Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլը» խմբակցությունում քննարկվում են կարգապահական բնույթի հարցեր». Մակունցը՝ Վարդան Աթաբեկյանի, Աննա Կարապետյանի մանդատը վայր դնելու լուրերի մասին

Մայիս 06,2020 14:26

«Իմ քայլը» խմբակցությունը վերջին շրջանում պարբերաբար նիստեր է անում, որոնք տեւում են 3-4 ժամ: Այսօր ԱԺ-ում լրագրողները խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին հարցրեցին՝ այդ տեւական նիստերի ժամանակ մանդատների հա՞րցն եք քննարկում, որի մասին մամուլում հրապարակումներ կան, քննարկե՞լ եք Վարդան Աթաբեկյանի, Աննա Կարապետյանի մանդատները վայր դնելու հարցը: Մակունցը պատասխանեց. «Նախ, վարչության նիստերը սովորաբար տեղի են ունենում երեքշաբթի օրերին, իսկ հաճախականությունը պայմանավորված է տարբեր թեմաներով որոշումներ կայացնելով: Դա կարող է լինել կորոնավիրուսին առնչվող իրավիճակի առումով, թե այլ: Ինչ վերաբերում է երկրորդ հատվածին, կուսակցությունում, «Իմ քայլը» խմբակցությունում պարբերաբար քննարկվում են կարգապահական տարբեր բնույթի հարցեր, իսկ թե այդ հարցերը այս փուլում ինչին են առնչվում, թույլ տվեք չհրապարակել, որովհետեւ դրանք ներքին հարցեր են: Չեմ հրապարակի ոչ միայն կարգապահական բնույթի, տեսակի վերաբերյալ, նաեւ անուններ չեմ հնչեցնի»:

Ճշտեցին՝ մենք կարո՞ղ ենք ենթադրել, որ որեւէ կարգապահական խնդիր են առաջացրել այս պատգամավորները՝ Մակունցը պատասխանեց. «Ես նախ պատգամավորների անուններ չհնչեցրի ու խնդրում եմ իմ արձագանքը չընկալել՝ որպես հաստատում ձեր հարցի: Տարբեր բնույթի հարցեր, այդ թվում՝ կարգապահական հարցեր քննարկելը խնդիրների մասին չի խոսում, այլ այն մասին, որ մենք շատ աչալուրջ ենք բոլոր տեսակի հարցերի նկատմամբ ու դրանց տալիս ենք արագ ու շուտափույթ լուծում»:

Լրագրողները փոխանցեցին՝ Վարդան Աթաբեկյանն ասել է, որ ճիշտ է, ինքը նման քննարկման ներկա չի եղել, բայց եթե անգամ ստիպեն մանդատը վայր դնել, դա հակասահմանադրական է եւ ինքը չի գնա այդ քայլին՝ Մակունցն արձագանքեց. «Տարբեր բնույթի կարգապահական հարցեր կարող են քննարկվել վարչությունում, որեւէ անուն չեմ հնչեցնում, չեմ հաստատում ու չեմ հերքում որեւէ բան: Ավել տեղեկատվություն հաղորդել չեմ կարող, որովհետեւ դա առնչվում է ներքին հարցերին: Եթե լինի այնպիսի տեղեկատվություն, որը հրապարակման ենթակա լինի, մենք, իհարկե, կհրապարակենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031