Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսությունը չպետք է շարունակի զարգանալ տրադիցիոն ուղղություններով, ինչի հետևանքով միշտ կախված ենք եղել տարբեր պետությունների քմահաճույքներից ու շուկաներից. «Փաստ»

Մայիս 06,2020 13:03

Բյուջեի վերանայումն անհրաժեշտություն է, բայց հիմքում երկու գլոբալ նպատակ պետք է լինի: Անդրադառնալով «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որով նաև արտաքին պարտքի ավելացում է նախատեսվում, նման տեսակետ հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Թե որոնք են վերոնշյալ նպատակները՝ «Փաստի» հետ զրույցում Գ. Մակարյանը մանրամասնեց. «Բյուջեն անպայման պետք է վերանայվի, որովհետև այն նախագծվել է հանգիստ ու խաղաղ պայմանների համար, բայց հիմա այլ իրավիճակ է. բորսաներում գները փոխվել են, նույնը չեն նաև ապրանքների պահանջարկները: Առհասարակ, բոլոր պետությունները փորձում են որքան հնարավոր է պահպանել ներքին ռեսուրսները:

Հետևաբար, պետք է խոսվի նաև հարկերի ու մուտքերի նվազման մասին, ծախսերը ևս պետք է կարգավորվեն համապատասխան ձևով: Հաշվի առնելով, թե ինչպիսի մուտքեր ու ծախսեր են լինելու, բնականաբար, չի բացառվում նաև արտաքին պարտքի ավելացումը: Այն, որ արտաքին պարտքը կմեծանա, վտանգավոր չէ, քանի որ Հայաստանի ՀՆԱ-ն վերջին տարիներին աճել է, հաշվի առնենք նաև պահուստային ռեսուրսների առկայությունը:

Այս երկու հանգամանքները արտաքին պարտք վերցնելու տեսանկյունից առավել երաշխավորված լինելու հնարավորություններ են ստեղծում: Մեզ չպետք է անհանգստացնեն բյուջեի չափերը: Ամենակարևորն այստեղ այլ դաշտում է: Մասնավորապես, որ բյուջեի ծախսերն անպայման ուղղված լինեն հետկորոնավիրուսային ժամանակահատվածին, այն կարևոր խնդիրներին, համաձայն որոնց՝ արդարացված կլինի թե՛ բյուջեի փոփոխությունը, թե՛ արտաքին պարտք վերցնելը»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ այդ տրամաբանությամբ պետության առաջ երեք կարևոր խնդիր պետք է լինի. «Առաջինը տնտեսության պահպանումն է, այսինքն, որոշակի ճյուղերի գործունեության անխափան ապահովումը. կենսունակության հարթակ պետք է ստեղծվի, որ ստարտային լավ վիճակ լինի՝ մնացած կորուստները հետագայում ավելի լավ վերականգնելու համար: Երկրորդ խնդիրը զբաղվածության պահպանումն է, երրորդը՝ մարդկային կապիտալի պահպանումը: Կարևոր է նաև կրթության բաղադրիչը: Մենք աշխատուժի վերապրոֆիլացման, նաև մասնագիտությունների դասակարգման կարիք ունենք, ինչի արդյունքում կստեղծվի այնպիսի տնտեսություն, որն ավելի կայուն կլինի նման ճգնաժամերի նկատմամբ: Հայաստանի տնտեսությունը չպետք է շարունակի զարգանալ տրադիցիոն ուղղություններով, ինչի հետևանքով միշտ կախված ենք եղել տարբեր պետությունների քմահաճույքներից ու շուկաներից: Հիմա այս ամենի սկիզբը դնելու ժամանակն է: Եթե կառավարության քննարկումներում վերոնշյալ բաղադրիչների վերաբերյալ քննարկումներ չտեսնենք, պարզապես բյուջեի սովորական փոփոխություն կլինի, որն ուղղակի վերադասավորում է ծախսերն ու մուտքերը»:

«Պետությունը պետք է հաշվի առնի, որ համաճարակը «վիրավորել» է բիզնեսին, և վերքեր կան: Այդ վերքերի բուժման մեխանիզմների մի մասն այս միջոցառումներն էին, բայց նաև օրենքների փոփոխությունների անհրաժեշտություն կա: Բայց հիմա ոչ ոք չի խոսում օրենքները վերանայելու, բիզնես միջավայրը բարելավելու մասին: Բարելավված բիզնես միջավայրը վերքերը բուժող լավագույն դարմանն է, բայց ես հիմա չեմ տեսնում, որ թե՛ կառավարությունը, թե՛ ԱԺ-ն գեներացնեն այնպիսի օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կարող են բիզնես միջավայրը բարելավել, հեշտացնել գործունեության վերսկսման գործընթացը, նվազեցնել ավելորդ քաշքշուկները, խթանել ներդրումները, պաշտպանել բիզնեսին առաջացող նոր վտանգներից ու հարվածներից»,-նշեց Գ. Մակարյանը՝ հավելելով, որ մինչ այս չեն հաստատվել այնպիսի կարևոր ծրագրեր, ինչպիսին փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման և Հայաստանի արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարություններն են:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031