Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե կառուցապատում են թույլատրում՝ միայն դպրոց ու մանկապարտեզ. Ծարավ Աղբյուրի բնակիչները դեմ են խիտ թաղամասում եւս մեկ բազմաբնակարանի

Մայիս 06,2020 16:53

Այսօր Ծարավ Աղբյուր թաղամասի մի քանի շենքերի բնակիչներ իրենց շենքերի տարածքում բողոքի ցույց էին կազմակերպել՝ ահազանգելով, որ հարեւանությամբ ընթացող շինարարությունն անօրինական է, քաղաքաշինական նորմերի խախտումներով ու բնակիչների իրավունքների ոտնահարմամբ:

Խոսքը, մասնավորապես՝ Ծարավ Աղբյուր թաղամասի Ավան 4 եւ Ավան 6 համալիրների անմիջապես հարեւանությամբ  բազմաբնակարան նոր շենքի կառուցման մասին է, որի հողային աշխատանքներն, ըստ բնակիչների, արդեն իսկ նյութական վնասներ են հասցրել հարեւան շենքերին: Ցույցի մասնակիցների ներկայացմամբ, վնասել են շենքերի գազատար խողովակը, հարեւանությամբ գտնվող նորատունկ ծառերի պուրակի հողային եւ ավտոկայանատեղիի մի մասն է փլուզվել: Չնայած, որ գազատար խողովակին հասցրած վնասը կառուցապատողի կողմից վերականգնվել է, բայց բնակիչների ահազանգերին ի պատասխան, ԱԻՆ-ից եկել ու հաստատել են, որ նշյալ հատվածում փլուզման վտանգ կա:
Բնակիչների խոսքով, այդ տարածքում կառուցապատողը սկսել է աշխատանքներ կատարել ապրիլի 19-ից. «Մենք դիմել ենք տարբեր մարմինների եւ պարզել, որ այդ հասցեում շինարարություն կատարելու թույլտվություն տվյալ շինարարը չունի: Բայց հակառակ սրան՝ արդեն քանի օր, տարածքում գործ են արել»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեցին բնակիչները:

Քանի որ տարածքում որեւէ ծանուցող ցուցանակ չկա, նրանց հասած տեղեկությունների համաձայն, իրենց շենքերի հարեւանությամբ կառուցվելու է բազմաբնակարան շենք, ինչը բնակիչները անթույլատրելի են համարում քանի որ տարածքն առանց այդ էլ, խիտ կառուցապատված է բազմահարկ շենքերով. «Բակում կանաչ տարածք, չունենք, չունենք նաեւ դպրոց ու մանկապարտեզ: Մոտակայքում առկա դպրոցն ու մանկապարտեզն էլ վճարովի են՝ բնակիչներիս գրպանին անհասանելի: Եթե կառուցապատման համար տարածք կա, ապա պետք է հանրակրթական դպրոց կառուցվի ու մանկապարտեզ, քանի որ թաղամասը նորակառույց է, երիտասարդ ընտանիքներով բնակեցված ու դրանց անհրաժեշտությունը ավելի շատ կա»:
Բնակիչների խոսքով, շրջակա շենքերում մոտ 10 հազար բնակիչ է ապրում, սակայն կրթօջախները բացակայում են:
Ո՞վ է կառուցապատող ընկերությունը, կա՞ արդյոք շինթույլտվություն, ի՞նչ է կառուցվելու նշյալ տարածքում Aravot.am-ի այս հարցերին ի պատասխան, Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ որեւէ շինթույլտվություն առկա չէ. «Կա նախագծման թույլտվություն, համաձայն որի նախատեսվում է կառուցել 12 հարկանի բնակելի շենք»:

Ըստ նրա, կառուցապատողը «Արմարշին գրուպ» ՍՊԸ-ն է, սակայն շինարարություն, որպես այդպիսին կառուցապատողը չի արել. «Կառուցապատողը նախկինում այլ տարածքից իր տարածք բերված հողային լիցքն է հեռացրել, աշխատանքի ընթացքում մետաղապլաստե խողովակ է վնասվել, որն անմիջապես վերականգնվել է: Փաստում ենք, որ փոսորակի փորման աշխատանք չի արվել, այսինքն՝ կառուցապատումը չի սկսել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031