Լրահոս
Օրվա լրահոսը

«Ողջամիտ չէ պնդելը, թե վարչապետը կարող է չտիրապետել իրավիճակին կամ չիմանալ, թե ինչ է կատարվում այս կամ այն քաղաքում». Դիանա Գասպարյան. «Ժամանակ»

Մայիս 06,2020 11:28

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի կողմից ընդունված թիվ 158 որոշումը հարուցել է Էջմիածնի քաղաքացիների զայրույթը։ Համաձայն ավագանու որոշման ու համայնքի ղեկավարի հաստատման՝ Էջմիածին համայնքում գտնվող հողամասի սեփականատեր «Աշոտ Միրզոյան» Ա/Ձ-ի դիմումը բավարարվել է՝ տալով ԱԳԼՃԿ կառուցելու ճարտարապետահատակագծային թույլտվություն՝ հետագայում նաև շինթույլտվություն։

Աշոտ Միրզոյանի որդին՝ Արման Միրզոյանը, նախկին քաղաքապետ Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի մտերիմ ընկերն է։ Էջմիածինցիներին վրդովվեցրել է այն հանգամանքը, որ շինթույլտվություն է տրվել Արման Միրզոյանին, որը հեղափոխության օրերին Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի մարդկանց հետ բնակիչներին վախեցնում ու թույլ չէին տալիս մասնակցել հեղափոխությանը՝ կասեցնելով հեղափոխության ընթացքը Էջմիածնում։

Բողոքող էջմիածինցիների պնդմամբ՝ Մանվել Գրիգորյանի մերձավոր շրջապատը շարունակում է «տակից» կառավարել քաղաքը, իսկ Դիանա Գասպարյանը համագործակցում է նրանց հետ։ Նրանք նույնիսկ լուսանկարներ են հրապարակել, որտեղ նույն Արմանը մարդկանց թույլ չի տալիս գնալ Երևան, մասնակցել հեղափոխության ցույցերին։

Թեմայի վերաբերյալ «Ժամանակ»-ը զրուցել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ։

– Իրենց քննադատությունն այն մասին է, որ Դուք ձեռնարկատիրությամբ զբաղվելու թույլտվություն եք տվել այն մարդուն, որը, հեղափոխության ժամանակ մարդկանց վախեցնելով, թույլ չի տվել մասնակցել ցույցերին։ Բացի դրանից՝ նա համարվում է Էջմիածինն ահ ու սարսափի մեջ պահած նախկին ռեժիմի մերձավոր շրջապատից՝ այդպիսով թույլ տալով ծածուկ կառավարել քաղաքը։

– Ես իրավունք չունեմ խտրական վերաբերմունք ցուցաբերել որևէ մեկի նկատմամբ։ Ավագանու անդամի հոր ԱՁ-ին է տրամադրվել, իսկ նրա մասով, կարծես թե, խնդիր չկա։ Բողոքներն այն մասով են, որ նրա որդին հանդիսանում է Մանվել Գրիգորյանի որդու ընկերը։ Նմանատիպ փոքր քաղաքում, հատկապես հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի ընտանիքի նախկին ազդեցությունը, էջմիածինցիների մեծ մասը, ստիպված թե կամավոր, փորձել է այս ընտանիքի հետ նորմալ հարաբերություններ ունենալ։

Ինձ համար անընդունելի է խտրական վերաբերմունք ցուցաբերելը։ Դա ինձ համար հակաժողովրդավարական է։ Եթե ինչ-որ մեկը ինձ ցույց կտա կետ, որը ես խախտել եմ, հովանավորչություն եմ իրականացրել, ես պատրաստ եմ չեղարկել որոշումը։ Բայց այս որոշումը հիմնված է օրենքի վրա, խնդիր չունի, հետևաբար՝ ես չեմ դիտարկում նախագիծը ներկայացնողի կապերը նախկին ռեժիմի հետ։ Եթե որևէ այլ քաղաքացի կներկայացներ նման նախագիծ, որը ես կմերժեի ու դրա փոխարեն այս մեկը կընդունեի, դա խնդրահարույց կլիներ։ Բայց հիմա նման խնդիր չկա։ Մեղադրանք հնչեցնողների մեջ կան նույն ՀՀԿ-ի վստահված անձինք, վարչապետ Կարեն Կարապետյանի ջատագովներից։ Հուսով եմ՝ հարցազրույցի հրապարակումից հետո այդ մարդիկ իրենց կգտնեն։ Այնպես որ կարելի է ազնիվ լինել ու մեղադրելուց առաջ չմոռանալ իրենց անցյալը։ Ես ուզում եմ մի քանի դրվագ հիշեցնել այն մարդկանց համար, ովքեր ինձ կապում են Մանվել Գրիգորյանի ընտանիքի հետ։ Օրինակ՝ դեռևս պաշտոնակատար ժամանակ ավագանու որոշման հիման վրա Մանվել Գրիգորյանը զրկվել է Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից։ Մենք Մանվել Գրիգորյանի ընտանիքի հետ ունենք մի քանի դատական վեճեր։ Քաղաքապետարանի դիմացի այգում սրճարանի վարձակալության պայմանագրի լուծարման մասով արդեն դատական նիստի օր կա նշանակված։ Մենք դիմել էինք, որպեսզի Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող սրճարանի տարածքը վերադարձվի համայնքին։ Մանվել Գրիգորյանի փեսային պատկանող ապօրինի կառուցված ավտոլվացման կետի հետ կապված ենք դատական վեճի մեջ։ Ներկայացրել ենք քանդման որոշում, որը բողոքարկել են։ Մենք երկու գործով արդեն հաղթել ենք։ Ընթացքի մեջ է իրենց բողոքարկման վարույթը, սպասում ենք այդ որոշմանը։ Մանվել Գրիգորյանի մերձավոր շրջապատից, ովքեր ազատվել են աշխատանքից, դարձյալ դատական հայց են ներկայացրել քաղաքապետարանի դեմ։ Եթե ես Մանվել Գրիգորյանի ընտանիքի հետ լինեի կապի մեջ, ինչպես չարախոսները փորձում են վերագրել, հավանաբար չէին լինի այս դատական վեճերը։ Քաղաքապետարանն ամենօրյա պայքարի մեջ է հնարավոր գույք հետ բերելու, կամ ապօրինությունները վիճարկելու համար։ Սա իսկապես ցնդաբանություն է։

Մի փոքր կոպիտ է հնչում, բայց այդպես է։ Ես մի քաղաքական թիմի անդամ եմ, որը բացառում է հովանավորչությունը, կոռուպցիան։ Եթե ես նմանատիպ գործարքների մեջ լինեի, հաստատ կարիք չէր լինի շարժումների, այլ իմ քաղաքական թիմն առաջինը դրան կարձագանքեր ու կդներ իմ պաշտոնի հարցը։ Տպավորություն է ստեղծվում, թե ես միայնակ եմ գործում, իմ գործողություններին տեղյակ չէ իմ քաղաքական թիմը։ Բայց դա այդպես չէ։ Եթե իրենք վստահում են վարչապետին, ինչպես ասում են՝ հեղափոխական են, ուրեմն պետք է վստահ լինեն, որ վարչապետն առաջին հերթին թույլ չէր տա, որպեսզի իր կադրը կամ իր օրոք ընտրված քաղաքապետը ստվերային գործարքների մեջ լիներ ինչ-որ մեկի հետ։ Բնականաբար, ողջամիտ չէ պնդելը, թե վարչապետը կարող է չտիրապետել իրավիճակին կամ չիմանալ, թե ինչ է կատարվում այս կամ այն քաղաքում։ Հետևաբար, այս ամենը մի քանիսի երևակայության արդյունքն է։ Դրանցում որևէ բովանդակություն չկա, պարզապես զրպարտություն է։

Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031