«Գործընթացն իրավական է եւ տեղին»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնում նշանակվելուն, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Խոսելով նշանակման հետ կապված ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանի «քյանդրբազություն» որակման մասին՝ Սիմոնյանը հարցադրում արեց. «Գործենք այն տրամաբանության մեջ, որ Էդմոն մարուքյանները բավարարված լինեն եւ չկարողանա՞ն այստեղ կանգնած ամպագոռգոռ բաներ ասել, թե այնպես գործենք, որ ՀՀ քաղաքացիները բավարարված լինեն եւ գործողությունների առումով լինեն հստակ ու արդյունավետ: Կարծում եմ՝ ճիշտն այն է, որ քաղաքացիները բավարարված լինեն իրավապահների այն քայլերով, որոնք կիրականացնեն իրավապահ համակարգի այդ պաշտոնյաները»:
Մեկնաբանելով մամուլում առկա տեղեկությունները, թե Քյարամյանը Կոտայքի թեմի առաջնորդի որդին է, Ալեն Սիմոնյանը շեշտեց. «Նախ, ինձ որեւէ կերպ չի հետաքրքրում որեւէ մեկի անձնական կյանքը, նախկինում էլ ինձ թույլ չեմ տվել խոսել Սերժ Սարգսյանի կամ այլ պաշտոնյաների ընտանիքի անդամների մասին, նույն կոչն էլ անում եմ բոլորին, հիմա էլ չեմ ուզենա խոսել, թե ով ում հետ ինչ կապ ունի»:
Ինչ վերաբերում է Հայ առաքելական եկեղեցու մասին Ալեն Սիմոնյանի գրառմանը, նա պարզաբանեց. «Ես Հայ առաքելական եկեղեցու հետ խնդիր չեմ ունեցել եւ չեմ կարող ունենալ: Նա, ով Հայ առաքելական եկեղեցու հետ խնդիր կունենա, իր հետ ես խնդիր կունենամ: Իմ քննադատությունը եղել է անհատների հետ կապված, եւ ոչ միայն այդ կառույցում, այլեւ բոլոր կառույցներում անհատները հաճախ բացասական ազդեցություն են ունենում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ