Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալավերդիի Կիրովի փողոցը սեփականության իրավունքով ապօրինի հանձնվել է «Վալլեքս կապիտալ» մասնավոր ընկերությանը, ինչի հետևանքով փողոցում տեղադրվել են երթևեկությունն անհնարին դարձնող մետաղական կառուցվածքներ

Մայիս 06,2020 17:05

ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Ալավերդի քաղաքի Կիրովի փողոցի շուրջ 90 մետր հատվածը ապօրինի հաշվառվել է որպես «Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող տարածք և ներկայումս սեփականության իրավունքով պատկանում է «Վալլեքս Կապիտալ» ՓԲԸ-ին:

Մասնավորապես, պարզվել է, որ Ալավերդի քաղաքից դեպի Մադան բնակավայր տանող Կիրովի փողոցը 2001թ. պետական գրանցում է ստացել որպես համայնքային սեփականություն և ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում:

Մինչդեռ նման պայմաններում ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք, առերևույթ չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, գործով դեռևս չպարզված ժամանակահատվածում, նշված փողոցի մի մասի նկատմամբ գրանցել են «Վալլեքս Կապիտալ» ՓԲ ընկերության իրավունքը, որի արդյունքում համայնքը զրկվել է իր գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու, իսկ համայնքի բնակիչները՝ փողոցով անարգել երթևեկելու հնարավորությունից՝  նկատի ունենալով նաև, որ փողոցի այդ հատվածում տեղադրվել են երթևեկությունն անհնարին դարձնող մետաղական կոնստրուկցիաներ: Դրանով էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին և իրավունքներին:

Միաժամանակ, Ալավերդի համայնքի իրավասու պաշտոնատար անձինք, խախտելով ՀՀ հողային օրենսգրքի պահանջները, հաստատապես իմանալով այդ ամենի, փողոցի այդ հատվածում առանց թույլտվության մետաղական կոնստրուկցիաներ տեղադրվելու, ինչպես նաև համայնքապատկան հողամասերի` դրանց նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան չօգտագործելու հանգամանքների մասին, մինչև 2020թ. ընկած ժամանակահատվածում որևէ միջոց չեն ձեռնարկել ճանապարհի հողամասի ինքնակամ զավթումը, դրանց վրա առանց թույլտվության տեղադրված շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, հողամասն ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացրած  անձանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ:

Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ նշվածի փաստի առթիվ Ոստիկանության Թումանյանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 315²-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Նման իրողությունների պարզումը օրախնդիր են դարձնում համայնքներին պատկանող հողամասերի օտարման, վարձակալության և ենթավարձակալության հանձնելու հանգամանքների ուսումնասիրություննների իրականացումը: ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրված հանձնարարության հիման վրա պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում Լոռու մարզի դատախազության կողմից արդեն իսկ սկսվել է մասշտաբային գործընթաց, որի արդյունքների մասին կտեղեկացվի հընթացս:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031