Լրահոս
Օրվա լրահոսը

«Պառավաքար գյուղից մարդը սարից իջել է, ասում է՝ մտել եմ 2 կիլո պեսոկ-մեսոկ առնեմ, ինձ 100 հազար դրամ տուգանել են». Սասուն Միքայելյանը՝ Փաշինյանին

Մայիս 06,2020 17:10

Այսօր ԱԺ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց. «Համընդհանուր հայտարարագրի մասին ասացիք, ես դա չեմ պատկերացնում: Մարդիկ կան, որ իրար հետ են բնակվում՝ հեր, տղա…ոնց որ սեփականատեր, ո՞նց պիտի տարբերվի, ի՞նչ ձեւ պիտի ներկայացվի հայտարարագիրը»:

Վարչապետը պատասխանեց. «Իրար հետ են ապրում՝ շատ լավ է, ամեն մեկը պետք է գրի, թե ինքը այդ տարվա ընթացքում ինչ եկամուտ է ստացել: Դա քննարկման հարց է՝ միայն եկամուտնե՞րը պետք է հայտարարագրվի, թե՞ նաեւ ծախսերը, որպեսզի իմանանք, թե իր հարկային պարտավորությունները ինչքանով է կատարում մեր քաղաքացին ու ինչքանով ունի աջակցության կարիք»:

Սասուն Միքայելյանը նաեւ հարցրեց՝ կորոնավիրուսի հետ կապված տուգանքների հարցը լուրջ է, մարդիկ դուրս են եկել ու տուգանվել. «Օրինակ, Տավուշից մարդը սարից իջել է, զանգել են ինձ Պառավաքար գյուղից, որ եկել եմ ինչ-որ բան առնեմ տանեմ, Երեւանից մարդիկ են եկել, բռնել են, ակտ են գրել: Պառավաքար գյուղից ասում են՝ մտել եմ 2 կիլո պեսոկ-մեսոկ առնեմ, ինձ 100 հազար դրամ տուգանել են: Հրազդանից էլ են ինձ զանգել, ասում են՝ 500 մետրի վրա գնացել են խանութ, բռնել ակտ են գրել: Դա հետագայում ո՞նց պիտի լինի: Այնպիսի մարդիկ են, որ վճարունակ չեն»:

Վարչապետը պատասխանեց. «ՀՀ քաղաքացիները պարտավոր են ենթարկվել օրենքին եւ օրենքի չիմացությունը որեւէ մեկին չի ազատում պատասխանատվությունից: Հակառակ դեպքում միշտ էլ կարելի է պատճառ բերել, ասել՝ ես չգիտեի, չեմ իմացել: Իհարկե, մարդկայնորեն հասկանալի է, բայց այն, որ այսօր մենք կորոնավիրուսի ճգնաժամը չենք հաղթահարել ու մարդիկ շարունակում են վարակվել, նաեւ այդ՝ մեր սիրելի քաղաքացիների պատճառով ու շնորհիվ է: Իրենք այդ սահմանափակումներին լուրջ չեն վերաբերվում, դա պրոբլեմ է: Մեր ուզածը հո այն չի, որ տուգանենք, մեր խնդիրն այն է, որ այնպես անենք՝ չհիվանդանան: Մենք խնդիր ունենք, որ մարդը սարից իջնի կամ սա՞ր բարձրանա: Չէ, բացարձակապես: Մենք մեր քաղաքացուն խնդրում ենք, ասում ենք՝ արձանագրեք, որ մենք հիմա ճգնաժամի մեջ ենք, դրա թիվ մեկ պատասխանատուն կառավարությունն է,բայց յուրաքանչյուրն իր վարքով կանխորոշում է, թե ճգնաժամն ինչքան կտեւի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031