Վարչապետի ելույթը Ազգային ժողովում՝ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը ներկայացնելիս
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Մեծարգո փոխնախագահներ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
Կառավարության հարգելի անդամներ,
Ներկայացնում եմ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 127-րդ հոդվածի համաձայն՝ կառավարությունը յուրաքանչյուր տարի՝ մինչև մարտի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարում իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույց: Այսինքն՝ դե յուրե մեր այսօրվա զեկույցը պետք է վերաբերի կառավարության 2019 թվականի գործունեության արդյունքներին, բայց հասկանալի պատճառներով մենք այսօր չենք կարող բավարարվել միայն 2019 թվականի արդյունքների քննարկումով։ Ուստի իմ զեկույցը բաղկացած կլինի 3 մասից. առաջին մասը՝ բուն զեկույցի բովանդակությունը, մեր գործունեությունն է 2019 թվականի հունվարից 1-ից մինչև կորոնավիրուսի ճգնաժամի մեկնարկը, երկրորդ մասը կնվիրեմ ճգնաժամի կառավարման ընթացքում մեր կայացրած որոշումներին և վերջում՝ մեր հետագա անելիքներին:
Եվ այսպես՝ կառավարության ծրագրի կարևորագույն առանցքային կամ ամփոփիչ դրույթը, որն ընդունվել է 2019 մեկնարկին այս դահլիճում, հետևյալն է. առաջիկա 5 տարիներին Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն: Կառավարության ծրագրի առանցքային դրույթներից է զբաղվածության խթանումը և աղքատության կրճատում : 2019 թվականը, ինչպես գիտեք, ետհեղափոխական կառավարության գործունեության առաջին լիարժեք տարին էր, և այդ ամբողջական տարին է, որ պիտի լիարժեք պատկերացում տար մեզ ետհեղափոխական կառավարության և քաղաքական մեծամասնության պոտենցիալի մասին: Եվ, ըստ այդմ, շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ 2019 թվականին հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7,6 տոկոս, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համար: Այսինքն՝ 2019 թվականին մենք մեր մեծ տարածաշրջանում գրանցել ենք ամենաբարձր տնտեսական աճը:
Կարդացեք նաև
2019 թվականին տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով: Ամենակարևոր արդյունքներից մեկն այն է, որ մշակող արդյունաբերությունում աճը 2019 թվականին կազմել է 12 տոկոս։ 2008 թվականից հետո առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում արդյունաբերությունը – խոսքը մշակող արդյունաբերության մասին է, այսինքն՝ հանքարդյունաբերությունը չի մտնում այստեղ – 2019 թվականին մշակող արդյունաբերությունը դարձել է մեր տնտեսության առաջատար ճյուղը:
2019 թվականին ամենաբարձր տնտեսական աճն արձանագրվել է կացության և հանրային սննդի ծառայության ոլորտում՝ նախորդ տարվա համեմատ աճելով 27,2 տոկոսով, իսկ 2019 թվականի ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 14,7 տոկոսով: Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019 թվականին աճել է 10,3 տոկոսով: Արտահանման էական աճ է արձանագրվել կոնյակի՝ 29,4 տոկոս, մրգային գինիների` 70,2 տոկոս, խաղողի գինու՝ 25,3 տոկոս, բուսական ծագման արտադրանքի՝ 14,3 տոկոս ապրանքախմբերում: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում 2019 թվականին գրանցվել է շրջանառության շուրջ 30 տոկոս աճ, որը ներառում է համակարգչային ծրագրավորման, ինչպես նաև էլեկտրոնիկայի, միկրոէլեկտրոնիկայի և այլ բարձր տեխնոլոգիական ուղղություններ: Շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ աճել է միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը՝ 26,9 տոկոսով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումն աճել է 13,3 տոկոսով: Ես ցանկացա ցույց տալ, որ կառավարության ծրագրի այն դրույթը, որ Հայաստանը պետք է դառնա բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր՝ արտահանմանը միտված տնտեսություն ունեցող, այս ցուցանիշներով մենք կոնկրետ ապահովել ենք մեր ընթացքը դեպի այդ ուղղություն:
2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2,2 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27,2 տոկոսով, իսկ 2017 թվականի համեմատ 635 մլն դոլարով կամ 41,3 տոկոսով: 2018-2019 թվականների ընթացքում կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտների հայտարարագրման ցուցանիշն ավելացնել 505 մլրդ դրամով: Սա, հարգելի գործընկերներ, ավելի քան 1 մլրդ դոլար է, և բյուջեի ցուցանիշներն այս առումով աճել են 43,6 տոկոսով, և ես ուզում եմ սա ընդգծել մինչհեղափոխական շրջանում իմ արած այն հայտարարությամբ, որ պետական բյուջեի եկամուտները 1-2 տարվա ընթացքում պետք է աճեն 30, 35 տոկոսով: Ըստ էության, 1,5 տարվա կամ 1 տարի 8 ամսվա ընթացքում մեզ հաջողվել է պետական բյուջեի եկամուտներն ավելացնել 43,6 տոկոսով, և այս միջոցներն օգտագործվել են հետևյալ կերպ. 199,1 մլրդ դրամ նվազեցվել են հարկ վճարողների հանդեպ նախկինում ունեցած պարտավորությունները, և դե ֆակտո մենք այսօր լուծել ենք տասնամյակներով Հայաստանում քննարկման առարկա դարձած գերավճարների հարցը, երբ հարկային տեսչությունը զանգում և ասում էր՝ գիտեք ինչ, ձեր հարկային պարտավորությունը 100 դրամ է, բայց քանի որ մենք հարկ հավաքելու խնդիր ունենք, պետք է 150 դրամ փոխանցեք: Այսինքն՝ 199 մլրդ դրամ պարտք մենք վերադարձրել ենք բիզնեսին: Ընդ որում, 199 մլրդ դրամից 40 մլրդ դրամն այն պարտքն է, որը նախկինում ավելացված արժեքի հարկի անցումային գերավճարներն են եղել, որոնք 2017 թվականին ընդունված Հարկային օրենսգրքի փոփոխություններով, ըստ էության, դասակարգվել էին որպես երրորդ սորտի պարտք: Այսինքն՝ այդտեղ կար ակնարկ, որ ընդհանրապես պետությունը գիծ է քաշում և այս պարտքից հրաժարվում է ըստ էության: Բայց մենք, հաշվի առնելով նաև բյուջեի եկամուտների գերակատարումը, համարեցինք, որ դա տնտեսական ակտիվացման շատ լավ խթան կլինի և որոշեցինք այդ պարտքը վերադարձնել: Իսկ մնացած 306 մլրդ դրամն ավելացել է պետական բյուջեի հարկային եկամուտներում, ինչն օգտագործվել է կոնկրետ նպատակների համար, ես հետագայում կասեմ՝ և՛ կապիտալ ներդրումներ, և՛ աշխատավարձերի բարձրացումներ, և՛ թոշակների բարձրացումներ, և՛ նպաստների բարձրացումներ:
2019 թվականին հարկեր-ՀՆԱ հարաբերության ցուցանիշը կազմել է 22,3 տոկոս՝ նախորդ տարվա 20,95 տոկոսի համեմատ, այսինքն՝ 2019 թվականի ընթացքում մենք 1,38 տոկոսով հարկեր-ՀՆԱ ցուցանիշն ավելացրել ենք: Սա չափազանց շոշափելի ցուցանիշ է և համարժեք է 90,7 մլրդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտներին: Եվ շատ կարևոր է արձանագրել, որ 2019 թվականի արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 13 տոկոսով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 31 տոկոսով: Սա հատուկ ընդգծում եմ՝ ցույց տալու համար, որ այս հարկային եկամուտները, ինչպես էլի շատ երկար տարիներ ընդունված էր ասել կամ բողոքել, ոչ թե փոքր և միջին, այսպես ասած՝ անտեր, բիզնեսներից են հավաքվել, այլ մեծամասամբ այս ցուցանիշներն ապահովվել են խոշոր հարկատուների շնորհիվ կամ միջոցով:
2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի վերջ Հայաստանի Հանրապետությունում հավելյալ ի հայտ է եկել, այսինքն՝ ստվերից դուրս է եկել կամ ստեղծվել է ավելի քան 87 հազար աշխատատեղ: 2019 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ՝ Հայաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2,1 տոկոսային կետով, իսկ զբաղվածության մակարդակն աճել է 2,5 տոկոսային կետով: Սա ասում եմ՝ ի ցույց այն բանի, որ կառավարության ծրագրում գրված քաղաքականությունը զբաղվածության խթանման, գործազրկության կրճատման ուղղությամբ շատ էական և շոշափելի արդյունք է արձանագրել 2019 թվականին:
Հաշվետու տարում նորոգվել և հիմնանորոգվել է 460 կմ ճանապարհ, որից 110 կմ-ը՝ կառավարության սուբվենցիոն ծրագրերով, սա մի հիմնական մասով՝ բյուջեի լրացուցիչ եկամուտների հաշվին:
2019 թվականի վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ 2018 թվականի ընթացքում կառավարությանը հաջողվել է 2,2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը և այն հասցնել 23,5 տոկոսային կետի: Ծայրահեղ աղքատության մակարդակը նույն ժամանակահատվածում նվազել է 1,4 տոկոսից մինչև 1 տոկոս: Ես ուզում եմ հիշեցնել, հարգելի գործընկերներ, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում որպես նպատակ արձանագրված է ծայրահեղ աղքատության վերացումը մինչև 2023 թվականը, և եթե մեզ հաջողվի այս տեմպով շարունակել, մեզ կհաջողվի դա անել: Նաև, ըստ էությա ն, պետք է արձանագրել, որ համենայն դեպս, նախաճգնաժամային շրջանում մենք ունեցել ենք աղքատության ամենացածր պատմական մակարդակը Հայաստանի Հանրապետությունում:
Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում միջին անվանական աշխատավարձն ավելացել է 5,8 տոկոսով: 2019 թվականի հունիսի 1-ից Զինված ուժերի զինծառայողների ամսական վարձատրությունը, կախված ծառայության վայրից և պայմաններից, բարձրացել է մինչև 30 տոկոսով, սեպտեմբերի 1-ից՝ հանրակրթական դպրոցների շուրջ 38000 ուսուցիչների, բարձրագույն ուսումնական հաստատությունների 2600 դասախոսների, առաջին օղակի 10000 բուժաշխատողների աշխատավարձերը բարձրացել են 10-30 տոկոսով: Հոկտեմբերի 1-ից Փրկարար ծառայության սպայական անձնակազմի և կրտսեր խմբի աշխատավարձը բարձրացել է մինչև 52 տոկոսով: 2020 թվականի հունվարի 1-ից քրեակատարողական ծառայողների աշխատավարձը բարձրացել է 30 տոկոսով: 2020 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 55000 դրամից բարձրացել և սահմանվել է 68000 դրամ: Կառավարությունը 2019 թվականի հունվարի 1-ից բարձրացրել է 64084 նպաստառուների նպաստների, 3307 զինվորական կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը՝ նվազագույնը սահմանելով 25500 դրամ: Իսկ 2019 թվականի հունվարի 1-ից բարձրացվել են նաև 21785 աշխատանքային և 7583 երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացողների կենսաթոշակները՝ նվազագույն կենսաթոշակի մակարդակ սահմանելով 25500 դրամը։ 2020 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների չափը բարձրացել է միջինը 10 տոկոսով:
Հարգելի գործընկերներ, հարկ եմ համարում ընդգծել, որ 2018 մայիսից մինչև այսօր մենք ավելի քան 1 մլն 100000 մարդու կամ աշխատավարձը, կամ նպաստը, կամ թոշակը ավելացրել ենք: Ընդ որում, պարտադիր չէ, որ դա լինի բյուջեի ուղղակի ֆինանսավորմամբ, ուզում եմ հիշեցնել, որ հունվարի 1-ից համահարթ եկամտային հարկի սահմանմամբ բարձրացել են հարյուր հազարավոր մարդկանց աշխատավարձերը: Ես էլի ուզում եմ անդրադառնալ – քանի որ գիտեմ, որ այդ թեման շարունակ, տարբեր նպատակներով քննարկվում է- պետական ծառայողների և պաշտոնյաների աշխատավարձի բարձրացմանը։ Ես ուզւմ եմ կրկին ընդգծել՝ այո՛, իմ որոշմամբ դա տեղի է ունեցել, և դա տեղի է ունեցել, որովհետև Հանրապետության հրապարկի հեղափոխական հարթակից ես խոստացել եմ, որ պետական ծառայողների աշխատավարձերը կբարձրանան, և այդ խոստումն ի կատար է ածվել: Ինչո՞ւ պարգևավճարների համակարգով և ոչ աշխատավարձերի համակարգով, որովհետև գործող աշխատավարձերի համակարգը, որն այսօր գործում է, իր ստեղծման առաջին օրից դեֆորմացված է, և այսօր հանրային ծառայության բարեփոխումների շրջանակում այս ողջ պրոցեսը, որը մենք հիմա իրականացնում ենք՝ դե ֆակտո որպես աշխատավարձ, դե յուրե որպես պարգևավճար, տրանսֆորմացիաներն ձեր հաստատմամբ և աջակցությամբ՝ որպես աշխատավարձի համակարգ: Ուզում եմ ասել, որ մենք պլանավորում ենք պետական կառավարման համակարգում, հատկապես դատաիրավական համակարգում ավելացնել աշխատավարձերը, որովհետև մենք համոզված ենք, որ դա է Հայաստանում արդյունավետ անկախ դատական համակարգ ունենալու ճանապարհը: Այսքանը աշխատավարձերի մասով:
2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստներն աճել են 26,1 տոկոսով կամ շուրջ 590 մլն ԱՄՆ դոլարով՝ տարեվերջին հասնելով 2,85 մլրդ ԱՄՆ դոլարի մակարդակի: Երրորդ հանրապետության պատմության մեջ Հայաստանի միջազգային պահուստներն երբեք այսպիսի մակարդակ չեն ունեցել: Բանկային համակարգի ակտիվները տարեսկզբից աճել են 16,9 տոկոսով կամ 842 մլրդ դրամով, տրամադրված վարկերի ծավալը՝ 16,9 տոկոսով կամ 528 մլրդ դրամով, ներգրավված ավանդների ծավալը՝ 20,7 տոկոսով կամ 611 մլրդ դրամով: Միջազգային վարկանիշային գործակալություններն արձանագրված տնտեսական ցուցանիշների և վարվող ոլորտների քաղաքականությունների գնահատման արդյունքում բարձրացրել են Հայաստանի սուվերեն վարկանիշը: Մասնավորապես՝ «Ֆիթչ»-ը այն բարձրացրել է BB-, «Մուդիզ»-ը՝ Ba3 մակարդակի: 2019 թվականին Հայաստանի բանկերում ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդներն ավելացել են 48 տոկոսով կամ 337 մլրդ դրամով 7 կազմել են շուրջ 1 տրլն դրամ: Այս միտումը, մի կողմից, համահունչ է ցածր տոկոսադրույքներով շուկաներից դեպի բարձր տոկոսադրույքների շուկա կապիտալի հոսքի համաշխարհային պրակտիկային, իսկ, մյուս կողմից, վերահաստատում է Հայաստանի տնտեսության, այդ թվում՝ ֆինանսական համակարգի նկատմամբ օտարերկրյա տնտեսվարողների մոտ վստահության ամրապնդումը:
Շատ կարևոր է արձանագրել, որ 2019 թվականի արդյունքներով՝ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է՝ դեկտեմբերին կազմելով ռեկորդային ցածր՝ 0,85 տոկոս: Ինչի՞ մասին է խոսում այս ցուցանիշը: Այս ցուցանիշը խոսում է այն մասին, որ դեկտեմբերի դրությամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վարկունակությունը, այսինքն՝ իրենց վերցրած վարկերի սպասարկման կարողությունը եղել է աննախադեպ բարձր։ Այսինքն՝ նախկինում երբեք ժամկետանց վարկերի այսպիսի ցածր տոկոս չենք ունեցել:</ p>
Քանի որ մեր ծրագրի ամփոփիչ հատվածում կար նաև բնապահպանական կոմպոնենտ, ուզում եմ ընդգծել, որ հաշվետու ժամանակաշրջանում դադարեցվել է թվով 4 մետաղական հանքերի շահագործման իրավունքը: Հանքերից 3-ը եղել են ոսկու, իսկ 1-ը՝ պղնձի հանքավայր: 2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տնկվել է 500000 ծառ: Իհարկե, գիտեք, որ մենք այս տարի 10 մլն ծառի պլան ունեինք, որովհետև դա պլանավորում էինք որպես համահայկական ակցիա, բայց ճգնաժամն իր ուղղումներն է մտցրել, և մենք այդ ակցիան կիրականացնենք այլ տրամաբանությամբ: 2019 թվականին Սևանից ջրառը նվազագույնն է վերջին 10 տարիների համար, այսինքն՝ վերջին 10 տարում երբեք Սևանից ավելի քիչ ջուր չի վերցվել, քան 2019 թվականին: Ընդ որում, օրենքով նախատեսված 170 մլն խմ ջրից 26 մլն 140000 խմ պակաս է բաց թողնվել: Օրենսդրական փոփոխության արդյունքում Սևանա լճից հավելյալ ջրառն իրականացնելու համար կառավարությունն Ազգային ժողովին կարող է դիմել այն դեպքում, եթե պաշտոնապես հայտարարվել է երաշտ: Ի դեպ, ուզում եմ ընդգծել, որ այս կետերից 2-ը՝ առնվազն այս օրենսդրական նախաձեռնությունը և նվազագույն աշխատավարձի փոփոխության օրենսդրական նախաձեռնությունը, բխել են Ազգային ժողովից, և այդ օրենսդրական նախաձեռնության հեղինակներ են Ազգային ժողովի պատգամավորներ:
Ես ուզում եմ նաև, որպես մեր գործունեության կարևոր ցուցանիշ, 1-2 ցուցանիշ նշել նաև Զինված ուժերի հետ կապված: Դուք գիտեք, որ մեզ համար շատ կարևոր է Զինված ուժերում, մասնավորապես, առաջնագծի պատշաճ կահավորումը: Նախորդիվ, արդեն հանրահայտ է սպառազինությունների ձեռքբերումը, բայց ես ուզում եմ արձանագրել հետևյալը, որ հաշվետու ժամանակաշրջանում առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք, արդյունաբերական հոսանք է ստացել 64 մարտական դիրք, մշտական ջուր է ստացել 134 մարտական դիրք, 35 մարտական դիրքում կահավորվել է մոդուլային բաղնիք։ Այսօրվա դրությամբ, դուք գիտեք, որ Զինված ուժերն անցնում է նոր սննդակարգի, այսօրվա դրությամբ՝ Զինված ուժերի ժամկետային զինծառայողների 74 տոկոսն արդեն սնվում է նոր սննդակարգի համակարգով: Մարտական դիրքերի 54 տոկոսը սնվում է նոր սննդակարգով: Առաջիկայում՝ ամսի 8-ին, նախատեսված է ևս մեկ բավական շոշափելի փուլ, և մեր գնահատմամբ՝ արդեն ամսի 8-ից Զինված ուժերի ժամկետային զինծառայողների, նոր սննդակարգով սնվող զինվորների թիվը կհասնի մոտավորապես 90 տոկոսի, այսինքն՝ այս պրոցեսը նույնպես շատ լավ է ընթանում:
Ես ուզում եմ արձանագրել, որ 2019 թվականի բարձր տնտեսական ցուցանիշները նոր տեմպով և նոր ձևով արձանագրվեցին 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին: Հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը մենք ունեցել 8,7 տոկոս, արդյունաբերության 15,3 տոկոս աճ ենք ունեցել, շինարարության աճ՝ 5,8 տոկոս, առևտրի աճ՝ 6,3 տոկոս, ծառայությունների աճ՝ 11,2 տոկոս: Եվ ուզում եմ ընդգծել, որ այս պայմաններում, քանի որ հետո ճգնաժամի մասին խոսելու ենք, սպառողական գների ինդեքսը եղել է 99,9 տոկոս: Այսինքն՝ նախորդ տարվա առաջին 2 ամիսների համեմատ այս տարվա առաջին 2 ամիսներին մենք ունեցել ենք գների անկում: Իհարկե, տնտեսագետները միշտ չէ, որ սա լավ են համարում, հիմնականում վատ են համարում, բայց սպառողական, քաղաքացիների կենսամակարդակի առումով սա շատ կարևոր ցուցանիշ է: Միջին ամսական աշխատավարձերն աճել են հունվար-փետրվարին 10,4 տոկոսով: Արտահանումն աճել է 8,8 տոկոսով: Եվ կրկին ուզում եմ ընդգծել, որ 1000 խոշոր հարկատուների կողմից այս տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը 2019 թվականի հունվար-մարտ ամիսների համեմատ ավելացել է 11,3 տոկոսով, իսկ 2018 թվականի համեմատությամբ՝ 37,4 տոկոսով: Եվ ուզում եմ ընդգծել, որ, ըստ էության, գիտեք, որ մարտի 1-ից Հայաստանում արձանագրվեց առաջին կորոնավիրուսի դեպքը, և մարտի 13-ից մենք լիարժեք մտանք ճգնաժամային փուլ՝ իր բոլոր պարամետրերով, և չնայած սրան՝ 2020 թվականի բյուջեի եկամտային մասի առաջին եռամսյակի հարկային եկամուտները գերակատարվել են 8,9 մլրդ դրամով: Բայց ուզում եմ ասել, որ 2020 թվականի հունվարի վերջին Պետական եկամուտների կոմիտեի նախագահն ինձ զեկուցել է, որ մենք եռամսյակի արդյունքներով սպասում ենք մոտավորապես 20 մլրդ դրամի գերակատարում, բայց ճգնաժամի առաջին հարվածից մենք կարողացանք այդ գերակատարումը միայն կեսից պակաս չափով իրականացնել, բայց, այնուամենայնիվ, 8,9 մլրդ դրամով գերակատարվել է ցուցանիշը:
Եվ այսպես, մարտին սկսվեց մեր կորոնավիրուսային ճգնաժամը: Գիտեք՝ կառավարությունը նախաձեռնեց արտակարգ դրություն, և հիմա ես ուզում եմ խոսել այն մասին, թե ինչպես մենք կառավարեցինք ճգնաժամը, ինչպես ենք կառավարում, ճգնաժամի կառավարման ինչ արդյունքներ ունենք, ունենք արդյոք արդյունքներ, թե չունենք և ինչ ենք պատրաստվում անել հետագայում:
Արտակարգ դրության առաջին գործողությունները սահմանափակումներն էին, և ընդհանրապես հակաճգնաժամային մեր առաջին գործողության նպատակը եղել է՝ Հայաստանում խուճապ թույլ չտալը, որովհետև մենք աշխարհի բազմաթիվ երկրներում տեսնում էինք կորոնավիրուսի դեպքերին զուգընթաց խուճապային երևույթներ: Երկրորդ ամենակարևորը խնդիրը, որ մենք մեր առաջ դրել ենք, ապահովել, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա սպասարկել կորոնավիրուսով հիվանդ անձանց, այսինքն՝ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն բուժօգնության կարիք, ստանան այդ բուժօգնությունը: Ինչո՞ւ է նման հարց ծագում, որովհետև մենք տեսնում էինք, որ եվրոպական բազմաթիվ երկրներում հիվանդանոցային կարողությունները չէին հերիքում, և վերակենդանացման բաժանմունքների ենթակա մարդիկ ուղղակի հոսպիտալացված էին զբոսայգիներում, ծառերի տակ և այդպես շարունակ: Այդ նպատակով մենք սահմանափակումների շրջանում 300 համաճարակային հիվանդանոցային տեղերն առնվազն հնգապատկել ենք՝ դարձնելով 1500 մահճակալ, ևս 150 մահճակալ առաջիկա օրերին շահագործման կհանձնվի: Բացի սրանից, 600 հյուրանոցային-հիվանդանոցային տեղ ենք նախապատրաստել ասիմպտոմ դեպքերի համար: Այսինքն՝ դուք գիտեք, որ մեր դեպքերի առնվազն կեսը, նույնիսկ՝ կեսից ավելին, մարդիկ են, ովքեր կրում են կորոնավիրուս, բայց նրանք ոչ մի սիմպտոմ չունեն՝ ջերմություն չունեն, չեն հազում, չեն փռշտում, թոքաբորբ չունեն, բայց նրանք վարակակիր են, և նրանց նկատմամբ մեր քաղաքականությունը ոչ թե այն է, որ մենք նրանց բուժենք, այլ ապահովենք, որպեսզի նրանք ինչ-որ տեղ մեկուսանան, որպեսզի ուրիշներին չվարակեն: 2300 հյուրանոցային տեղ ենք պատրաստել կոնտակտավոր մարդկանց մեկուսացնելու համար: Այս ընթացքում մեկուսացվել է շուրջ 6000 մարդ: Եվ ուզում եմ ընդգծել, շատ կարևոր է եղել առաջին օրվանից, որ մենք այս մեկուսացման և հակաճգնաժամային միջոցառումների ընթացքում մեր քաղաքացիներից որևէ մեկի արժանապատվությունը նսեմացնող որևէ վերաբերմունք և որևէ գործողություն չանենք: Եվ ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում կարանտինի պայմաններն ընդհուպ հայտնվել են տարածաշրջանային և միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում՝ որպես օրինակելի ցուցանիշ, թե ինչպես պետք է այդ թվում՝ ճգնաժամային ժամանակաշրջանում պետությունը վարվի իր քաղաքացիների հետ:
Այս ընթացքում, հարգելի գործընկերներ, մենք իրականացրել ենք արդեն իսկ 16 հակաճգնաժամային միջոցառում: Եվ ուզում եմ ընդգծել, որ Ազգային ժողովի ներկայացուցիչները լիարժեք մասնակցություն են ունեցել մեր հակաճգնաժամային միջոցառումների քննարկումներին և ուզում եմ, առիթից օգտվելով, շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին արդյունավետ համագործակցության համար: Եվ ընդգծենք, որ 16 հակաճգնաժամային միջոցառումների արդյունքում մենք հասցրել ենք արդեն իսկ կոնկրետ աջակցություն ցուցաբերել շուրջ 21000 տնտեսվարողի՝ նրանց հատկացնելով արտոնյալ վարկեր և ավելի քան 1 մլն մարդ՝ ավելի քան 1 մլն ֆիզիկական անձ, կառավարությունից ստացել է ուղիղ աջակցություն: Եթե հիշում եք, ճգնաժամային առաջին օրերից այս դահլիճում շատ ինտենսիվ քննարկվում էր, և կային առաջարկներ, որ կառավարությունը վարչական որոշմամբ բանկային համակարգին պարտադրի տալ վարկային արձակուրդներ, և ես իմ սկզբունքային որոշումը հայտնել եմ, որ վարչական որոշմամբ այդպիսի լուծումների չի կարելի գնալ, որովհետև դա կբերի մեր ֆինանսական համակարգի կայունության էական խաթարման: Մենք այս թեմայով, առանց որևէ վարչական լծակի, մշտապես հաղորդակցության մեջ ենք եղել Կենտրոնական բանկի հետ, որը հաղորդակցություն է ապահովել նաև առևտրային բանկերի հետ, և ուրախ եմ արձանագրել, որ մայիսի 5-ի դրությամբ՝ վարկային կազմակերպությունները և բանկերը վարկային արձակուրդ են տվել ավելի քան 472000 ֆիզիկական անձանց և 15000 իրավաբանական անձանց: Վերակառուցվել է ֆիզիկական անձանց 768150 վարկ և իրավաբանական անձանց 16875 վարկ։
Եվ հիմա ես գիտեմ, որ վերջին շրջանում նաև հանրության շրջանում, Ազգային ժողովում, քաղաքական շրջանակներում քննարկվում է, և իրոք շատ կարևոր է արձանագրել՝ մեր 16 հակաճգնաժամային միջոցառումներն ի՞նչ արդյունք են տվել, ունե՞նք արդյոք չափելի արդյունք։ Որովհետև մեր մտավախությունն ի՞նչ էր՝ հենց առաջին օրերից, որ այս ամեն ինչի արդյունքում մենք երկրում կունենանք սոցիալական կոլապս և հումանտիար ճգնաժամ: Ընդ որում, ես ուզում եմ արձանագրել՝ որպես կառավարության գործունեության արդյունք, եթե հետաքրքրի, ես մեր որոշումների կապն ասվողի հե տ հարցուպատասխանի ժամանակ կարող եմ ներկայացնել: Շատ կարևոր եմ համարում հետևյալը, որ մեր ֆինանսական շուկան նախ շատ արագ կայունացավ: Դուք տեսաք, որ դրամի փոխարժեքի որոշակի անկայունության միտումներ սկսվեցին մարտի երկրորդ կեսին, բայց շատ արագ ոչ միայն վերադարձավ, այլև Կենտրոնական բանկն այս ճգնաժամային շրջանում շուրջ 90 մլն դոլարի գնում է իրականացրել շուկայից, և մեր ֆինանսական համակարգը ևս մեկ անգամ ապացուցեց իր կայունությունը:
Հաջորդը՝ ի տարբերություն շատ, այդ թվում՝ զարգացած երկրների, մենք չունեցանք շուկայական կոլապս, այսինքն՝ մեր ցուցափեղկերը չդատարկվեցին և մենք չունեցանք մի իրավիճակ, երբ մարդիկ չկարողանան խանութներից գնել իրենց անհրաժեշտ ապրանքները: Շատ կարևոր եմ համարում անդրադառնալ գնաճին, որը նույնպես որոշակի անկայունության միտումներ ցուցաբերելով՝ մեզ հաջողվեց շատ էֆեկտիվ, թույլ տվեք ասել, կառավարել գնաճը: Մենք այսօր շուկայում ունենք ապրանքներ, որոնք թանկացել են, խոսքը հիմնականում վերաբերում է նպարեղենին, մենք ունենք ապրանքներ, որոնք էժանացել են, և մենք ունենք ապրանքներ, օրինակ, որոնց գինը չի փոխվել, այսինքն՝ ունենք և՛ թանկացած, և՛ էժանացած ապրանքներ, և՛ ունենք ապրանքներ, որոնց գինը չի փոխվել: Բայց ընդհանուր առմամբ ես ուզում եմ ասել, որ շուկայում գնաճի առումով մենք ունենք լիարժեք հավասարակշռված վիճակ։ Սա չի նշանակում, որ ոչ մի բան չի թանկացել: Սա նշանակում է, որ թանկացումները և էժանացումները եկել, իրար հավասարակշռել են: Բերեմ պարարտանյութի օրինակը. պարարտանյութի շուկայում մենք ունենք որոշակի գնաճային էֆեկտներ: Գիտեք՝ պարարտանյութը գյուղատնտեսության համար չափազանց կարևոր է, բայց, մյուս կողմից, մենք ունենք դիզելային վառելիքի գնի աննախադեպ նվազում: Այսօր Հայաստանի Հանրապետությունում դիզելային վառելիքը վաճառվում է 280-300 դրամով: Ես ուզում եմ էլի մեր ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր հարցի, երբ երկար տարիներ մենք կանգնում էինք հետևյալ պրոբլեմի առաջ, և երբ միջազգային շուկաներում լինում էր գնաճ, մեր շուկան կայծակնային արագությամբ արձագանքում էր, երբ լինում էր գնանկում, դե այսօր, վաղը, մյուս օրը, տեսնենք՝ մյուս շաբաթ ինչ կլինի: Այսօր մենք ունենք հակառակ երևույթը. 2019 թվականին, ես շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ ի հեճուկս սննդամթերքի համաշխարհային գների բարձրացման՝ Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի դրությամբ արձանագրվել է սննդամթերքի գների անկում, և դա միայն մեկ բանի շնորհիվ՝ մենաշնորհային իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում հաղթահարված է: Նույնը վերաբերում է նաև բենզինի և դիզվառելիքի շուկային:
Հիմա արդյունքների մասին՝ արդյոք կառավարությունն ունի՞ ցուցանիշներ, որոնցով մենք կարող ենք արձանագրել՝ ի վերջո, Հայաստանի Հանրապետությունում սոցիալական կոլապս, սոցիալական ճգնաժամ կա՞, թե՞ ոչ: Ես հիմա ուզում եմ հրապարակել տվյալներ, որոնք, իմ կարծիքով, սենսացիոն են.
2020 թվականի ապրիլի 29-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում եղել է, արձանագրվել է 620905 աշխատատեղ: Խոսքը միայն այն աշխատատեղերի մասին է, որոնցով մարդիկ ստացել են աշխատավարձ, այդ աշխատավարձի համար ներկայացվել է եկամտային հարկի հաշվարկ, և վճարվել է եկամտային հարկ: 620000 մարդ ստացել է աշխատավարձ՝ ապրիլի 29-ի դրությամբ: Ես ուզում եմ ընդգծել, որ փետրվարին, օրինակ, Հայաստանի Հանրապետությունում եղել է 618000 աշխատատեղ: 2019 թվականի ամռանը մենք առաջին անգամ արձանագրել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատատեղերը հատել են 600000-ի սահմանագիծը: Բայց մենք հիմա ճգնաժամի պայմաններում, գոնե այսօրվա դրությամբ, ճիշտ է, անկանխատեսելիությունը մեծ է, մենք մայիսին չգիտենք ինչ կլինի, բայց Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 29-ի հաշվետվություններով ավելի շատ աշխատավարձ ստացող մարդ է եղել, քան փետրվարի դրությամբ: Ընդ որում, ապրիլին աշխատավարձի ֆոնդը կազմել է 123 մլրդ 883 մլն դրամ, իսկ փետրվարին՝ 119 մլրդ 700 մլն դրամ, այսինքն՝ ապրիլի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիները մոտավորապես 3-4 մլրդ դրամ ավելի շատ աշխատավարձ են ստացել, քան փետրվարին:
Սա ինչի՞ համար եմ ասում՝ ցույց տալու համար, որ, այո՛, արձանագրում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն այսօրվա դրությամբ հաջողվել է ճգնաժամը կառավարել այնպես, որ մենք կարող ենք վստահ խոսել սոցիալական ճգնաժամի բացակայության մասին: Ես ձեզ հիմա ավելի սենսացիոն տվյալներ հաղորդեմ: Դուք գիտեք, թե ինչքան քննարկվեց կոմունալ վճարների թեման: Դա դարձել էր մի ժամանակ, այսպես ասած, ներքաղաքական թիվ մեկ թեման, ոմանք նույնիսկ ուզում էին կոմունալների դրոշով հակահեղափոխություն անել: Դուք գիտեք, որ մենք կոմունալների հետ կապված 4 ծրագիր ենք իրականացրել, և այդ 4 ծրագրերի իմաստը ո՞րն է, որ մենք մոտավորապես 5 մլրդ դրամ փոխանցել ենք, փոխհատուցել ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կոմունալ վճարները՝ այն կանխավարկածով, որ մարդիկ պարտք են, չեն կարողանում վճարել, և մենք պետք է իրենց աջակցենք: Իհարկե, սա մի հսկայական սեգմենտի համար ճիշտ է, բայց այսօրվա դրությամբ, մեր փոխանցումներից 5 մլրդ դրամից մոտավորապես 2 մլրդ դրամը հաշիվներին նստել է որպես կանխավճար, այսինքն՝ 2 մլրդ դրամ հիմա նստած է մարդկանց կոմունալների հաշիվներին, ովքեր իրենց կոմունալ վճարները փակել են:
Սա ունի 2 բացատրություն. առաջինը՝ ապացուցված վիճակագրություն է, որ Հայաստանում անապահով խավի բաժանորդներն կոմունալ վճարների ամենապարտաճանաչ վճարողներն են, և մեր հաշվարկներով՝ 800 մլն դրամը մոտավորապես հենց այս սեգմենտի ժողովրդի հաշիվներին է նստել՝ որպես կանխավճար: Սա նշանակում է, որ 800 մլն դրամով իրենք ազատված են այդ վճարներից: Մեր գնահատմամբ՝ 1.8 մլրդ դրամը նստել է այն մարդկանց հաշիվներին, ովքեր իրականում դրա կարիքը չունեն: Նաև այս էր պատճառը, որ մենք այս որոշումը կայացնելիս շատ մտածում էինք, տատանվում էինք, որովհետև հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնելիս մեր ամենամեծ պրոբլեմը եղել է հետևյալը՝ ինչպե՞ս դարձնել մաքսիմալ հասցեական, բայց քանի որ մենք այլ գործիք չունենք, մենք որոշել ենք որոշակի էլեկտրաէներգիայի, գազի, ջրի սպառման մակարդակը վերցնել որպես հասցե, բայց դրա արդյունքում մենք հիմա մոտավորապես 1.8 մլրդ դրամ փոխանցել ենք այն մարդկանց հաշիվներին, ովքեր դրա անհրաժեշտությունը չունեն:
Թույլ տվեք ասել, հարգելի գործընկերներ, ներողություն եմ խնդրում նման հիշատակման համար, այդ թվում նաև մեծ թվով, ենթադրաբար, Ազգային ժողովի պատգամավորների կոմունալ հաշիվներին մենք փոխանցել ենք մոտավորապես միջինը 20000 դրամ՝ յուրաքանչյուր բաժանորդի համար: Խոսքը վերաբերում է նրանց, ովքեր էլեկտրաէներգիա սպառել են, ասենք, օրինակ՝ 25 հազար դրամի փետրվարին: Շատ կարևոր է արձանագրել, որ մենք բոլոր փոխանցումների համար հիմք ընդունել ենք փետրվար ամսվա հաշիվները՝ որպես ձմեռային շատ օգտագործված հաշիվ: Եվ կրկին ուզում եմ կոչ անել, մեկ անգամ կոչ արել եմ 1.8 մլրդ դրամի մեր սիրելի հայրենակիցներին, նրանք, ովքեր չունեն այդ կոմունալ աջակցության կարիքը, ես նրանց կոչ եմ անում, խնդրում եմ աջակցել մեզ, ես կոչ եմ անում գտնել ձեր շրջապատում մարդ, ով որոշակի կարիք ունի և այդքան գումարի չափով այդ մարդկանց ուղղակի աջակցել: Շնորհակալ եմ նրանց, ովքեր արդեն այդ որոշումը կայացրել են, այսինքն՝ դրանով դուք մեզ կօգնեք: Ոչ մեկի գրպանից չենք ուզում գումար, մենք խնդրում ենք, որ մեր ուղարկած գումարը վերահասցեագրեք ճիշտ հասցե, եթե դրա կարիքը չունեք: Դուք եք գնահատում, եթե դրա կարիքը ունեք, մենք ուրախ ենք նաև, որ աջակցելու հնարավորություն ենք ունեցել:
Հարգելի գործընկերներ, պատիվ ունեմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարողացել է, այդ թվում՝ Ազգային ժողովի օգնությամբ, կորոնավիրուսային սոցիալ-տնտեսական ճգնաժամը պահել կառավարելիության շրջանակում: Սա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները շարունակում են ապրել նույն կերպ, ինչպես ապրել են հունվարին կամ փետրվարին։ Սա նշանակում է, որ մենք, բարեբախտաբար, և ի հեճուկս բազմաթիվ ահազանգերի՝ չունենք սոցիալական կոլապս և ճգնաժամ: Բայց շատ ավելի կարևոր է ապագայի մասին խոսակցությունը, որովհետև թյուր է կարծիքը, թե ճգնաժամն անցել է կամ անցնում է, ճգնաժամը նոր-նոր սկսվում է: Եվ մենք արձանագրում ենք, որ առաջիկա առնվազն մեկ տարվա ընթացքում՝ մինչև մյուս տարվա մայիս, մենք ունենալու ենք կորոնավիրուսային ճգնաժամ:
Բացի այդ, ես ուզում եմ նշել կառավարության ևս մեկ, իմ կարծիքով շատ կարևոր և բացառիկ ցուցանիշ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության արտերկրյա գործընկերների, հարևան երկրների, սփյուռքի հայկական կառույցների և անհատ քաղաքացիների ակտիվ աջակցությամբ ու օգնությամբ մարտի սկզբից Հայաստան է վերադարձել շուրջ 70000, իսկ արտակարգ դրություն հայտարարելու պահից ի վեր՝ 23000 քաղաքացի: Հիմա ուզում եմ նաև ասել Հայաստան վերադարձած և Հայաստանը լքած քաղաքացիների ցուցանիշը. 2019 թվականի առաջին եռամսյակով Հայաստանի Հանրապետության 17000 քաղաքացի ավելի է վերադարձել, քան հեռացել է Հայաստանի Հանրապետությունից։ Սա, մի կողմից, լավ է, իհարկե, և ի կատարումն հայրենադարձության մեր քաղաքականության, բայց, մյուս կողմից, շատ լեգիտիմ հարց է բարձրացվում. այդ մարդիկ, որ այս տարի արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն չունեն, ինչպե՞ս են ապրելու և ինչո՞վ են զբաղվելու:
Հարգելի գործընկերներ, պատիվ ունեմ հայտարարել, որ մենք որոշում ենք կայացրել, որ այս տարի կազդարարենք կրթական և առողջապահական ավելի քան 100 օբյեկտների նորոգման, հիմնանորոգման և կառուցման ծրագրեր: Այսինքն, Հայաստանի Հանրապետության կառավարությունը կմեկնարկի շուրջ՝ ավելի քան 100, այս փուլում ասում եմ միայն կրթական և առողջապահական օբյեկտների շինարարության մեկնարկի մասին, և մենք հույս ունենք, որ դրանով կապահովենք մեր արտագնա աշխատանքի մեկնող հայրենակիցներին, ընդ որում՝ ոչ միայն այս տարի, այլ նաև մյուս տարի, որովհետև այդ սկսած կառուցապատումները, բնականաբար, մինչև տարվա վերջ չեն ավարտվելու և մյուս տարի շարունակվելու են: Բայց մենք ունենք մտավախություն, որ կառավարությունը կհայտարարի մրցույթները, կառավարությունը կհատկացնի ֆինանսավորումը, հիմա հարցը հետևյալն է Հայաստանի Հանրապետությունում կա՞ն արդյոք ընկերություններ, ձեռնարկություններ, որոնք կմասնակցեն այդ մրցույթներին, կհաղթեն մրցույթներում, կիրականացնեն այդ շինարարությունը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր: Սա մեր ամենամեծ մտավախությունն է, և նախորդ տարվա փորձը մեզ թույլ է տալիս նման մտավախություն ունենալ, որովհետև գործնականում նախորդ տարի մենք շատ լայն ճանապարհաշինական աշխատանքներ իրականացրեցինք, և նախորդ տարի գործնականում շինարարական 100 տոկոսանոց պոտենցիալը ներգրավված էր աշխատանքի մեջ: Այսինքն, եթե մենք նախորդ տարի ուզենայինք, այսինքն՝ ուզում էինք, կարող էինք կրկնակի ֆինանսները դնել, մենք այդ ճանապարհները չէինք կառուցի, որովհետև ճանապարհ կառուցող ընկերությունները չկան: Ես ձեզ ուզում եմ բերել մեկ օրինակ. հիմա սկսվել է Տավուշի մարզի Մակարավանք տանող ճանապարհի հիմնանորոգումը, ընդ որում՝ ուզում եմ արձանագրել, որ այդ ճանապարհը երբեք ասֆալտապատված չի եղել այնպես, ինչպես հիմա, բայց մենք ճանապարհը փորձում ենք վերանորոգել արդեն մեկ տարուց ավելի: Մենք մրցույթ ենք հայտարարում, և այդ մրցույթին ընկերություններ չեն մասնակցում: Ինչո՞ւ չեն մասնակցում ընկերությունները, որովհետև այդ ընկերություններն այնքան մրցույթների են մասնակցել, այնքան են շահել, որ իրենք էլ ի վիճակի չեն ավելի շատ աշխատանք անել:
Ուրեմն, այս 100 կրթական և առողջապահական օբյեկտների մասին հայտարարելով՝ իմ կոչն է մեր շինարարության ոլորտի կազմակերպություններին, որ կոնսոլիդացնեն իրենց ուժերը, առաջիկայում արդեն մրցույթներն կհայտարարվեն, և հույս ունեմ, որ մեզ կհաջողվի գալ համագործակցության այնպիսի մակարդակի, որ մենք արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների համար ոչ միայն աշխատատեղ կապահովենք, այլև շատ լուրջ ներդրումներ կիրականացնենք առողջապահության և կրթության բնագավառում:
Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ խոսել նաև 2019 թվականին և այսօրվա դրությամբ հաստատված քաղաքական իրավիճակի մասին, որովհետև, ինչպես հայտնի է, ժողովրդավարությունը մեր ծրագրի կարևորագույն դրույթներից է: Շատ կարևոր է արձանագրել, թե քաղաքական ինչ իրավիճակ է Հայաստանի Հանրապետությունում: Պատիվ ունեմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի մայիսից ի վեր հաստատված է ժողովրդավարական կայունություն: Հայաստանի Հանրապետությունը կայուն ժողովրդավարական պետություն է: Գիտեք, Հայաստանի Հանրապետությունում շատ երկա տարիներ հաստատված է եղել ավտորիտար կայունություն, և ավտորիտար կայունության ֆոնին ժողովրդավարական կայունությունը երբեմն կարող է թողնել անկայունության տպավորություն: Բայց ես ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդավարական կայունություն, հաստատված է ժողովրդական և ժողովրդավարական իշխանություն, և Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական կայունությանը ոչինչ չի սպառնում: Պատիվ ունեմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ քաղաքական, կրիմինալ, մաֆիոզ ուժ, որն ի վիճակի լինի խաթարել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական կայունությունը, որն ի վիճակի լինի Հայաստանում կասկածի տակ դնել 2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխությունը: Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական կայունություն է հաստատված, և հարկ եմ համարում ընդգծել, որ 2019 թվականին բոլոր միջազգային ժողովրդավարական ինդեքսներում Հայաստանի Հանրապետությունն արձանագրել է տպավորիչ անգամներով աճ՝ միջազգային ժողովրդավարական հանրության ետնախորշերից տեղափոխվելով միջազգային ժողովրդավարական հանրության, թույլ տվեք ասել, առաջնաբեմ:
Ի՞նչ խնդիրներ մենք չենք կարողացել լուծել 2019 թվականին։ Մենք չենք կարողացել լուծել Հայաստանի Հանրապետությունում անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու հարցը, և ես ուզում եմ ասել, թե մենք ինչու չենք կարողացել լուծել անկախ, վստահելի դատական իշխանության հարցը: Դրա համար կա, գոյություն ունի մեկ պատճառ, որովհետև մենք իրոք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում լինի անկախ, օրինական, վստահելի դատական համակարգ: Ես ուզում եմ սա շատ հստակ լինի բոլորիս համար: Ոչ թե մենք ուզում ենք իշխանության կամ հեղափոխության կամ նույնիսկ ժողովրդի համար վերահսկելի դատական համակարգ, այլ մենք իսկապես ուզում ենք, որպեսզի Հայաստանում լինի անկախ դատական համակարգ: Որովհետև եթե մենք ուզենանք ունենալ կառավարելի դատական համակարգ, հին խամաճիկային դատական համակարգի փոխարեն նոր խամաճիկային դատական համակարգ, մենք դա վաղուց լուծած կլինեինք: Ընդ որում՝ դրա համար 1-2 զանգը, կամ նույնիսկ զանգի բացակայությունը բավարար կլիներ, բայց մեր քաղաքական կամքն է, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունն այլընտրանք չունի, ժողովրդավարությունից հետընթաց չի կարող լինել, ժողովրդավարությունը միայն պետք է առաջընթաց ապրի: Բայց նաև ուզում եմ արձանագրել, որ անկախ դատական համակարգն այսօր մեր տնտեսական և քաղաքական հետագա զարգացման կարևորագույն գրավականն է, և մենք այստեղ պետք է հետևողականորեն առաջ անցնենք:
Ո՞րն է եղել 2019 թվականի մեր ամենամեծ ձախողումը: Մեր ամենամեծ ձախողումը 2019 թվականի և մինչև օրս շարունակվող Հայաստանի Հանրապետության ժողովրդից գողացված փողերի վերադարձի գործընթացն է եղել: Եվ ես պետք է խոստովանեմ, որ, այո՛, մենք այդտեղ ունենք անհաջողություն: Այդ անհաջողությունն ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Չնայած զուտ վիճակագրորեն, ես ասել եմ դրա մասին, օրինակ՝ Հատուկ քննչական ծառայությունը 2019 թվականին պետական բյուջե է վերադարձրել 7 անգամ ավելի շատ գումար, քան իր գոյության ողջ պատմության ընթացքում: Ե՛վ Ազգային Անվտանգության ծառայությունը, և՛ Քննչական կոմիտեն, և՛ Ոստիկանությունը նախկինի համեմատ պետական բյուջե վերադարձված գումարների թվերը տասնապատկել են: Բայց, միևնույն է, ես համարում եմ, որ մենք այս ոլորտում, կոռուպցիայի դեմ պայքարում ունենք անհաջողություններ: Այդ անհաջողություններն ունեն մի քանի շերտեր, և ուզում եմ այդ մի քանի շերտերի մասին խոսել:
Առաջինը՝ ուզում եմ լիարժեք խոստովանել, որ մեր դատաիրավական համակարգում կան նվիրյալ, բարձր պրոֆեսիոնալներ, և այն, ինչ ունենք, թեկուզ այն արդյունքները և նախադրյալները, որ ունենք, ունենք այդ բարձր պրոֆեսիոնալների շուրջօրյա աշխատանքի շնորհիվ: Ես նախկինում երբեք չեմ ասել, որովհետև ուզել եմ համոզված լինել, նոր ասել, չեմ ուզեցել դեկլարատիվ և քաղաքական հայտարարություն անել: Բայց ասում եմ, որ այսօր Հայաստանի դատական համակարգում, իրավապահ համակարգում կան բարձր պրոֆեսիոնալ նվիրյալներ, որոնք ոչ թե լոյալ կամ ոչ լոյալ են որևէ կառավարության կամ որևէ իշխանության նկատմամբ, նրանք նվիրված են իրենց աշխատանքին: Ես հիմա չեմ ասի նրանք ինչ տոկոս են կազմում՝ ընդհանուր ֆոնը չփչացնելու համար, բայց մեր դատաիրավական և իրավապահ համակարգում կան կոռուպցիոն համակարգի նվիրյալներ, և կան դավաճաններ, և դա մեզ համար լրջագույն խնդիր է: Մեր դատաիրավական համակարգում կան անգրագետներ, որոնք հոգով մաքուր են պայմանականորեն: Հիմա շատ լեգիտիմ հարց կլինի՝ բա այս երկու տարի է ինչո՞վ էիք զբաղված։ Զբաղված էինք հետևյալով՝ երբեք չենք ուզեցել և հիմա էլ չենք ուզում թացը չորին խառնել: Եվ ես էլի ու ում եմ հիշել աստվածաշնչյան հայտնի պատմությունը, որը վերջին տասը տարիների ընթացքում մի քանի անգամ վկայակոչել եմ իմ քաղաքական գործունեության ընթացքում՝ Սոդոմի և Գոմորի կործանման պատմությունը և այս համատեքստում Աբրահամի և Աստծո երկխոսությունը: Երբ իմանում է Սոդոմի և Գոմորի կործանման մասին, հարց է տալիս՝ եթե այդ քաղաքում 50 արդար լինի, կկործանե՞ս այդ քաղաքը՝ 50 արդարների հետ միասին, պատասխանը լինում է հետևյալը՝ ոչ, չեմ կործանի: Լավ, եթե 10 արդար լինի, կկործանես, ասում է՝ ոչ, եթե 10 արդար լինի, նրանց շնորհիվ չեմ կործանի այդ քաղաքը: Բանը հասնում է նրա , որ եթե մեկ արդար լինի, և Աստված լուծում է գտնում, ասում է՝ այդ մեկ արդարին կհանեմ քաղաքից և մնացածի հարցը լուծեմ: Ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության դատական, դատաիրավական համակարգում կան պայմանականորեն 10 կամ 50 արդարներ և Հայաստանի Հանրապետության կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը դատաիրավական համակարգը քանդուքար չի արել, չի ավերել միայն այդ պայմանականորեն 10 կամ 50 արդարների շնորհիվ: Ես ուզում եմ այս ամբիոնից այդ 50 արդարներին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից և ուզում եմ ասել հետևյալը. չնայած կոնկրետ արդյունքներ չկան, բայց հիմա ես 100 տոկոսով համոզված եմ՝ չգիտեմ երբ, ինչ ժամանակացույցով, դա քննչական և դատական մարմինները կասեն, բայց, թույլ տվեք, 100 տոկոսով համոզվածություն հայտնել, որ ընթացող քննությունների արդյունքներով՝ ոչ թե 99, այլ 100 տոկոսով կբացահայտվի երկար տարիներ Հայաստանում գոյություն ունեցած կոռումպացված ամբողջ համակարգը՝ իր բոլոր ճյուղերով, իր բոլոր գործող անձանցով, իր բոլոր մեխանիզմներով և իր ամբողջ դրամաշրջանառությամբ: Եվ համոզված եղեք՝ բոլոր կոռուպցիոներները կկանգնեն պատասխանատվության առաջ, և Հայաստանի Հանրապետության ժողովրդից գողացվածը կվերադարձվի: Ուզում եմ նաև շնորհակալություն և գոհունակություն հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը, և մենք առաջիկայում կունենանք բավարար գործիքակազմ՝ ժողովրդից գողացվածը ետ բերել ոչ միայն քրեական, այլև քաղաքացիական ընթացակարգերով:
Շնորհակալություն ուշադրության համար:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ