«Մտահոգիչ է: Այն մղումը, որը ՌԴ-ի՝ «Գազպրոմ»-ի մեր գործընկերներն ունեն, ընկերությունն ավելի մրցունակ դարձնելն է: Դա մեզ համար հասկանալի եւ ընդունելի ձգտում է: Եթե այն խողովակը, որով գազը հասնում է բաժանորդին, չսպասարկվի, երկու տարուց շարքից դուրս կգա: Որպեսզի այդ խողովակը լինի, ընկերությունը պատշաճ շահույթ պետք է ունենա, որպեսզի սպասարկի այդ ենթակառուցվածքը»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիան» դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողներին վաճառվող գազի սակագները հուլիսի 1-ից բարձրացնելու հայտով:
Փաշինյանը շարունակեց. «Բայց հիմա տեսնում ենք խնդիր: Մեր ռազմավարական գործընկեր երկրի կազմակերպությունն այս համընդհանուր ճգնաժամի պայմաններում, երբ էներգակիրների շուկան փլուզվում է, կարծում եմ՝ այլ մոտեցում պետք է ցուցաբերի: Մենք կխոսենք մեր գործընկերների հետ: ԵՏՄ օրակարգում կարեւոր խնդիրներից է էներգետիկ շուկայի ձեւավորումը, որի տրամաբանությամբ էլ պետք է առաջ շարժվենք»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ