«Թյուր է կարծիքը, թե ճգնաժամն անցել է կամ անցնում է: Ճգնաժամը նոր է սկսվում: Առաջիկա առնվազն մեկ տարում՝ մինչեւ մյուս տարվա մայիս, մենք ունենալու ենք կորոնավիրուսային ճգնաժամ: Այս տարի կազդարարենք կրթական եւ առողջապահական ավելի քան 100 օբյեկտների նորոգման եւ կառուցման ծրագրեր, այսինքն՝ կառավարությունը կսկսի ավելի քան հարյուր շինարարություն, այս փուլում առայժմ շինարարական, բայց հույս ունենք, որ դրանով աշխատանքով կապահովենք արտագնա աշխատանքի մեկնողներին»,-ԱԺ նիստում այսօր անդրադառնալով ՀՀ այն քաղաքացիներին, որոնք արտագնա աշխատանքի խնդիր ունեն՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց. «Այդ աշխատանքները շարունակվելու են նաեւ մյուս տարի: Բայց ունենք մտավախություն, որ կառավարությունը կհայտարարի մրցույթները, կհատկացնի ֆինանսավորումը, բայց ՀՀ-ում կա՞ն ընկերություններ, որոնք կմասնակցեն եւ կհաղթեն, կստեղծեն նոր աշխատատեղեր: Սա մեր ամենամեծ մտավախությունն է: Նախորդ տարվա փորձն է դա ցույց տալիս: Որոշ շինարարական ընկերություններ արդեն այնքան են մասնակցել ու շահել, որ եղածն էլ չի հերիքում նոր մրցույթի մասնակցելու ու մեկ այլ աշխատանք սկսելու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ