Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկում մասնագետները կրկնակի թեստավորման են ենթարկել արդեն ապաքինված թոքաբորբով հիվանդների հին նմուշները և հայտնաբերել են, որ դեռ դեկտեմբերի 27-ին կորոնավիրուս ունեցող մարդու են բուժել, ինչը նշանակում է, որ Եվրոպայում կորոնավիրուսը տարածվել է ավելի վաղ, քան կարծում էին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին հայտարարել է բժիշկ Իվ Քոհենը, իսկ Ֆրանսիայի Առողջապահության նախարարությունից գործակալությանը հայտնել են, որ կառավարությունը ստուգումներ է անցկացնում, իսկ անհրաժեշտության դեպքում կանցկացվի նաև հետաքննություն:
Ուշագրավ է, որ Ֆրանսիան միակ երկիրը չէ, որտեղ ասում են, որ վիրուսն ավելի վաղ է տարածվել: Երկու շաբաթ առաջ Կալիֆոռնիայում պացիենտի դիահերձումը ցույց է տվել, որ ԱՄՆ տարածքում կորոնավիրուսի հետևանքով մահացության առաջին դեպքը գրանցվել է մեկ ամիս ավելի շուտ, քան երկրում հայտնել են կորոնավիրուսի առաջին դեպքերի մասին:
Մինչ այս պահը փորձագետները կարծում էին, որ Ֆրանսիայում կորոնավիրուսի առաջին երեք դեպքերը գրանցվել են հունվարի 24-ին, բայց եթե հավելյալ ստուգումների արդյունքում պարզվի, որ կորոնավիրուսը Ֆրանսիայի տարածքում հայտնվել էր դեռևս դեկտեմբերին, կարելի է փաստել, որ վիրուսն առանց խոչընդոտների տարածվել է Եվրոպայում, մինչ բոլորը ուշադիր հետևում էին Չինաստանում ստեղծված իրավիճակին:
Բժիշկ Իվ Քոհենը գործակալությանը հայտնել է, որ արդեն ապաքինված թոքաբորբով հիվանդների նմուշները կրկին ստուգելու որոշում անձամբ է կայացրել: 14 նմուշներից միայն մեկի մոտ է հաստատվել կորոնավիրուս, կրկնակի թեստավորումը ևս դրական պատասխան է տվել, ասել է բժիշկը և հավելել, որ առավել մանրամասն հաշվետվություն կներկայացվի առաջիկա օրերին:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ