«Տեսնում էինք, որ եվրոպական շատ երկրներում հիվանդանոցային կարողությունները չէին հերիքում: Վերակենդանացման բաժանմունքին ենթակա մարդիկ հոսպիտալացված էին զբոսայգիներում՝ ծառերի տակ: Մահճակալային ֆոնդը 300-ից դարձրեցինք 1500, եւս 150 մահճակալներ առաջիկայում շահագործման կհանձնվեն»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումներին:
Նա նշեց, որ եւս 600 հյուրանոցային-հիվանդանոցային տեղ են պատրաստել. «Հայտնի է, որ հիվանդների մի մասը ոչ մի ախտանիշ չունի, բայց վարակակիր է: Նրանց հանդեպ քաղաքականությունը ոչ թե բուժելն է, այլ մեկուսացնելը, որպեսզի չվարակեն մյուսներին: 2300 հյուրանոցային տեղ էլ պատրաստել ենք կոնտակտավորներին մեկուսացնելու համար: Այս ընթացքում մոտ 6000 մարդ է մեկուսացվել: Այս ընթացքում մեր քաղաքացիներից որեւէ մեկի արժանապատվությունը չենք նսեմացրել: Ուրախ եմ արձանագրել, որ ՀՀ-ում կարանտինի պայմանները հայտնվել են տարածաշրջանային եւ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում՝ որպես օրինակելի ցուցանիշ, թե ինչպես պետք է ճգնաժամի մեջ պետությունը վերաբերվի իր քաղաքացիներին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ