ԱԺ նիստը շարունակվում է: «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ աշխատատեղերի ավելացման ցուցանիշը ցույց է տալիս նո՞ր աշխատատեղերը, թե՞ ստվերի կրճատումը: Վարչապետը պատասխանեց, որ այդ հարցի պատասխանը չունեն. «Ամենամեծ բարդություններից մեկը, որ մենք ունենք, տվյալների բացակայությունն է մեր մասին: Կոմունալ վարձերի հետ կապված, երբ նայում էինք, դժվարությունը ոչ թե այն էր, որ վարձերի հետ կապված քաղաքացիներին աջակցենք, այլ դժվարությունն այն է, որ մենք իրենց գտնենք՝ ո՞վ է՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար:
Ինձ ասում են, որ կոմունալների հետ կապված իմ ասածը թյուրըմբռնման տեղիք է տվել: Մենք կոմունալների հետ կապված 3 միջոցառում ենք արել, որոնք կարող են վերաբերել ոչ միայն անապահով խավին, այլեւ ապահով խավին: Մենք ասել ենք՝ նրանք, ովքեր փետրվարին սպառել են մինչեւ 25 հազար դրամ էլեկտրաէներգիա եւ մինչեւ 40 հազարի գազ, նրանց կոմունալ վճարի 30 տոկոսն ենք փոխհատուցում: Այդ սպառման մեջ կան մարդիկ, ովքեր իրոք խնդիր ունեն, կան մարդիկ, ովքեր չունեն, բայց գումարը տրվել է բոլորին ոչ թե անհատական տվյալով, այլ՝ հաշվիչի տվյալով: Մեծ հավանականությամբ կարող են լինել շատ պաշտոնյաներ, պետական աշխատողներ, ունեւոր մարդիկ: Հարց առաջացավ նույնիսկ 1000 դրամի սեգմենտում ովքեր են: Բայց հիմա մենք գիտենք, որ կան մարդիկ, օրինակ, Ծաղկաձորում ունեն տուն, Դիլիջանում երկրորդ տուն՝ «դաչայի» կարգավիճակով, իրենք այդ աջակցությունը ստացել են: Մենք չունենք գործիք 1000 դրամ սպառած ապահովին տարբերակել 1000 դրամ սպառած անապահովից: Հիմա այդ բոլոր գումարները նստած են որպես կանխավճար բաժանորդային հաշվին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ