Լրահոս
Օրվա լրահոսը

«100 անգամ հանգստացրել եմ». Փաշինյանի պատասխանը Լավրովի հայտարարության մասին ծիծաղ առաջացրեց ԱԺ-ում

Մայիս 06,2020 17:21

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հստակ ու կոնկրետ պատասխան ուզեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության առնչությամբ. «Նա ասել է, որ ԼՂ հարցով բանակցային սեղանին առկա է փուլային փոխզիջումների ձեւաչափի փաստաթուղթ, որը բանակցվում է: Ես դրան չեմ ուզում հավատալ, բայց դա դարձել է երկրում քննարկման հարց»: Ուստի նա կոնկրետ պատասխան ուզեց՝ սեղանին առկա նման հարց կա՞, թե՞ ոչ ու բանակցվե՞լ է այսպիսի փաստաթուղթ , թե՞ ոչ:

Վարչապետը պատասխանեց, որ արդեն խոսել է այդ մասին ու եւս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն չի տեսնում. «Կարող եք ձեր ճաշակով որեւէ հայտարարություն վերցնել ու այնտեղ կգտնեք իմ ասածի հաստատումը: Ես իմ դիրքորոշումը հայտնել եմ: Երկրագնդի վրա գոյություն ունեն դիրքորոշումներ, որոնք իրենք իրենց համար գոյություն ունեն: Ես ձեր հարցին այս ամբիոնից եւ բազմիցս այլ ամբիոններից անդրադարձել եմ: Ոչ թե դժվար է կրկնել, այլ ես բազմիցս եմ ասել, բանը մի անգամ են ասում: Կարելի է անընդհատ նույն բանը հարցնել, իմ պատասխանը նույնն է: Եթե այլ պատասխան լինի, դուք այդ պատասխանի մասին կիմանաք»:

Ուրիխանյանն արձագանքեց. «Ամեն ինչ հրաշալի է: Բանակցվե՞լ է նման փաստաթուղթ, թե՞ ոչ: Դե ասեք «ոչ», որ բոլորը հանգստանան, էլի, ես կարծում եմ, որ «ոչ», բայց իմ կարծիքը ու իմ ճաշակը կապ չունի»:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Եթե իմ «ոչ»-ը պետք է հանգստացնի, ուրեմն նախորդ մեկուկես տարիներին ես բազմիցս հանգստացրել եմ անհանգստացողներին: Բայց հիմա, եթե այդ «ոչ»-ը չի հանգստացնում, կարող է հաջորդ պահին էլի հանգստացնելու կարիք լինի, ես չեմ կարող 24 ժամ…ասում եմ՝ 100 անգամ հանգստացրել եմ»:

Վարչապետի այս պատասխանը դահլիճում ծիծաղ առաջացրեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031