«Այս իրավիճակի պատճառն այն է, որ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում որոշումները կայացվում են՝ հաշվի առնելով մեղադրվողների անձերը, որի արդյունքում նման իրավիճակի մեջ ենք հայտնվել»,-անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ և ինչպե՞ս են կարևորագույն մեղադրյալները լքում Հայաստանը կամ հետախուզվում, «Մեդիա կենտրոն»-ի՝ տեսակապի միջոցով կազմակերպված քննարկմանն այսպիսի կարծիք հայտնեց փաստաբան Նորայր Նորիկյանը:
Ըստ նրա, եթե խնդիր դրվեր իրապես կոռուպցիայի դեմ լիարժեք պայքար տանելու, որևէ նշանակություն չպետք է ունենար այն հանգամանքը, թե ում նկատմամբ է իրականացվում քրեական հետապնդումը, ովքեր են ենթադրյալ մեղադրյալները: Ըստ փաստաբանի, եթե ընտրովի արդարադատություն չիրականացվեր, նման իրավիճակ չէինք ունենա: Այս առիթով Նորայր Նորիկյանն ասաց. «Ստացվեց հետևյալը. բոլոր անձանց ծանրակշիռ մեծամասնությունը, որոնք ենթարկվում են քրեական հետապնդման կամ նրանց մեղադրանք են առաջադրել, հնարավորություն են ստանում տարբեր ճանապարհներով լքել Հայաստանը, խուսափել քննությունից կամ էլ թաքնվել: Սա նշանակում է մի բան, որ ՀՀ իրավապահ մարմիններին իրենց տեղում չեն, կամ իրենց փնթիության պառճառով է: Դրա հետևանքով տուժում է ոչ միայն օրինականության վերականգնման գործընթացը, այլև խաթարվում է արդարադատության փիլիսոփայությունը»:
Նորայր Նորիկյանը մտահոգություն հայտնեց՝ 2018-ից մինչ օրս չկա գեթ մեկ օրինական դատական ակտ, որը հնարավորություն կտար ցույց տալ, որ որևէ կոռուպցիոն հնչեղություն ունեցող գործով ՀՀ դատարաններն իրականացրել են արդարադատություն. «2018-ից սկսած կոռուպցիայի դեմ պայքարն ամբողջությամբ տապալված է: Ի զարմանս ինձ, նման գնահատականի հետ համաձայն է նաև վարչապետ Փաշինյանը»:
Նորայր Նորիկյանն ասաց, որ իր համար այստեղ էականն այն չէ, թե Գուրգեն Խաչատրյանն է, թե այլ ոք, այլ խնդիրն այն է, որ դատարանները պետք է հիմնավորեն, որ եթե տվյալ անձը մնում է ազատության մեջ, ուրեմն կարող է խանգարել գործի քննությանը:
Կարդացեք նաև
Այս առիթով հիշեցրեց նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությունը, թե պատրաստ է վերադառնալ Հայաստան, պատասխանել նախաքննական մարմնի հարցերին, եթե դա արվի հրապարակային: Այս մասին ասաց. «Սա արդեն դուրս է դատախազական կամ իրավապահ այլ մարմինների գործունեության ոլորտից, այլ տեղափոխվում է քաղաքական հարթություն: ՀՀ-ն իր գործընկերների հետ հարաբերություններում պիտի դնի այն խնդիրը, որ նրանք հարգեն իր երկրի ինքնիշխանությունը, և եթե տվյալ անձի նկատմամբ Հայաստանում իրականացվում է քրեական հետապնդում, պետք է հնարավորություն տրվի Հայաստանին նրանց հասանելիություն ունենալ, որ նրանց նկատմամբ իրականացվի քննություն»:
Գևորգ Կոստանյանի դեպքի և ընդհանրապես Հայաստանի վարկանիշի հետ նման գործերի կապվածության մասին փաստաբանն ասաց. «Մենք գործ չունենք շարքային գրպանահատի հետ, մարդը պրոֆեսիոնալ է, ՀՀ նախկին գլխավոր դատախազն է եղել: Այսօր փաստն այն է, որ ունի մեղադրյալի կարգավիճակ, և Հայաստանի արժանապատվության խնդիրն է լուծել այս հարցը, ոչ միայն նրա, այլև մյուս անձանց մասին է խոսքը, հակառակ դեպքում ՀՀ միջազգային վարկանիշի հետ կապված խնդիրներ են առաջանալու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ