«Չեք փոշմանե՞լ, որ գյուղատնտեսության նախարարությունը լուծարվեց: Գյուղի համար ո՞վ է պատասխանատու, որից կարող ենք ինչ-որ բան պահանջել»,-ԱԺ նիստում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման հարցադրում հղեց ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Վարչապետն արձագանքեց. «Համաձայն չեմ կարծիքի հետ: Անունը կա՝ Տիգրան Խաչատրյան, որի հեռախոսահամարը, համոզված եմ, որ ունեք: Մեր ընկալումն այն է, որ գյուղատնտեսության հետ պետք է առնչվենք ընդհանուր տնտեսական հայեցակարգի շրջանակում, այն տնտեսության մաս է»:
Ինչ վերաբերում է փաստին, որ կառավարությունը մտադիր է իր կառուցվածքում ստեղծել ներքին գործերի նախարարություն՝ ներառելով ոստիկանությունը, Մարուքյանը նկատեց, որ ժամանակին ԼՀԿ-ն էր առաջարկում կառավարության կառուցվածքի նման մոդել: Այս առնչությամբ Փաշինյանը շեշտեց. «Եթե պարզվի, որ ձեր ասած գաղափարն ենք վերցրել, շատ ավելի լավ, ուրախ կլինեմ, բայց կարծում եմ՝ գաղափարը լուրջ մոդիֆիկացիայի ենք ենթարկել: Ամեն դեպքում, եթե ձեր գաղափարը լինի, կարող ենք բոլորիս շնորհավորել այդ առիթով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ