«Գուրգեն Խաչատրյանն արդեն ստորագրություն ուներ չհեռանալու մասին՝ հաշվի առնելով վերջին օրենքները, որոնք ընդունվեցին այս համաճարակի պայմաններում, որ կարող են մարդկանց ֆիքսել, թե որտեղ են գտնվում: Նա, գտնվելով վերահսկողության տակ, այդ ո՞նց եղավ, որ հանկարծ թաքնվեց: Կամ այս սահմանների փակ լինելու պարագայում ինչպե՞ս է հնարավոր թաքնվելը»,-«Մեդիա կենտրոն»-ի՝ տեսակապի միջոցով կազմակերպված «Ինչո՞ւ և ինչպե՞ս են կարևորագույն մեղադրյալները լքում Հայաստանը կամ հետախուզվում» թեմայով քննարկմանը հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու` Գուրգեն Խաչատրյանի հետ կապված իրավական զարգացումներին:
Հիշեցնենք՝ Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ ԱԱԾ-ն հայտարարել է հետախուզում, ձեռք բերված ապացույցների համակցությամբ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը:
Այս առիթով Ավետիք Իշխանյանը հիշեց՝ ժամանակին, երբ իրենք խմբով, որում կար նաև Նիկոլ Փաշինյանը, բանակցում էին այն ժամանակվա ոստիկանապետ Հովհաննես Թամամյանի հետ, վեճի ընթացքում նա ասել է՝ ի՞նչ եք ուզում ինձնից. կոմունիստների ժամանակ կոմունիստներին էինք ծառայում, ՀՀՇ-ի ժամանակ՝ ՀՀՇ-ին, դուք եկեք իշխանության, Ձեզ կծառայեմ ու ասաց. «Այդ նույն ոգով են աշխատանքը շարունակում: Եթե ինչ-որ իրավական մարմնի աշխատակից թերացել է իր աշխատանքում, մենք չենք տեսել նրա նկատմամբ որևէ պատիժ: Կարծում եմ՝ հարցն այլ է. արդյոք իրավապահ մարմինները գործում են օրենքին համապատասխա՞ն, թե՞ ցուցումով: Հաճախ ցուցմունքներն էլ այնպիսին են, որոնք իրավական գործընթացի հետ որևէ կապ չունեն, ինչը զայրացնում է վարչապետին, որ նրանք պայմանական ասած՝ հրահանգով ասֆալտին չեն փռում իր կողմից հրահանգված որևէ անձի»:
Ավետիք Իշխանյանը մտահոգություն հայտնեց՝ գործ ունենք անմեղության կանխավարկածի համատարած խախտումների հետ: Կրկին անդրադառնալով Գուրգեն Խաչատրյանին՝ ասաց. «Իսկ ինչո՞ւ էր պետք կալանավորումը, երբ հերքում չկա այն մասին, նա բոլորովին չէր խուսափում քննությունից: Որպես հրահա՞նգ, թե՞ պատիժ, իսկ ինչպե՞ս թաքնվեց: Թե՞ էլի պայմանական ասած՝ ձեռնտու էր թաքնվելը, թե տեսեք, հանցագործը թաքնվում է: Այն էլ արտակարգ դրության պայմաններում, ինչպե՞ս է հնարավոր թաքնվելը: Ուրեմն շատ կասկածելի է այս ամենը»:
Կարդացեք նաև
Ավետիք Իշխանյանը հենց այստեղ է տեսնում այն հարցի պատասխանը, թե ինչու իրապես քրեական հանցագործություն կատարած անձանց չեն վերադարձնում Հայաստան և ենթարկում պատասխանատվության: Այս առիթով նկատեց. «Երբ որևէ մեկը կարդար Արսեն Բաբայանի և Արա Բաբլոյանի քրեական գործերը, նրա ծիծաղը կգար: Այդ նույն քրեաիրավական համակարգը էլ ինչպե՞ս կարող է վերադարձնել իրական հանցագործություն կատարած անձանց: Այս երկու տարվա ընթացքում ինչո՞ւ չկա որևէ դատավճիռ, արդյոք այդքան բա՞րդ էին այդ գործերը՝ սկսած Մանվել Գրիգորյանի գործից վերջացրած բազմաթիվ գործերով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ