«Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն այսօր ԱԺ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու համար ինչ են անում ու ի՞նչ արդյունք ունեն:
Վարչապետը պատասխանեց. «Աղքատության հաղթահարման ճանապարհը աշխատանքն է, աշխատանքի հասնելու ճանապարհը՝ կրթությունը: Հետեւաբար, աղքատության հաղթահարման առաջնային գործիք ես կհամարեմ կրթությունը, երկրորդային գործիք՝ աղքատությունը: Նախորդ տարի հազար ընտանիքի համար անասնապահությամբ զբաղվելու հնարավորություն ստեղծեցինք: Ընտանիքին տալիս ենք կով, փող, կցում ենք մասնագետ, որը անասնապահական ծառայություն մատուցի ու որոշ ժամանակահատվածում չենք զրկում նպաստից: Մենք բացառել ենք, երբ մարդը սեզոնային աշխատանքի ընդունվելու պատճառով զրկվի նպաստից: Նախկինում գործարանները աշխատակից չէին կարողանում ներգրավել, որովհետեւ մարդիկ ասում էին՝ 6 ամսով աշխատանքի ընդունվենք, նպաստից կզրկվենք»:
Վարչապետն ասաց, որ սոցիալական կոլապս չկա երկրում, բայց դա չի նշանակում, թե սոցիալական դժվարություններ չկան, դեռ պետք է գնահատեն, թե համավարակը սոցիալական համակարգում ինչ ազդեցություն է թողել:
Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, որ համատարած հայտարարագրման համակարգը կարեւոր է. «Վաղը, մյուս օրը, երբ կառավարությունը կբերի այդ նախագիծը, խնդրում եմ ձեզ հիշել, որովհետեւ լինելու են, ասելու են՝ ուզում եք մեր պապիկներին եւ տատիկներին հայտարարագրել, он и тебя сосчитал…Այս օրը հիշեք: Եթե մենք ունենայինք համատարած հայտարարագրում, այսօր չէինք փնտրի անապահովներին, որ օգնենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ