«Էրիկ Գրիգորյանին շնորհակալ եմ այս ընթացքի աշխատանքի համար: Համոզված եմ, որ նա այս ընթացքում արել է առավելագույնը, բայց աշխատանքը բարդ երեւույթ է, եւ գալիս են ժամանակներ, երբ պետք է լինում որոշումներ կայացնել, որոնք եւ կայացվում են»,-ԱԺ նիստում այսօր անդրադառնալով Էրիկ Գրիգորյանի՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից հրաժարականին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բնապահպանական ոլորտում, այդ թվում` Էրիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ շատ էական հաջողություններ ենք ունեցել, մասնավորապես՝ փոքր ՀԷԿ-երի ջրաչափման խնդիրը գրեթե ամբողջությամբ լուծված է: Նախկինում դրանք առանց հաշվարկի ջուր էին վերցնում, ինչը ոռոգման եւ բնապահպանական խնդիրներ էր առաջացնում: Այս ընթացքում Արարատյան դաշտի ստորգետնյա հորերը կոնսերվացվել են, ինչը ջրի խնայողության համար արդյունավետ է: Նախորդ տարի 500 000 ծառ է տնկվել»,-արձանագրեց Նիկոլ Փաշինյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ