկական ապահովագրության վճարներից (դրույքաչափը՝ 7 տոկոս):
1.2 միջոցառման բյուջեում 2.1 մլրդ ֆորինտը վերաբերում է տաքսու վարորդներին, ովքեր 4 ամիսների կտրվածքով ազատվում են հարկից: Այս գումարը գնահատվել է հետևյալ կերպ. երկրում կան շուրջ 10,500 տաքսու վարորդներ, որոնցից յուրաքանչյուրը ամսական միջին հաշվով վճարում է 50,000 ֆորինտ, հետևաբար՝ 10,500*50,000*4: Մնացած 16.3 մլրդ ֆորինտը վերաբերում է շուրջ 81,000 փոքր ձեռնարկատերերի, որոնցից յուրաքանչյուրը նույնպես ամսական միջին հաշվով վճարում է 50,000 ֆորինտ հարկ:
1.3 միջոցառման ֆինանսական արժեքը գնահատելիս նկատի է առնվել այն հանգամանքը, որ Հունգարիայի կառավարությունը տուրիզմի զարգացման վճարներով 2020-ին ակնկալում էր հավաքագրել շուրջ 36 մլրդ ֆորինտ: Հետևաբար 4 ամիսների կտրվածքով (մարտ-հունիս) հարկերի չեղարկման հետևանքով պետական բյուջեի եկամուտները կնվազեն շուրջ 12 մլրդ ֆորինտով:
Համաձայն 2.1 միջոցառման՝ բոլոր սպառողական և բիզնես վարկերի գծով հայտարարվում է վարկային արձակուրդ (հետաձգում) մինչև 2020-ի դեկտեմբերի 31-ը: Ընդ որում, նախանշված գումարից 450 մլրդ ֆորինտը ներկայացնում է տոկոսները, իսկ 3,423 մլրդ-ը՝ մայր գումարը: Հունգարիայի բանկերի միությունը հայտարարել է, որ երկրի ֆինանսական կայունությունը չի տուժի, քանի դեռ բանկային համակարգի իրացվելիությունը գերազանցում է 13,000 մլրդ ֆորինտը: Բացի այդ, քննարկվում է 2021-ի հունվարի 1-ից բանկերին հարկերից ազատելու հնարավորությունը:
Այսպիսով, Հունգարիայի կառավարությունը իր 4 տրլն ֆորինտը գերազանցող միջոցառումների փաթեթում հիմնական շեշտադրումը կատարել է «հետաձգումներ» ուղղության վրա:
- COVID-19 ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
COVID-19 ճգնաժամի հաղթահարման միջոցառումների ուսումնասիրման շրջանակում դիտարկվել են նաև Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և ՀՀ հարևան երկրների կառավարությունների կողմից ձևավորված ֆիսկալ փաթեթները: Աղյուսակ 5-ը ներկայացնում է վերը նշված երկրների անվանական ՀՆԱ-ն (տեղական արժույթով և դոլարով), ինչպես նաև ընդհանուր ֆիսկալ աջակցության ծավալը՝ արտահայտված անվանական ՀՆԱ-ի նկատմամբ: Սույն վերլուծությունում ուսումնասիրվել են Ռուսաստանի և Հայաստանի փորձը: Ռուսաստանի՝ ԵԱՏՄ-ի ամենախոշոր տնտեսության հակաճգնաժամային փաթեթի վերլուծությունը կարևոր է, քանի որ այն ունի անմիջական ազդեցություն Հայաստանի և տարածաշրջանի մյուս երկրների տնտեսական զարգացումների վրա:
Նկատենք, որ 2 երկրներն էլ առանձնանում են «համեստ» հակաճգնաժամային փաթեթներով: Մասնավորապես, Հայաստանը տարածաշրջանում զբաղեցնում է նախավերջին տեղը՝ գերազանցելով միայն Թուրքիային:
Աղյուսակ 5. COVID-19 ճգնաժամի հաղթահարման ֆիսկալ
փաթեթի ծավալը Ռուսաստանում, Հայաստանում և որոշ զարգացող
երկրներում (ըստ 2020-ի ապրիլի 29-ին հրապարակված տվյալների),
3.1. Ռուսաստանի Դաշնություն
Ռուսաստանի իշխանությունները սկսեցին ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ բավական վաղ՝ 2020-ի հունվարից: Խնդիրն այն է, որ երկիրը ունի անմիջական սահման Չինաստանի հետ, որտեղ վարակը հայտնաբերվել է առաջինը: Հունվարի 31-ի դրությամբ այդ սահմանի 25 անցակետերից 16-ը Ռուսաստանի կառավարության որոշմամբ արդեն փակ էին: Սրան հաջորդեցին եվրոպական երկրների հետ սահմանների փակման որոշումները: Այնուհետև կառավարությունը վճռեց փակել դպրոցները, թատրոնները մարզասրահները և խրախուսել հեռավար աշխատանքը:
Մարտի 30-ին նախագահ Վ. Պուտինը երկրում հայտարարեց համատարած կարանտին, ինչը ենթադրում է, որ պետք է ժամանակավորապես կասեցվեին բիզնես գործունեության այն տեսակները, որոնք բնակչության համար կենսականորեն անհրաժեշտ չեն: Նպատակը մարդկանց տեղաշարժը և շփումները սահմանափակելն էր և համավարակի տարածումը վերահսկելի դարձնելը:
Երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը ավելի լարվեց այն պահին, երբ COVID-19 ճգնաժամին գումարվեցին նավթի գների անկումը և ֆինանսական շուկաների անկայունությունը: Ռուսաստանի հիմնական «հաղթաթուղթը»՝ հակազդելու այս խնդիրներին, ոսկու և արտարժույթի պահուստներն են, որոնք կազմում են շուրջ 565 մլրդ դոլար: Զարգացումների հոռետեսական սցենարների դեպքում կառավարությունը մտադիր է օգտագործել այս «անվտանգության բարձիկը» երկու ուղղություններով: Առաջին, դիմագրավել նավթի ցածր գների ֆիսկալ հետևանքներին, և երկրորդ, «փրկել» բիզնեսին՝ bailout գործառնությունների միջոցով:
«Եվրասիա» միջազգային խորհրդատվական խմբի նախագահ Ք. Կապչանի կարծիքով՝ Ռուսաստանի տնտեսությունը չի «խորտակվի» ավելի շատ, քան մյուսները: Խնդիրն այն է, որ Ռուսաստանի կառավարության գործողությունների «ֆիսկալ տարածությունը» բավականաչափ լայն է՝ շնորհիվ նախորդ տարիներին իրականացված կոնսերվատիվ հարկաբյուջետային քաղաքականության:
Աղյուսակ 6. COVID-19 ճգնաժամի հաղթահարման ֆիսկալ միջոցառումների ծավալը ՌԴ–ում, ընդամենը՝ 2,311.0 մլրդ ռուբլի կամ ՀՆԱ–ի 2.1 տոկոսը
Միջոցառման համարը | Գումարի չափը | Աջակցության նպատակը | |
մլրդ ռուբլի | տոկոս ՀՆԱ–ում | ||
1. «Անհապաղ ֆիսկալ աջակցություն» | |||
1.1 | 33.4 | 0.030 | Միջոցների հատկացում 77 շրջանների COVID-19-ով հիվանդների համար մահճակալների և հանդերձանքի ձեռքբերման նպատակով |
1.2 | 23.0 | 0.021 | Պահուստային ֆոնդից միջոցների հատկացում COVID-19-ին առնչվող պարագաների ձեռքբերման համար |
1.3 | 11.8 | 0.011 | Բոնուսներ COVID-19-ով վարակված անձանց բուժման աշխատանքներում ներգրավված բուժաշխատողների համար |
1.4 | 8.8 | 0.008 | Միջոցների հատկացում պաշտպանության նախարարությանը զինվորական անձնակազմի համար ինֆեկցիոն հիվանդանոցների կառուցման համար |
1.5 | 1.4 | 0.001 | Պահուստային ֆոնդից միջոցների հատկացում COVID-19-ի պատվաստանյութի և դեղամիջոցների մշակման աշխատանքների համար |
1.6 | Տեղեկատվություն չկա | Նպաստներ կարանտինում գտնվող և ինքնամեկուսացած անձանց Սոցիալական ապահովագրության հիմնադրամի միջոցներով | |
1.7 | Տեղեկատվություն չկա | Նպաստ մինչև 3 տարեկան այն երեխաներին, որոնց ընտանիքները ունեն մայրական կապիտալի իրավունք (տրվում է 3 ամսով, յուրաքանչյուր ամիս՝ 3000 ռուբլի) | |
1.8 | Տեղեկատվություն չկա | Նպաստ հարկադիր արձակուրդում գտնվող անձանց՝ առնվազն նվազագույն աշխատավարձի չափով, մինչև 2020-ի ավարտը | |
1.9 | Տեղեկատվություն չկա | Գործազրկության նպաստի հավասարեցում նվազագույն աշխատավարձին, մինչև 2020-ի ավարտը | |
1.10 | Տեղեկատվություն չկա | ՓՄՁ-ների պարագայում նվազագույն աշխատավարձը գերազանցող աշխատավարձերից վճարվող սոցիալական հատկացումների դրույքաչափի իջեցում 30-ից 15 տոկոսի | |
1.11 | Տեղեկատվություն չկա | Տուրիստական ընկերությունների կողմից տուրիզմի ոլորտի պահուստային ֆոնդին կատարվող հատկացումների չեղարկում | |
1.12 | Տեղեկատվություն չկա | Վերակապիտալիզացիա (կառավարության աջակցությունը՝ միտված տնտեսավարողի կապիտալի մակարդակի բարելավմանը) այն լիզինգային ընկերությունների համար, որոնց հաճախորդները բախվել են խնդիրների COVID-19-ի պատճառով | |
2. «Հետաձգումներ» | |||
2.1 | Տեղեկատվություն չկա | ՓՄՁ-ների և որոշ տուժած ոլորտների համար հարկային արձակուրդ մինչև մայիսի 1-ը (տուրիզմ, ավիացիա, սպորտ, արվեստ, մշակույթ, կինոթատրոններ), ինչպես նաև 6 ամսյա արձակուրդ սոցիալական վճարներից | |
2.2 | Տեղեկատվություն չկա | ՓՄՁ-ների սոցիալական վճարների 6 ամսով հետաձգման հնարավորություն | |
3. «Երաշխիքներ և իրացվելիության ներարկման այլ գործիքներ» | |||
3.2 | 70.0 | 0.06 | Վարկեր՝ շրջանների պարտքի վերակառուցման համար |
3.3 | Տեղեկատվություն չկա | Տոկոսների սուբսիդավորում ՓՄՁ-ներին տրված վարկերի համար | |
3.4 | Տեղեկատվություն չկա | ՓՄՁ-ների վարկերի երաշխավորում և սուբսիդավորում |
Անդրադառնանք առավել ուշագրավ միջոցառումներին:
1.2 միջոցառման (23 մլրդ ռուբլի) մասով պետք է նկատել, որ գումարի զգալի մասը ուղղվել է բժշկական և դեղագործական պարագաների արտադրության նոր կարողությունների ձևավորմանը: «Մենք խրախուսում ենք տեղական արտադրողներին մասնագիտանալու այնպիսի ապրանքների արտադրությունում, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսին դիմագրավելու համար»,- նշում է վարչապետ Մ. Միշուստինը՝ ընդգծելով, որ կառավարությունը կհանդիսանա այդ արտադրանքի հիմնական գնորդներից մեկը:
1.3 միջոցառման (11.8 մլրդ ռուբլի) ֆինանսավորման աղբյուրը ՌԴ կառավարության պահուստային ֆոնդն է: Այս գումարից 10.2 մլրդ-ը տրամադրվել է առողջապահության նախարարությանը՝ բուժաշխատողների արտաժամյա աշխատանքը խրախուսելու նպատակով: Իսկ 1.6 մլրդ-ը հատկացվել է Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությանը (Роспотребнадзор)՝ արտակարգ ռեժիմով աշխատող այլ անձանց համար խրախուսական վճարներ սահմանելու համար:
1.4 միջոցառման (8.8 մլրդ ռուբլի) մասով պաշտպանության նախարար Ս. Շոյգուն նշել է, որ այս գումարներով պլանավորվում է զինված ուժերի համար կառուցել 16 նոր բժշկական կենտրոններ, որոնք պետք է ունենան տարածքային լայն բաշխվածություն՝ Կալինինգրադից մինչև Կամչատկայի Պետրոպավլովսկ: Բացի այդ, նաև սահմանափակվել են այցելությունները ժամկետային զինծառայողներին:
1.5 միջոցառման (1.4 մլրդ ռուբլի) գումարները տրվել են Նովոսիբիրսկի համաճարակաբանական լաբորատորիաներին, մասնավորապես՝ «Վեկտոր» բժշկական հետազոտությունների կենտրոնին՝ COVID-19-ի պատվաստանյութի ստեղծման աշխատանքների համար: Որոշ տեղեկություններով՝ «Վեկտորի» գիտնականները արդեն ունեն պատվաստանյութի 13 տարբերակ, որոնց փորձարկման արդյունքները կներկայացվեն հունիսին:
Վերջում անդրադառնանք ևս մեկ ուշագրավ միջոցառման, որը ներառված չէ Աղյուսակ 6-ում, քանի որ նախաձեռնողը ոչ թե կառավարությունն է, այլ կենտրոնական բանկը: Այս միջոցառման շրջանակներում՝ ՌԴ կենտրոնական բանկը ձևավորել է 500 մլրդ ռուբլի ծավալով վերաֆինանսավորման նոր մեխանիզմ, որով բանկերին տրվելու են ֆինանսական ռեսուրսներ՝ տարեկան 4 տոկոս Տոկոսադրույքով: Այդ ռեսուրսները նախատեսված են ՓՄՁ–ներին վարկավորելու և այդպիսով տնտեսական ակտիվության կրճատումը զսպելու համար: Ընդ որում, այս գումարից 150 մլրդ–ը նախատեսված է ֆինանսավորելու աշխատավարձերի վճարումը ՓՄՁ–ների կողմից:
3.2. Հայաստանի Հանրապետություն
2020 թվականի մարտի 16-ին ՀՀ կառավարությունը, ելնելով COVID-19 համավարակի տարածման մտահոգիչ տեմպերից, երկրում հայտարարեց արտակարգ դրություն: Ներդրվեցին այնպիսի խիստ սահմանափակումներ, ինչպիսիք են տուրիստական հոսքերի արգելափակումը, դպրոցները և բարձրագույն ուսումնական հաստատությունները փակելու որոշումը և ուսումնական գործընթացի տեղափոխումը առցանց հարթակներ, անձանց տեղաշարժի սահմանափակումները և այլն: Բացի այդ, սահմանվեցին խիստ տուգանքներ այն անձանց համար, ովքեր արտակարգ դրության ժամանակ կխախտեին մեկուսացման կանոնները: Հետագայում արտակարգ դրությունը երկարացվեց մինչև մայիսի 14-ը:
Համավարակի սոցիալ–տնտեսական հետևանքների հաղթահարման նպատակով ՀՀ կառավարությունը հանդես եկավ հակաճգնաժամային ծրագրով, որը նախատեսում է ֆինանսական ներարկումներ՝ շուրջ 150 մլրդ դրամի չափով (ՀՆԱ–ի 2.29 տոկոսը): Աջակցության փաթեթի հիմնական ուղղություններն են՝
- 25 մլրդ դրամ (ՀՆԱ–ի38 տոկոսը)՝ տնտեսական ծրագրերի համար,
- 25 մլրդ դրամ (ՀՆԱ–ի38 տոկոսը)՝ սոցիալական ծրագրերի համար,
- 80 մլրդ դրամ (ՀՆԱ–ի22 տոկոսը)՝ երկարաժամկետ զարգացման ծրագրերի համար,
- 20 մլրդ դրամ (ՀՆԱ–ի31 տոկոսը)՝ պահուստային միջոցներ՝ անհրաժեշտ վերաբաշխումների համար:
«Այս փաթեթի խորքային նպատակը տնտեսությանը և հանրությանը ավելի մրցունակ դարձնելն է, այլ ոչ թե գոյապայքարը», – հայտարարեց ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը կառավարության՝ ս. թ. մարտի 26-ի նիստի ժամանակ: Իր հարցազրույցներից մեկում մեկնաբանելով այս մոտեցումը՝ տնտեսագետ, նախկին փոխվարչապետ Վ. Գաբրիելյանը նկատում է, որ «մինչև երկարատև հեռանկարին հասնելը անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ անմիջական հեռանկարի համար»: Այս իմաստով ակնհայտ է, որ հակաճգնաժամային միջոցառումների հաջողությունը կախված է նրանից, թե արդյո՞ք կառավարությանը կհաջողվի արդյունավետ կերպով համադրել սոցիալական, տնտեսական և զարգացման նպատակները:
Հարկ է նկատել, որ հասարակական համակարգերում սոցիալական և տնտեսական խնդիրները սերտորեն փոխկապակցված են: Այսպես, խոցելի սոցիալական իրավիճակը «ճնշում» է ամբողջական պահանջարկը դեպի ներքև, ինչի արդյունքում նվազում է տնտեսավարողների շահութաբերությունը: Մյուս կողմից՝ ցածր տնտեսական ակտիվությանը հաջորդում է աշխատուժի պահանջարկի և զբաղվածության անկումը, ինչը մեծացնում է սոցիալական լարվածությունը:
Եթե տնտեսական ծրագրերը միտված են պահպանելու թույլ պահանջարկի պատճառով տուժած բիզնեսների իրացվելիությունը և վճարունակությունը, ապա սոցիալական ծրագրերը առնչվում են ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիների կենսական խնդիրներին: Սոցիալական օժանդակությունը որպես կանոն անհատույց է, իսկ տնտեսական օժանդակությունը կարող է լինել և՛ անհատույց, և՛ փոխհատուցվող:
Աղյուսակ 7. COVID-19 ճգնաժամի հաղթահարման ֆիսկալ միջոցառումների ծավալը ՀՀ–ում, ընդամենը (պլանային) 150 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 2.29 տոկոսը
ա՝ ըստ 2020-ի ապրիլի 24-ին հրապարակված տվյալների,
բ՝ ըստ 2020-ի ապրիլի 30-ին հրապարակված տվյալների, գ՝ տրված է միջոցառման ընդհանուր բյուջեն, այլ ոչ թե փաստացի կատարողականը, դ՝ չկա տեղեկատվություն միջոցառման ո՛չ ընդհանուր բյուջեի, ո՛չ փաստացի կատարողականի վերաբերյալ |
||||
Միջոցառման համարը | Շահառուների քանակը | Գումարի չափը | Աջակցության նպատակը | |
մլն դրամ | տոկոս ՀՆԱ–ում | |||
1. «Անհապաղ ֆիսկալ աջակցություն»` 13,969 մլն դրամ կամ ՀՆԱ–ի 0.213 տոկոսը | ||||
5ա | 11,296 | 1,800.0 | 0.027 | Միանվագ դրամաշնորհ այն տնտեսավարողներին, որոնք հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատակից և նրանց վճարած աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում (բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպությունների, ներդրումային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչների և այլ նմանատիպ գործունեություն ծավալողների): Աջակցության չափը հավասար է տվյալ ընկերության միջին աշխատավարձի բազմապատիկին (առավելագույնը՝ տասնապատիկին)՝ հաշվարկված կոնկրետ բանաձևով: |
10ա | 2,365 | 141.7 | 0.002 | 2020-ի առաջին եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը) միանվագ դրամաշնորհ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին (բացի անհատ ձեռնարկատերերից): |
8ա | 86,522 | 6,000.0 | 0.092 | Միանվագ աջակցություն COVID-19-ի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին:
Տուժած են համարվում հետևյալ ոլորտները՝ 1) հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ, 2) հանրային սննդի ծառայություններ, 3) զբոսաշրջային ծառայություններ, 4) վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ, 5) մանրածախ առևտրի ծառայություններ: Աջակցության չափը տատանվում է նվազագույն աշխատավարձի և նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի միջակայքում: |
4ա | 2,093 | 209.3 | 0.003 | 100,000 դրամի չափով միանվագ նպաստ մինչև 14 տարեկան այն երեխաներին, որոնց ընտանիքը զրկվել է եկամտի աղբյուրից մարտի 13-ից մինչև մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում: |
9ա | 72,403 | 1,900.0 | 0.029 | 26,500 դրամի չափով միանվագ նպաստ մինչև 18 տարեկան այն երեխաներին, որոնց ծնողներից ոչ մեկը չի ունեցել գրանցված աշխատանք մարտի 12-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում: |
7ա | 8,751 | 875.0 | 0.013 | 100,000 դրամի չափով միանվագ նպաստ եկամտի աղբյուրից զրկված հղի կանանց: |
11ա | 450,827 | 786.0 | 0.012 | 2020-ի փետրվար ամսվա ընթացքում սպառված բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50 տոկոսի չափով միանվագ նպաստ ՀՀ այն քաղաքացիներին, որոնց այդ ամսվա ծախսը չի գերազանցել 10,000 դրամը՝ բնական գազի դեպքում, և 5,000 դրամը՝ էլեկտրական էներգիայի դեպքում: |
12ա | 486,434 | 1,800.0 | 0.027 | 2020-ի փետրվար ամսվա ընթացքում սպառված բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 30 տոկոսի չափով միանվագ նպաստ ՀՀ այն քաղաքացիներին, որոնց այդ ամսվա ծախսը կազմել է 10,001-30,000 դրամ՝ բնական գազի դեպքում, և 5,001-10,000 դրամ՝ էլեկտրական էներգիայի դեպքում: |
6ա | 6,723 | 457.0 | 0.007 | Նվազագույն աշխատավարձի չափով միանվագ նպաստ ՀՀ այն քաղաքացիներին, որոնք կորցրել են աշխատանքը մարտի 13-ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում: |
13դ | Տեղեկատվություն չկա | Միանվագ աջակցություն 2020 թվականի ապրիլի դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքներին՝ իրենց նպաստի 50 տոկոսի չափով: | ||
14դ | Տեղեկատվություն չկա | 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում՝ ավարտական կուրսի լավ սովորող ուսանողների համար, և 75 տոկոս փոխհատուցում՝ մյուս կուրսերի լավ սովորող ուսանողների համար, ինչպես նաև ուսումնական վարկերի սուբսիդավորում մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար: | ||
15գ | 1,000 | 200 | 0.003 | COVID-19-ի հետևանքով գոյացած սոցիալական դժվարությունների մեղմում՝ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծառատնկման աշխատանքներ կազմակերպելու և բնակչությանը այդ աշխատանքներին ներգրավելու միջոցով: Յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար բնակիչներին կտրամադրվի 50 դրամ: |
2. «Հետաձգումներ»՝ 0 դրամ | ||||
3. «Երաշխիքներ և իրացվելիության ներարկման այլ գործիքներ»`
38,200 մլն դրամ կամ ՀՆԱ–ի 0.583 տոկոսը |
||||
1բ | 296 | 24,900.0 | 0.380 | Օժանդակություն ՀՀ առանձին տնտեսավարողներին՝ նպատակային վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և տոկոսադրույքի սուբսիդավորման ձևերով:
Օժանդակության ձևերը կիրառելի են այն վարկերի համար, որոնք տրամադրվում են տնտեսավարողներին հետևյալ ծախսերի իրականացման նպատակով. 1) աշխատակիցների աշխատավարձի վճարումներ, 2) հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումներ, 3) հումքի գնում կամ ներմուծում, 4) սարքերի և սարքավորումների ներմուծում, 5) հանրային ծառայությունների վճարումներ, 6) առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծում: Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝ 1) արժույթը՝ ՀՀ դրամ, համաֆինանսավորման գործիքի դեպքում ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրվելիք մասը կարող է լինել նաև արտարժույթով, 2) ժամկետը՝ մինչև 24 ամիս, 3) մեկ տնտեսավարողի՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի առավելագույն գումարը՝ 500 մլն ՀՀ դրամին համարժեք, և մեկ տնտեսավարողի համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման առավելագույն գումարի չափերը չեն կարող գերազանցել՝ 250 մլն ՀՀ դրամը, 4) վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով, 5) առավելագույն փաստացի տոկոսադրույքը 0%-ից մինչև 6% տարեկան (6% – ից ոչ ավելի)՝ կախված կիրառվող օժանդակության գործիքի համար սույն միջոցառմամբ սահմանված կանոնից:
|
3ա | 430 | 4,800.0 | 0.073 | Օժանդակություն 24-500 մլն տարեկան շրջանառություն ունեցող տնտեսավարողներին՝ վարկի ապահովման ու տոկոսադրույքների սուբսիդավորման ձևերով:
Սույն միջոցառումը տարածվում է ՀՀ տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ վրա, որը ՀՀ տարածքում առևտրային գործունեություն է ծավալել առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում և ապահովում է ստորև թվարկված բոլոր չափանիշներին համապատասխանությունը՝ 1) հիմնական գործունեություն է ծավալում հետևյալ ոլորտներից որևէ մեկում՝ մշակող արդյունաբերություն, կացության և հանրային սննդի կազմակերպում, փոխադրումներ և պահեստային տնտեսություն, զբոսաշրջային ծառայություններ, սպասարկման այլ ծառայություններ, 2) 2019թ․ շրջանառությունը կազմել է նվազագույնը 24 մլն դրամ, առավելագույնը՝ 500 մլն դրամ, 3) 2019 թվականի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը պակաս չի եղել տարեկան շրջանառության գումարի 12%-ից, 4) 2019թ․ ընթացքում չի ունեցել ժամկետանց վարկային կամ հարկային պարտավորություններ և ժամանակին է հանձնել ՊԵԿ բոլոր հարկային հաշվետվությունները, 5) ըստ ԱՔՐԱ տեղեկատվության՝ ժամանակին է կատարել իր վարկային պարտավորությունները։ Օժանդակության շրջանակներում տրամադրվող վարկերի տոկոսները կկազմեն՝ առաջին տարում 0%, երկրորդ տարում 0%, երրորդ տարում՝ 12%: Իսկ մեկ տնտեսավարող սուբյեկտի վարկի առավելագույն չափը 50 մլն դրամ է, բայց ոչ ավելի, քան տնտեսավարող սուբյեկտի 2019թ. շրջանառության 10%-ը:
|
2բ | 6,729 | 8,500.0 | 0.130 | Գյուղատնտեսական վարկերի համաֆինանսավորում և տոկոսադրույքի սուբսիդավորում՝ ուղղված հետևյալ նպատակներին. ոռոգման արդիական համակարգերի ձևավորում, կարկտապաշտպան ցանցերի տեղադրում, տոհմային տավարաբուծության զարգացում, գյուղատնտեսական հումքի մթերումներ, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ: |
Աղյուսակ 7-ում ներկայացված են ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների հիմնական պարամետրերը: Նկատենք, որ ՀՀ կառավարության թվով 15 հակաճգնաժամային միջոցառումներից 5-ը (1, 2, 3, 5, 10) ունեն տնտեսական ուղղվածություն, մնացած 10-ը` սոցիալական: Տնտեսական 5 միջոցառումներից 2-ը (5, 10) հանդիսանում են «անհապաղ ֆիսկալ աջակցություն», քանի որ իրագործվում են միանվագ դրամաշնորհների միջոցով, որոնք անհատույց են և բացասաբար են անդրադառնում բյուջետային հաշվեկշռի վրա: Ընդ որում, «անհապաղ ֆիսկալ աջակցության» տնտեսական փաթեթը ՀՀ-ում թիրախավորում է փոքր բիզնեսին: Մասնավորապես, 5-րդ միջոցառումը այլ հավասար պայմաններում կիրառելի է 2-50 աշխատողներ ունեցող տնտեսավարողների համար, իսկ 10-րդ միջոցառումը՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտների համար:
Մյուս տնտեսական միջոցառումները (1, 2, 3) պետք է ներառել «երաշխիքներ և իրացվելիության ներարկման այլ գործիքներ» խմբում, քանի որ դրանք ենթադրում են կառավարության և մասնավոր առևտրային բանկերի համագործակցություն: Այդ համագործակցությունը կարող է դրսևորվել վարկերի համաֆինանսավորման, սուբսիդավորման կամ երաշխավորման (վարկերի համար երաշխիքի տրամադրման) տեսքով: Ընդ որում, 1-ին միջոցառումը ամենածավալունն է և միտված է ֆինանսավորելու վարկառու կազմակերպությունների կողմից աշխատակիցների աշխատավարձի, հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների, հանրային ծառայությունների վճարումները և այլն: 2-րդ միջոցառումը թիրախավորում է գյուղատնտեսությունը՝ ընդլայնելով այս ոլորտի վարկավորման գոյություն ունեցող ռեժիմները: Ինչ վերաբերում է 3-րդ միջոցառմանը, ապա դրանով վարկային ռեսուրսները այլ հավասար պայմաններում ուղղորդվում են դեպի այն տնտեսավարողները, որոնք գործում են COVID-19 ճգնաժամից տուժած ոլորտներում և ունեն 24-500 մլն դրամ տարեկան շրջանառություն:
Անցնելով սոցիալական բնույթի միջոցառումներին (4, 6, 7, 8, 9, 11, 12, 13, 14, 15)՝ նշենք, որ դրանք պետք է ներառել «անհապաղ ֆիսկալ աջակցության» խմբում, քանի որ, ինչպես արդեն նշվել է, սոցիալական ծրագրերը ենթադրում են այնպիսի անհատույց պետական ծախսեր, որոնք որպես կանոն չեն ազդում տնտեսության՝ եկամուտներ և հարկեր գեներացնելու կարողությունների վրա: ՀՀ կառավարության նախանշած՝ թվով 10 սոցիալական միջոցառումները թիրախավորում են հասարակության հետևյալ 7 խոցելի խմբերին՝
- անչափահաս երեխաներ, որոնց ընտանիքը զրկվել է եկամտի աղբյուրից,
- հղի կանայք, ովքեր զրկվել են եկամտի աղբյուրից,
- անձինք, ովքեր ունեն սոցիալական և ընտանեկան նպաստների իրավունք,
- անձինք, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը,
- տուժած ոլորտների վարձու աշխատողներ և անհատ ձեռնարկատերեր,
- անձինք, ովքեր կարող են բախվել խնդիրների՝ կապված կոմունալ վճարումների հետ,
- լավ սովորող ուսանողներ, ովքեր կարող են բախվել խնդիրների՝ կապված ուսման վարձերի վճարումների հետ:
Նկատենք, որ կառավարության սոցիալական աջակցությունը միանվագ է և, կախված կոնկրետ միջոցառումից, տատանվում է մինչև 136,000 դրամ (չհաշված «ուսանողական» միջոցառումը՝ 14-րդը):
Նշենք նաև, որ միակ միջոցառումը, որ սահմանային է սոցիալական և տնտեսական ուղղությունների միջև, 8-րդն է, որը նախատեսում է միանվագ նպաստ անհատ ձեռնարկատերերի և տուժած ոլորտների վարձու աշխատողների համար: Այն ինչ-որ առումով տնտեսական է, քանի որ աջակցության թիրախը անհատ ձեռնարկատերերն են և վարձու աշխատողները, ովքեր անմիջականորեն մասնակցում են տնտեսական գործընթացներին: Բայց պակաս ծանրակշիռ չէ այս աջակցության սոցիալական կողմը՝ նկատի ունենալով այն խնդիրների բնույթը, որոնք ծագում են տնտեսական ռեցեսիայի ժամանակ:
Բացի վերոհիշյալ միջոցառումներից, ՀՀ-ում կիրառվում են նաև վարկային արձակուրդներ: Սակայն այս միջոցառումը չի ներառվել Աղյուսակ 7-ի «հետաձգումներ» բաժնում, քանի որ դրա նախաձեռնողը և իրականացնողը կառավարությունը չէ, ինչի մասին անուղղակիորեն հավաստել է նաև կառավարության ղեկավարը՝ նշելով, որ բանկերի նկատմամբ չի կիրառվել որևէ վարչական լծակ:
Աղյուսակ 7-ից երևում է, որ ՀՀ կառավարության հակաճգնաժամային փաթեթի հիմնական առանձնահատկությունը հարկային արձակուրդների բացակայությունն է: Հարկային քաղաքականությանը առնչվում են միայն երկու իրավակարգավորում: Ընդ որում, դրանց նախաձեռնողը ոչ թե գործադիր մարմինն է, այլ օրենսդիրը: Մասնավորապես, այս պահի դրությամբ նախաձեռնվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բ. Թունյանի օրինագիծը (այն ընդունվել է առաջին ընթերցմամբ), որը բոլոր տնտեսավարողներին հնարավորություն է ընձեռում ներմուծվող կամ ձեռք բերվող հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանել ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի: Այսինքն՝ տնտեսավարողը ծախսագրումները կարող է կատարել ոչ թե ընդհանուր կանոններով` ըստ սահմանված նվազագույն ժամկետների, այլ ինքնուրույն որոշել այդ ժամկետը: Նշենք, որ այս հնարավորությունը ժամանակավոր է և տարածվում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների վրա: Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այն, որ ներկայիս պայմաններում, երբ COVID-19-ի հետևանքով տնտեսավարողների մոտ առաջացել է իրացվելիության խնդիր, իսկ տնտեսությունը ներդրումների կարիք ունի, անհրաժեշտ է թեկուզ ժամանակավորապես հնարավորություն տալ տնտեսավարողներին ավելի ճկուն գործել ամորտիզացիոն ծախսագրումների առումով:
Հարկային քաղաքականությանն առնչվող երկրորդ իրավակարգավորման հեղինակը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մ. Մելքումյանն է: Ըստ այս օրենքի (այն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ)՝ ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 21-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն պետք է հաշվարկել 0.04 տոկոսի չափով: Ընդ որում, մինչև օրենքն ուժի մեջ մտնելը ձևավորված տույժերի հաշվարկը 2020 թվականի ապրիլի 21-ից հետո շարունակվելու է 0.04 տոկոսի չափով՝ մինչև դրանց հաշվարկման համար 730 օրը լրանալը: Որոշվել է նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 21-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկել 0.04 տոկոսի չափով և նշված փոփոխությունը տարածել 2020 թվականի ապրիլի 21-ից ծագած հարաբերությունների վրա: Բացի այդ, որոշվել է արգելադրման համար հարկային օրենսգրքով սահմանված հարկային պարտավորությունների 500 հազար դրամ չափը փոխարինել 1 միլիոն 500 հազար դրամով: Ընդ որում, նշված չափը հաշվի է առնվելու 2020 թվականի ապրիլի 20-ից հետո արգելադրման գործիքը կիրառելիս:
Այսպիսով, ՀՀ հակաճգնաժամային միջոցառումներից 10-ը ունեն սոցիալական ուղղվածություն, իսկ 5-ը՝ տնտեսական: Տնտեսական միջոցառումների շարքում հարկային արձակուրդներ չեն նախատեսվել: Հարկային քաղաքականության արձագանքը դրսևորվել է համապատասխան օրենքում ժամկետանց հարկային պարտավորությունների տույժի դրույքաչափի նվազեցմամբ:
Աղյուսակ 8. COVID-19 ճգնաժամի հաղթահարման ֆիսկալ փաթեթի բաշխվածությունը ՀՀ–ում
Անհապաղ ֆիսկալ աջակ–ցություն | Հետա–ձգում–ներ | Երաշխիքներ և իրացվելիության ներարկման այլ գործիքներ | Ընդամենը (փաստացի) | Ընդամենը (պլանային) | |||
Տնտեսական | մլն
դրամ |
1,941.7 | – | 38,200.0 | 40,141.7 | 25,000.0 | |
տոկոս ՀՆԱ-ում | 0.030 | 0.583 | 0.613 | 0.382 | |||
Սոցիալական | մլն
դրամ |
12,027.3 | – | – | 12,027.3 | 25,000.0 | |
տոկոս ՀՆԱ-ում | 0.183 | 0.183 | 0.382 | ||||
Ընդամենը (փաստացի)30 | մլն
դրամ |
13,969.0 | – | 38,200.0 | 52,169.0 | 50,000.0 | |
տոկոս ՀՆԱ-ում | 0.213 | 0.583 | 0.796 | 0.764 |
Աղյուսակ 8-ը ներկայացնում է ՀՀ ֆիսկալ հակաճգնաժամային փաթեթի բաշխվածությունը ըստ երկու այլընտրանքային դասակարգումների: Առանձնակի ուշադրության են արժանի աղյուսակի վերջին տողերը և սյունակները: Մասնավորապես, «Ընդամենը (փաստացի)» տողից պարզ է դառնում, որ «անհապաղ ֆիսկալ աջակցության» ծավալը ավելի փոքր է, քան «երաշխիքներինը և իրացվելիության ներարկման այլ գործիքներինը». եթե առաջինը կազմում է ՀՆԱ–ի միայն 0.213 տոկոսը, ապա երկրորդը՝ 0.583 տոկոսը: Սա նշանակում է, որ անհատույց հիմունքներով աջակցությունը դրամային արտահայտությամբ էականորեն (ավելի քան 2.7 անգամ) զիջում է պետական օժանդակության՝ ապագայում փոխհատուցվող ձևերին՝ չնայած նրան, որ բնորոշվում է միջոցառումների ավելի մեծ քանակով: Բացի այդ, «անհապաղ ֆիսկալ միջոցառումներում» գերակշռող են սոցիալական ուղղվածություն ունեցողները, իսկ «երաշխիքները և իրացվելիության ներարկման այլ գործիքները» կազմված են բացառապես տնտեսական միջոցառումներից:
Դիտարկելով Աղյուսակ 8-ի «Ընդամենը (փաստացի)» սյունակը՝ կարելի է արձանագրել, որ սոցիալական աջակցությունը դրամային արտահայտությամբ էականորեն (ավելի քան 3.3 անգամ) զիջում է տնտեսական աջակցությանը՝ չնայած նրան, որ սոցիալական միջոցառումները ավելի մեծաթիվ են: Ընդ որում, սոցիալական միջոցառումները իրագործվում են բացառապես «անհապաղ ֆիսկալ աջակցության» տեսքով, իսկ տնտեսական միջոցառումները՝ առավելապես վարկային խողովակով:
Աղյուսակի 8-ի վերջին երկու սյունակները մատնանշում են, որ ըստ ապրիլի 24-ին և 30-ին հրապարակված տվյալների՝ սոցիալական միջոցառումները թերակատարվել են, իսկ տնտեսականները՝ գերակատարվել: Ընդհանուր առմամբ, ծախսվել է 54.9 մլրդ դրամ (հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ Աղյուսակ 8-ում նշված փաստացի ծախսված 52.2 մլրդ դրամը դարձել 54.9 մլրդ դրամ)՝ նախատեսված ընդհանուր բյուջեի շուրջ 36.6 տոկոսը, որը համարժեք է ՀՆԱ–ի ընդամենը 0.838 տոկոսին:
Ամփոփելով սույն ենթաբաժինը՝ հակիրճ ներկայացնենք, թե ՀՀ կառավարությունը ժամանակին ինչպիսի միջոցառումներ էր նախաձեռնել 2008-2009թթ. ճգնաժամի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով (ներդիր 2):
Ներդիր 2. 2008-2009թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը և դրա հաղթահարման միջոցառումները ՀՀ–ում
Նկատենք, որ 2008-2009թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով անվանական ՀՆԱ–ն ՀՀ–ում նվազել է 14.4 տոկոսով, իսկ հարկային եկամուտները հավաքագրվել են պլանավորվածից 205 մլրդ դրամով ավելի պակաս: Սակայն կառավարությունը չի կրճատել պետական ծախսերը, և դրանք իրականացվել են պլանավորվածից ընդամենը 16.3 մլրդ դրամ պակաս չափով:
2009 թվականի հարկաբյուջետային քաղաքականության բնույթը եղել է հակացիկլիկ ընդլայնողական` նպատակ հետապնդելով հակազդել ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցություններին և խթանել ինչպես ամբողջական պահանջարկը, այնպես էլ ամբողջական առաջարկը: Պահանջարկի խթանման տեսանկյունից կարևոր է եղել սոցիալական բնույթի ծախսերի (կենսաթոշակ, աշխատավարձ, նպաստ) ժամանակին և ամբողջական իրականացումը, որը 2008 թվականի համեմատ աճել է 14-16 տոկոսով` այսպիսով նպաստելով նշված ծախսերի շահառուների գնողունակության մակարդակի պահպանմանը:
Այս ժամանակահատվածում է, որ ՀՀ կառավարությունը հայտարարեց «Երիտասարդներին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի մեկնարկի մասին, որի հիմնական նպատակն էր աջակցել երիտասարդ ընտանիքներին։ Ճգնաժամի ընթացքում և դրանից հետո այս ծրագրով իրականացվել է շոշափելի պետական օժանդակություն երիտասարդ ընտանիքներին` հիպոթեքային վարկավորման միջոցով բնակարան ձեռք բերելու նպատակով: Շինարարության ոլորտի աշխուժացման, ինչպես նաև բնակչության սոցիալական հիմնախնդիրների լուծման նպատակով՝ պետություն–մասնավոր համագործակցության հիմքի վրա ՀՀ կառավարությունը հիմնեց հիփոթեքային հիմնադրամը՝ ապահովելով 20 մլն դոլարի պետական մասնակցություն:
ՀՀ կառավարությունը, մշտական ուշադրության կենտրոնում պահելով աղետից տուժած և սոցիալապես անապահով քաղաքացիների հիմնախնդիրները, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների խնդիրների լուծմանն ուղղված բնակարանային շինարարության իրականացման ծրագրի շրջանակներում նախաձեռնեց շուրջ 2,836 բնակարանի և սպասարկման օբյեկտի, գյուղական բնակավայրերում շուրջ 2,047 անհատական բնակելի տների կառուցման աշխատանքները՝ հատկացնելով 250 մլն դոլար գումար:
Հանքարդյունաբերական ոլորտի զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը շուրջ 54 մլն դոլարի արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին և հանքարդյունաբերության ոլորտում գործող այլ մասնավոր կազմակերպությունների:
Առաջարկի խթանման տեսանկյունից կարևոր է եղել տնտեսավարողներին տրվող ֆինանսական օժանդակությունը, որը նպաստել է աշխատատեղերի պահպանմանը և թողարկումների ընդլայնմանը: Ուշագրավ միջոցառումներից է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում այն փոփոխությունը, ըստ որի 300 միլիոն դրամը գերազանցող առանձին ներդրումային բնույթի ապրանքների ներմուծման, ինչպես նաև կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի համար ներմուծվող ապրանքների դիմաց ԱԱՀ–ի վճարման ժամկետը հետաձգվել է 3 տարի ժամկետով: Բացի այդ, մեծ ուշադրություն է դարձվել ՓՄՁ–ների ֆինանսավորմանը, ինչպես նաև ներդրումներին ենթակառուցվածքներում: Այսպես, ՀԲ–ի տրամադրած 85 մլն դոլար վարկից 50 մլն դոլարը ուղղվել է ՓՄՁ–ների զարգացմանը, իսկ մնացած գումարը՝ ճանապարհաշինարարությանը: Ասիական զարգացման բանկից ներգրավվել է շուրջ 48 մլն դոլար վարկ՝ գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի համար:
Անհրաժեշտ է ընդգծել, որ վերոհիշյալ սոցիալական և տնտեսական ծախսերի մեծ մասը ֆինանսավորվել է ոչ թե տնտեսությունից դուրս հանվող լիկվիդայնության, այլ արտաքին աշխարհից նոր միջոցների ներգրավման հաշվին: Այս ամենի արդյունքում կտրուկ աճել է պետական բյուջեի պակասուրդը՝ նախատեսված 40 մլրդ դրամից հասնելով մոտ 239.1 մլրդ դրամի, կամ 2009-ի փաստացի ՀՆԱ–ի 7.5 տոկոսի, իսկ 2009-ի սպասվող ՀՆԱ–ի նկատմամբ՝ 5.7 տոկոսի: Ստացվում է ճգնաժամի ընթացքում հարկաբյուջետային քաղաքականության արձագանքը եղել է ՀՆԱ–ի մոտ 4.7 տոկոսի չափով:
Կենտրոնական բանկը նույնպես արձագանքել է 2009-ի տնտեսական ճգնաժամին՝ տարվա ընթացքում մի քանի անգամ նվազեցնելով դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը: Արդյունքում վերջինս 2009-ի վերջում հասցվել է 5.0 տոկոսի՝ 2008-ի 7.3 տոկոսի դիմաց:
- ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ COVID-19 ՃԳՆԱԺԱՄԻ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայկական տնտեսագիտական համայնքը, ի դեմս՝ Վ. Ավանեսյանի, Հ. Բագրատյանի, Ա. Եղիազարյանի, Վ. Արամյանի, Վ. Գաբրիելյանի և այլոց, վերլուծությունների և հարցազրույցների տեսքով անդրադարձել է COVID-19 ճգնաժամին և ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին: Նրանց մեծ մասը գտնում է, որ ՀՀ կառավարության միջամտությունը պետք է լինի ավելի մասշտաբային ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական ասպարեզում:
Էկոնոմիկայի նախկին նախարար Վ. Ավանեսյանը գնահատել է համատարած կարանտինի տնտեսական հետևանքները համաշխարհային և ՀՀ տնտեսության համար: Նրա մոդելում ՀՆԱ-ի ուղղակի կորուստը սահմանվել է որպես հարկադիր պարապուրդի մատնված աշխատուժի թվաքանակի և աշխատանքի արտադրողականության՝ 1 աշխատողին բաժին ընկնող ՀՆԱ-ի արտադրյալ: Իսկ ՀՆԱ-ի ընդհանուր կորուստը որոշվել է՝ ուղղակի կորուստը բազմապատկելով ՀՆԱ-ի բազմարկչով:
Վ. Ավանեսյանի հաշվարկները ցույց են տալիս, որ համատարած կարանտինի պայմաններում համաշխարհային ՀՆԱ-ի ընդհանուր կորուստը կազմում է օրական շուրջ 253 մլրդ դոլար, իսկ Հայաստանի ՀՆԱ-ինը՝ օրական շուրջ 51.14 մլն դոլար: Այստեղից հետևում է, որ ՀՀ պարագայում անհրաժեշտ է ակնկալել երկնիշ տնտեսական անկում: Վ. Ավանեսյանը նկատում է նաև, որ Հայաստանի կառավարությունը գործադրում է մեծ ջանքեր, որպեսզի ֆինանսական օժանդակությունը լինի թիրախավորված, այն դեպքում, երբ COVID-19-ի ժամանակ առավել կարևոր նշանակություն ունեն պետական աջակցության ծավալները և արագությունը:
Նախկին վարչապետ Հ. Բագրատյանը նշում է, որ ՀՀ կառավարությունը պետք է առաջնորդվի ճգնաժամային կառավարման տեսությամբ և պրակտիկայով: Տեսությունը հուշում է, որ համաճարակային ճգնաժամի դեպքում անհրաժեշտ է վեր հանել սոցիալական կյանքի շղթաները (օղակները և ինստիտուտները) և վերահսկել փոխանցվող տեղեկատվության, ապրանքի և ծառայության ստերիլությունը: Այս առումով էական նշանակություն ունի կարանտինի մեխանիզմների պատշաճ կիրարկումը՝ սոցիալական շղթայի բեկանումը: Ինչ վերաբերում է տնտեսական օժանդակության ձևերին, ապա ճգնաժամի առաջին փուլում անհրաժեշտ է պետության սուղ միջոցները ուղղել դեպի սպառողներ, իսկ հետագայում արժեթղթերի միջոցով փոխհատուցել արտադրողների կորուստները:
Էկոնոմիկայի նախկին նախարար Ա. Եղիազարյանը գտնում է, որ համատարած կարանտինի որոշումը կշռադատված մոտեցում չէր, քանի որ այն տնտեսությանը պատճառում է ահռելի կորուստներ՝ միաժամանակ չլուծելով որևէ առողջապահական խնդիր: Նրա կարծիքով շոշափելի տնտեսական կորուստների մասին են վկայում Վ. Ավանեսյանի հաշվարկները, ինչպես նաև առողջապահական այն ծախսերը, որոնք պետությունը պետք է կատարի COVID-19-ով վարակվածների բուժման նպատակով: Ա. Եղիազարյանը նաև նշում է, որ հակառակ տիրապետող վարկածներին՝ համատարած կարանտինը գործնականում չունի զսպող ազդեցություն COVID-19-ի տարածման վրա: Այսպես, Հայաստանում հիվանդության տարածման արագությունը ապրիլի 16-ի դրությամբ եղել է ավելի բարձր, քան Շվեդիայոմ, որտեղ չկան կարանտինային սահմանափակումներից: Ա. Եղիազարյանը եզրակացնում է, որ «կորոնավիրուսի նկատմամբ իռացիոնալ և ոչնչով չհիմնավորված վախը հաղթեց ամեն տեղ, բացի Շվեդիայից և Բելառուսից, ցավալիորեն նաև Հայաստանում» :
Ֆինանսների նախկին նախարար Վ. Արամյանի դիտարկումներով՝ ճգնաժամերի հետևանքով տնտեսությունում որպես կանոն գոյանում է իրացվելիության դեֆիցիտ, որը կարող է վտանգել տնտեսավարող սուբյեկտների վճարունակությունը և հանգեցնել գործազրկության մակարդակի ավելացման: Հետևաբար կառավարության առաջին քայլերը պետք է միտված լինեն տնտեսավարողների, հատկապես՝ փոքր և միջին ձեռնարկությունների իրացվելիության պահանջարկի բավարարմանը:
Այս մոտեցումը ճշմարիտ է նաև COVID-19 ճգնաժամի պարագայում, որը նախորդ ճգնաժամերից տարբերվում է իր աննախադեպ արագությամբ: Այսպես, եթե 2009թ. ճգնաժամի դեպքում միջազգային ֆոնդային ինդեքսների անկումը տևել է 17 ամիս, ապա COVID-19-ի պարագայում անկման նույն խորությունը արձանագրվել է 2 ամսվա ընթացքում: Սա նշանակում է, որ այս դեպքում կառավարության արձագանքը ևս պետք է լինի չափազանց արագ և թիրախավորված:
Վ. Արամյանը նաև նկատում է, որ ՀՀ կառավարության գրեթե բոլոր տնտեսական միջոցառումները ենթադրում են առևտրային բանկերի մասնակցություն: Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև իրացվելիության արագ ներարկման անհրաժեշտությունը՝ պարզ է դառնում, որ առաջարկվող միջոցառումները ունեն մի շարք խնդիրներ: Առաջին՝ այս միջոցառումների իրականացումը, այդուհանդերձ, պահանջում է որոշակի ժամանակահատված, քանի որ առևտրային բանկերը չեն կարող կայացնել ակնթարթային և չհաշվարկված որոշումներ. չէ՞ որ ռիսկերի պատշաճ կառավարումը բանկերի կայունության երաշխիքներից է: Երկրորդ՝ ճգնաժամերի դեպքում բանկերը, նկատի ունենալով իրական հատվածից եկող բացասական ազդակները, սովորաբար դառնում են առավել կոնսերվատիվ՝ կրճատելով վարկավորման ծավալները: Ուստի առաջանում է հետևյալ հարցադրումը. արդյո՞ք առաջարկվող հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում կառավարության, տնտեսավարող սուբյեկտների և առևտրային բանկերի շահերը համադրվում են լավագույն ձևով:
Այսպիսով ակնհայտ է, որ ՀՀ կառավարության մեկնարկած տնտեսական միջոցառումները կարող են լինել արդյունավետ միայն ճգնաժամի երկրորդ փուլում, երբ հաղթահարված կլինեն տնտեսավարողների իրացվելիության և վճարունակության խնդիրները: Իսկ այս փուլում ավելի նպատակահարմար կլիներ դիտարկել հետևյալ երկու գործիքները: Առաջին՝ հետաձգել շահութահարկի կանխավճարները 3 կամ 6 ամսով, քանի որ ձեռնարկությունները այժմ ստիպված են վճարել դրանք՝ չունենալով բավարար շրջանառություն: Այս գործիքը չի պահանջում հավելյալ ժամանակ, չի խաթարում հարկային կարգապահությունը և, միաժամանակ, տնտեսավարողներին օժտում է իրացվելիության որոշակի պաշարով: Երկրորդ՝ ձեռնարկությունների կապիտալ ծախսերի մասով թույլատրել արագացված ամորտիզացիայի մեթոդի կիրառությունը:
Ինչ վերաբերում է աջակցության թիրախներին, Վ. Արամյանը շեշտադրում է հետևյալ հանգամանքը. թեև ճգնաժամը համակարգային է, սակայն տնտեսության որոշ ոլորտներ (օրինակ՝ տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը) չեն արձանագրել կորուստներ: Հետևաբար, անհրաժեշտ է կանխել պետական ռեսուրսների հնարավոր հոսքը դեպի այդ ուղղություններ: Փոխարենը պետք է օժանդակել, օրինակ, հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի ոլորտում գործող կազմակերպություններին, որոնք այս օրերին կրել են էական վնասներ:
Նախկին փոխվարչապետ Վ. Գաբրիելյանի դիտարկումներով՝ COVID-19 ճգնաժամը, ի տարբերություն նախորդների, համակարգային է, այսինքն՝ «հարվածում է» տնտեսության բազմաթիվ ճյուղերի: Հետևաբար, տրամաբանական է ակնկալել էական բացասական զարգացումներ ինչպես համաշխարհային տնտեսության, այնպես էլ ՀՀ համար: Ավելին, տնտեսությունների վերականգնումը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունենալու դանդաղ տեմպերով, քանի որ ցածր տնտեսական ակտիվությունը, որ արձանագրվել է վերջին երկու ամիսներին, կարող է փոփոխել նաև միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացումների տրամաբանությունը: Կարելի է ենթադրել, որ մարդիկ կխուսափեն զանգվածային միջոցառումներից նաև կարանտինից հետո, ինչը կանդրադառնա տնտեսության որոշ ճյուղերի վրա:
Համակարգային ճգնաժամը ենթադրում է նաև տնտեսավարող սուբյեկտների ներքին և արտաքին առևտրային կապերի խաթարում: Սա նշանակում է, որ մատակարարման շղթաներում կառաջանան խզումներ, և տնտեսական միջավայրում կավելանա անորոշության «չափաբաժինը»: Տնտեսավարող սուբյեկտները ստիպված կլինեն հետաձգել ռազմավարական որոշումները՝ նախապատվությունը տալով «կենսական նշանակության» խնդիրներին:
Վ. Գաբրիելյանը նաև նկատում է, որ հակաճգնաժամային տնտեսական միջոցառումների շրջանակներում կառավարության օժանդակությունը տրվում է վարկերի տեսքով և առևտրային բանկերի մասնակցությամբ: Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև աճող անորոշությունների վերոհիշյալ գործոնը՝ առաջ է գալիս հետևյալ խնդիրը. արդյո՞ք տնտեսավարող սուբյեկտը ճգնաժամի թեժ պահին պատրաստ է ստանձնել վարկային պարտավորություններ՝ ապագա զարգացումների վերաբերյալ ունենալով միայն մշուշոտ պատկերացումներ: Այլ կերպ ասած՝ ճգնաժամի առաջին փուլում վարկեր ներգրավելու որոշումը բավական ռիսկային է, քանի որ տնտեսավարողի համար պարզ չէ, թե արդյո՞ք ինքը կկարողանա կազմակերպել իր արտադրանքի արտահանումը, ինչպիսի խնդիրներ կառաջանան իրացման շուկաներում և այլն:
Այսպիսով, Վ. Գաբրիելյանը կիսում է Վ. Արամյանի այն տեսակետը, որ վարկային գործիքի կիրառումը կարող է արդյունավետ լինել միայն ճգնաժամի երկրորդ փուլում, երբ տնտեսական միջավայրը ձեռնարկությունների համար կլինի հասկանալի և կանխատեսելի: Մինչ այդ անհրաժեշտ է իրագործել ծավալուն սոցիալական աջակցություն՝ դրա համար նախատեսելով սահմանվածից 2-3 անգամ ավելի մեծ գումար: Բացի այդ, փոքր և միջին ձեռնարկությունների համար կարևոր նշանակություն կարող են ունենալ նաև հարկային արձակուրդները:
Վ. Գաբրիելյանի համոզմամբ՝ վերոհիշյալ ծրագրերը կարող են իրականություն դառնալ միայն բյուջետային դեֆիցիտի ավելացման և հավելյալ պետական պարտքի ներգրավման ճանապարհով: Դեֆիցիտի աճը անխուսափելի է, քանի որ հակաճգնաժամային միջոցառումները ենթադրում են պետական ծախսերի ավելացում, որը ցածր տնտեսական ակտիվության պայմաններում կուղեկցվի հարկերի թերհավաքագրմամբ:
Այսպիսով, տնտեսագետները մատնանշում են, որ ՀՀ կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումներում պետք է շեշտադրի տնտեսական միջամտության այն ուղղությունները, որոնք կրճատում են շուկաներում առկա անորոշությունները, գործում են արագ և հանգեցնում են շոշափելի սոցիալական և տնտեսական էֆեկտների
- ԱՄՓՈՓՈՒՄ
Ամփոփելով սույն վերլուծությունը՝ փաստում ենք, որ COVID-19 ճգնաժամի հաղթահարման՝ ՀՀ կառավարության ֆիսկալ ծրագիրը ունի մի շարք բացեր և՛ ծավալի, և՛ կառուցվածքի առումով: Նշված խնդիրներն ակնհայտ են միջազգային համադրումների և երկրի սոցիալ-տնտեսական վիճակի տեսանկյունից:
Հայաստանը համեմատելով հարևան երկրների հետ՝ կարող ենք արձանագրել, որ ֆիսկալ հակաճգնաժամային փաթեթի հարաբերական մեծությամբ (ՀՆԱ–ի 2.29 տոկոս) տարածաշրջանում զբաղեցնում է նախավերջին տեղը՝ առաջ անցնելով միայն Թուրքիայից (ՀՆԱ–ի 2.1 տոկոս): Իրանում այս ցուցանիշը 14 տոկոս է, Վրաստանում՝ 4 տոկոս, իսկ Ադրբեջանում՝ 3 տոկոս: Այսինքն՝ ՀՀ կառավարությունը կարող էր թիրախավորել ավելի բարձր ցուցանիշ՝ ձևավորելով առավել հավակնոտ հակաճգնաժամային փաթեթ:
Բացի այդ, հայտնի է, որ ՀՀ տնային տնտեսությունների և ձեռնարկությունների ֆինանսական վիճակը բավական խնդրահարույց է: Մասնավորապես, նրանք գերծանրաբեռնված են պարտքային պարտավորություններով, հատկապես՝ բանկային վարկերով: Ընդ որում, տնային տնտեսությունները վարկերով ֆինանսավորում են իրենց սպառումը, իսկ տնտեսավարող սուբյեկտները՝ արտադրությունը և ներմուծումը: Տրամաբանական է ակնկալել, որ COVID-19 ճգնաժամի հետևանքով այս իրավիճակը ավելի կվատթարանա: Տնային տնտեսությունները կբախվեն խնդիրների՝ կապված իրենց վարկերի սպասարկման հետ, ինչը կբերի ամբողջական պահանջարկի կրճատման: Չկարողանալով իրացնել իրենց արտադրանքը՝ տնտեսավարողները նույնպես կկանգնեն վճարունակության խնդրի առջև: Այլ կերպ ասած՝ շղթայական ռեակցիայով կավելանան բանկային համակարգի չաշխատող վարկերը: Հաշվի առնելով ասվածը՝ հակաճգնաժամային փաթեթի ծավալը որոշելիս անհրաժեշտ էր որպես ուղենիշ նկատի ունենալ նաև բանկային համակարգի վարկային պորտֆելի ռիսկայնությունը, այն է՝ չաշխատող վարկերի մասնաբաժինը ընդհանուր վարկային պորտֆելում, որը 2020-ի մարտի դրությամբ արդեն իսկ կազմել է 5.5 տոկոս:
Անդրադառնալով հակաճգնաժամային փաթեթի կառուցվածքին՝ կարող ենք առանձնացնել մի շարք դիտարկումներ.
1.Սոցիալական օժանդակության ծավալները համահունչ չեն ՀՀ–ում առկա իրավիճակին: Ըստ ապրիլի 24-ին և 30-ին հրապարակված տվյալների՝ սոցիալական ծրագրերին են ուղղվել շահառուներին տրված ընդհանուր գումարի միայն մոտ 23 տոկոսը, ինչը չի կարող համարվել բավարար աղքատության, գործազրկության, եկամուտների բևեռացման ներկայիս բարձր մակարդակի պայմաններում: Ավելին, իրավիճակին համարժեք չէ սոցիալական ծրագրերի նույնիսկ ընդհանուր բյուջեն՝ 25 մլրդ դրամը, որը մի շարք փորձագետների կարծիքով անհրաժեշտ է առնվազն կրկնապատկել:
2.Տնտեսական օժանդակության փաթեթում բավական փոքր է «անհապաղ ֆիսկալ միջոցառումների» մասնաբաժինը: Ըստ ապրիլի 24-ին և 30-ին հրապարակված տվյալների՝ անհատույց հիմունքներով է իրացվել տնտեսական օժանդակության միայն 4.9 տոկոսը: Իսկ մնացած մասը՝ 95.1 տոկոսը ենթադրում է վարկավորում՝ առևտրային բանկերի մասնակցությամբ: Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում «անհապաղ ֆիսկալ աջակցությունը» կազմում է ընդհանուր փաթեթի ավելի քան 60 տոկոսը: Չնայած այս ցուցանիշը նույնքան բարձր չէ Գերմանիայում, սակայն վերջինս առանձնանում է «անհապաղ ֆիսկալ աջակցության» գործիքների բազմազանությամբ: Գերմանիայում ուշադրության է արժանի COVID-19 ճգնաժամից տուժած ընկերությունների կապիտալիզացիայի բարձրացման ծրագիրը, որը նախատեսվում է նաև կառավարության կողմից փայաբաժինների ձեռքբերման ճանապարհով: Այսպիսով, միջազգային փորձը վկայում է, որ անհրաժեշտ է ավելացնել տնտեսական բնույթի անհատույց միջոցառումների ծավալները ՀՀ–ում:
3.Հաշվի առնելով ՀՀ հասարակության զգայունությունը աշխատատեղերի նկատմամբ՝ անհրաժեշտ է շեշտադրել անհատույց տնտեսական օժանդակության այն գործիքները, որոնք միտված են տուժած ոլորտների տնտեսավարողների աշխատատեղերի պահպանմանը: Օրինակ, ԱՄՆ-ում այդպիսի տնտեսավարողներին տրամադրվում է հարկային զիջում՝ ճգնաժամի ընթացքում վճարված աշխատավարձերի 50 տոկոսի չափով: ԱՄՆ-ում մեկ այլ միջոցառմամբ՝ 2020-ի մարտի 27-ից մինչև 2020-ի դեկտեմբերի 31-ը վճարման ենթակա, բայց հետաձգված աշխատավարձի (payroll) հարկերի կեսը պետք է վճարվի մինչև 2021-ի ավարտը, իսկ մյուս կեսը՝ մինչև 2022-ի ավարտը: Այս միջոցառման մասով նախագահ Դ. Թրամփը մարտի 13-ին թվիթերյան իր էջում գրել է. «Եթե ցանկանում ես փողը փոխանցել մարդկանց արագ և արդյունավետ, թույլատրիր նրանց տնօրինել իրենց վաստակած ամբողջ գումարը»: Իսկ Գերմանիայի կառավարությունը տրամադրում է դրամաշնորհներ այն կազմակերպություններին, որոնք ճգնաժամի ընթացքում չեն կրճատում աշխատողների թվաքանակը:
4.Հակաճգնաժամային փաթեթի առանձնահատկություններից է հարկային արձակուրդների բացակայությունը, որը կառավարությունը հիմնավորում է հարկային կարգապահության պահպանման կարևորությամբ: Սակայն սույն վերլուծության շրջանակներում դիտարկված երկրների մեծ մասը դիմել է այս գործիքի կիրառությանը, քանի որ վերջինիս ազդեցությունը դրսևորվում է չափազանց արագ և թիրախավորված: Հարկային հետաձգումները նաև չեն վատթարացնում բյուջետային հաշվեկշիռը, քանի որ տվյալ ժամանակահատվածում չվճարված հարկերը չեն չեղարկվում և ենթակա են վերադարձման ապագայում: Այս համատեքստում օգտակար է հիշատակել Հունգարիայի օրինակը, որի ֆիսկալ աջակցության փաթեթի շուրջ 95 տոկոսը բաղկացած է հետաձգումներից, իսկ մնացած 5 տոկոսը՝ հարկային չեղարկումներից:
5.COVID-19 ճգնաժամը նաև հնարավորություն է՝ բարելավելու առողջապահական համակարգի վիճակը: Ակնհայտ է, որ արդյունավետ քաղաքականության պարագայում երկրները ճգնաժամի ավարտին կարող են ունենալ տեխնիկապես ավելի հագեցած բուժհաստատություններ և ավելի պատրաստված բուժանձնակազմ: Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացման հրամայականը՝ ՀՀ համար ընդօրինակելի է ՌԴ կառավարության այն նախաձեռնությունը, որով պաշտպանության նախարարությանը հատկացվել են միջոցներ զինվորական անձնակազմի համար 16 նոր ինֆեկցիոն հիվանդանոցներ կառուցելու համար:
Վերջում անդրադառնանք նաև մոնետար իշխանության որոշումներին: Արդեն նշվել է, որ ճգնաժամի պայմաններում որպես կանոն ավելանում են չաշխատող վարկերը: Արդյունքում աճում են նաև բանկերի կողմից հնարավոր կորուստների պահուստաֆոնդին կատարվող ծախսագրումները, և նվազում է բանկերի նորմատիվային կապիտալը: Այս իրավիճակում բանկերը հարկադրված են կրճատել վարկավորումը: Սակայն ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ է հակառակը՝ բանկային վարկավորման աշխուժացումը, որը կարող է նպաստել ձեռնարկությունների կարողությունների վերականգնմանը: Հետևաբար, ցանկալի կլիներ, որ կենտրոնական բանկը դիտարկեր պրուդենցիալ կարգավորումները ժամանակավորապես մեղմելու հնարավորությունը՝ բնականաբար առանց զոհաբերելու ֆինանսական համակարգի կայունությունը: Նշենք, որ ներկայումս այսպիսի պրակտիկա կիրառվում է տարբեր երկրների կենտրոնական բանկերի կողմից՝ նպատակ ունենալով հաղթահարել COVID-19-ի տնտեսական հետևանքները:
Այսպիսով, ՀՀ–ում COVID-19 ճգնաժամի հաղթահարման ֆիսկալ փաթեթի ծավալը, ինչպես նաև դրանում սոցիալական բաղադրիչի մասնաբաժինը, համահունչ չեն երկրի սոցիալ–տնտեսական վիճակին և ժամանակի պահանջներին: Խնդրահարույց է նաև փաթեթի տնտեսական բաղադրիչը, որը հարկային արձակուրդների բացակայության, ինչպես նաև անհատույց գործիքների սահմանափակ կիրառության պատճառով չի ծառայում իր հիմնական նպատակին՝ տնտեսությանը ապահովել իրացվելիությամբ՝ արագ և թիրախավորված: Մյուս կողմից, կառավարության քաղաքականությունը որոշ դեպքերում ավելացնում է անորոշությունները ապագա տնտեսական զարգացումների վերաբերյալ: Մասնավորապես, հստակ չէ առողջապահական համակարգի և տնտեսական գործունեության փոխկապակցվածությունը, ինչի պատճառով տնտեսավարողների և բնակչության շրջանում առաջանում են խուճապային տրամադրություններ: Այս հանգամանքների բերումով տնտեսության վերականգնումը կարող է պահանջել կանխատեսվածից ավելի երկար ժամանակ՝ հասարակությանը ստիպելով վճարել ավելի բարձր «սոցիալական գին»:
«Լույս» հիմնադրամ