Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Զբոսաշրջության ոլորտի համար շրջանառություն կիրառելն այդքան էլ արդյունավետ չէ». Մեխակ Ապրեսյան. «Փաստ»

Մայիս 06,2020 12:41

Թեև զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների մի շարք առաջարկներ ընդունվել են, այնուամենայնիվ, համաճարակից առավել տուժած այս ոլորտը դեռ ունի այնպիսի առաջարկներ, որոնք ուշադրության կարիք ունեն: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է այդ առաջարկներին, խոսել նաև ոլորտի վերականգնման հնարավոր ժամկետների մասին:

«Առաջարկներից մեկը, որն ընդունվել է, վերաբերում է աջակցման երրորդ միջոցառմանը, որտեղ 24-500 մլն դրամ շրջանառություն ունեցող սուբյեկտները կարող էին օգտվել աջակցությունից՝ պայմանով, որ յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը պետք է պակաս չլիներ տարեկան շրջանառության տասը տոկոսից: Ստացվում էր, որ զբոսաշրջության ոլորտը հիմնականում չէր կարողանում ընդգրկվել այդ միջոցառման մեջ: Մենք այս հարցը բարձրաձայնել էինք՝ առաջարկելով հանել այդ չափանիշները՝ զբոսաշրջության ոլորտի համար: Խոսքը և՛ տարեկան շրջանառության, և՛ եռամսյակային շրջանառության մասին է: Առայժմ առաջարկն ընդունվեց հետևյալ ձևով. յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը 10 տոկոսից պակաս չլինելու չափանիշը փոխարինվել է «որևէ եռամսյակի շրջանառությունը չպետք է ավելի լինի, քան տարվա շրջանառության 70 տոկոսը» եզրույթով: Սա էական փոփոխություն է, բայց մենք շարունակում ենք պնդել, որ զբոսաշրջության ոլորտի համար շրջանառություն կիրառելն այդքան էլ արդյունավետ չէ»,-ասաց նա:

Մեխակ Ապրեսյանը զբոսաշրջության ոլորտի համար առանձին միջոցառման անհրաժեշտություն է տեսնում:

«Մեծ հաշվով, մենք կանգնած ենք մի շարք բիզնեսների սնանկացման իրական վտանգի առաջ: Մեր առաջարկն այն է, որ արտոնյալ վարկերը թույլատրեն օգտագործել նաև գործող վարկային պարտավորությունների մարման համար: Մի խնդիր էլ կա. զբոսաշրջության ոլորտի շատ տնտեսվարողներ զրկվում են աջակցություն ստանալու իրավունքից, որովհետև տնտեսական գործունեության դասակարգիչը չի համընկնում այն դասակարգիչների հետ, որոնք սահմանված են որպես շահառու համարվելու չափանիշ: Օրինակ՝ առողջարանները հյուրանոցային ծառայություն մատուցող սուբյեկտներ են, հետևաբար, նաև զբոսաշրջային ծառայություններ են մատուցում, բայց նրանց դասակարգիչը չի համապատասխանում սահմանված պահանջներին: Այսինքն, առողջարանները չեն համարվում շահառու: Նույնը վերաբերում է նաև միջոցառումների, փառատոնների, ցուցահանդեսների կազմակերպիչների գործունեությանը, որոնք նույնպես զբոսաշրջային ծառայություն են մատուցում: Նրանք մեր մշակույթը միջոցառումների միջոցով ներկայացնում են զբոսաշրջիկներին, բայց տնտեսական գործունեության դասակարգչով չեն համապատասխանում շահառու դառնալու չափանիշներին»,-ասաց նա՝ շեշտելով, որ այս խնդիրը պետք է հաշվի առնել ու վերանայել իդենտիֆիկացման մեխանիզմը:

Ինչ վերաբերում է ոլորտի աշխուժացման հնարավորությանը, Մեխակ Ապրեսյանը նշեց. «Եթե սահմանափակումները կամաց-կամաց վերացվեն, հնարավորինս շուտ վերականգնվեն նաև ավիափոխադրումները, ապա կարելի է ենթադրել, որ թե՛ ներքին, թե՛ միջազգային զբոսաշրջության վերականգնման գործընթացը կարող է սկսվել ամառվա վերջ, աշնան սկիզբ: Բայց արդեն վերականգնման հիմնական գործընթացը կարող է լինել հաջորդ տարվա ապրիլին»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031