Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավասու չենք պարտադրել մարդկանց». սահմանափակումները հանելուց հետո Չարենցավանում վիճակը կրկին վատացել է. «Հրապարակ»

Մայիս 06,2020 12:09

Չարենցավանում կորոնավիրուսով վարակվածության դինամիկան, չնայած քաղաքում վերահսկողության գրեթե իսպառ բացակայությանը, վերջին երկու շաբաթում բավականին նվազել էր։ Եվ դա ուրախացրել էր Չարենցավանի բժշկական կենտրոնի տնօրեն Գառնիկ Սահակյանին։ Սակայն 2-3 օր առաջ արած թեստերը լավ արդյունքներ չեն ցույց տվել՝ 8 հոգուց 6 հաստատված դեպք։ Չի բացառվում՝ դեպքերն էլի շատանան, որովհետեւ սահմանափակումները հանելուց հետո մենք այցելեցինք Չարենցավանի պոլիկլինիկա, որը հիվանդանոցին կից է, եւ պատկերը, մեղմ ասած, տխուր էր։ Պոլիկլինիկայում թեպետ ջերմությունը չափում, նոր էին ներս թողնում, բուժաշխատողներն էլ պարտադիր դիմակով էին, սակայն քաղաքացիները սոցիալական հեռավորություն չէին պահպանում․ իրար գլխի լցված, շատերը՝ առանց դիմակի, շատերը՝ մի քանի օր օգտագործված ու աղտոտ դիմակներով։ Վերահսկողությունը գրեթե իսպառ բացակայում էր։ Եվ ոչ ոք չգիտի, թե այցելուներից ով է վարակակիր, ով՝ ոչ։

– Դուք չե՞ք կարող վերահսկել կամ դիմել ոստիկանությանը, որ գան կարգուկանոն հաստատեն։

– Մենք չենք կարող կարգուկանոն հաստատել, որ, գիտե՞ք ինչ կա, մի՛ դիմեք հիվանդանոց կամ պոլիկլինիկա կամ էս ժամերին դիմեք, կամ անպայման դիմակով եղեք։ Մենք իրավասու էլ չենք պարտադրել մարդկանց, հակառակ դեպքում մարդ կա՝ մեկնաբանում է այլ ձեւով, որին մենք իրավասու չենք հակադրվելու։ Օրինակ՝ մարդ եթե ասում է՝ ես դիմակ չունեմ, չենք կարող պարտադրել, որ գնա դիմակ առնի։ Կարող է եւ ունի ու դիտավորյալ չի դնում։ Մարդ կա՝ ասում է․ ունեմ ու չեմ դնում դիմակ, իմ իրավունքը չի՞։ Մենք փորձում ենք էդ ամեն ինչն անել բացատրելով, մարդկանց հասկացնելով։ Իհարկե, մեծ մասը հասկանում է։ Ու եթե մինչեւ հիմա մենք ունեցել ենք հիվանդացության նվազում մեր քաղաքում, դա հենց այդ աշխատանքի հետեւանքն է։

– Այս պահի դրությամբ Չարենցավանում վարակվածների թիվն ինչքա՞ն է։

– Մոտավոր երեւի 120-130-ի չափ՝ Չարենցավան քաղաքում եւ հարակից գյուղերում։ Դրանց կեսն արդեն ապաքինվել, վերադարձել է առօրյա կյանքի։ Ասեմ նաեւ, որ մեծ մասը որեւիցե բուժում չի էլ ստացել, քանի որ կարիքը չի եղել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031