Ամերիկայի ձայն . Հայաստանն արձանագրել է Freedom House-ի զեկույցի պատմության մեջ ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը, հայտարարել է ամերիկյան հանրահայտ իրավապաշտպան կազմակերպությունն իր «Nations in Transit» զեկույցի հրապարակումից հետո, որը նվիրված է հետխորհրդային եվրասիական 29 երկրներում ժողովրդադավարական զարգացումներին: Սա Հայաստանի արձանագրած ամենաբարձր ցուցանիշն է:
Երկիրը վերջին երկու տարիներին մեծ առաջընթաց է գրանցել ընտրությունների անցկացման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում, նշում է կազմակերպությունը՝ ընդգծելով, որ դատական համակարգի շուրջ զարգացումները, սակայն, մտահոգությունների տեղիք են տալիս:
Freedom House-ի կարծիքով քաղաքական փոփոխությունների, օրենքի գերակայության և համակարգված կոռուպցիայի դեմ պայքարի շուրջ հանրային համաձայնությունը հիմք է ստեղծել Հայաստանում թավշյա հեղափոխության համար: Հանրային այս պահանջը պատմական հնարավորություն է ժողովրդավարության զարգացման առումով, որը Ղրղըզստանի զարգացումների հետ մեկտեղ ստիպել է մի շարք այլ ավտորիտար առաջնորդների վերանայել իշխանությունը պահպանելու նպատակներն ու միջոցները:
Զեկույցը կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել կառավարման համակարգի անցումային փուլում գտնվող երկրներին՝ առանձնացնելով Հայաստանն ու Ուկրաինան, որոնք վերջին երկու տարիներին արձանագրել են ժողովրդավարացման բարձր ցուցանիշներ: Այս երկրների առաջնորդներն այսօր կանգնած են առանց ժողովրդավարական նորմերի խախտման քաղաքացիների սպասումներն արդարացնելու, վստահությունը պահպանելու և կոռումպացված համակարգերը փոխելու մարտահրավերների առջև:
Կարդացեք նաև
Freedom House-ը կոչ է անում ծրագրային ծավալուն աջակցություն ցուցաբերել Հայաստանին օրենքի գերակայության և ինստիտուտների ուժեղացման ուղղությամբ, ներառյալ դատական ու ոստիկանական համակարգերի բարեփոխումները: Թավշյա հեղափոխությունն աջակցած ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների ծրագրերը պետք է ներառեն նաև հանրային միասնության պահպանման և քաղաքական բևեռացման վերացման նպատակներ, որոնք կօգնեն հաջողությամբ իրականացնել այլ բարեփոխումներ:
Զեկույցն ընդգծում է՝ եվրոպական և եվրասիական տարածաշրջանում ավելի շատ առաջնորդներ արդեն բացեիբաց հարձակում են գործում ժողովրդավարական հաստատությունների ու արժեքների վրա: Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիցը կոչ է անում արևմտյան ժողովրդավարություններին չանտեսել իրենց հարևանությամբ ընթացող հակաժողովրդավարական գործընթացները, իսկ Միացյալ Նահանգներին՝ վերստանձնել իր առաքելությունը ժողովրդավարության պաշտպանության հարցում: Չբացառելով ժողովրդավարության զարգացման տեսանկյունից իրավիճակի վատթարացումը կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ Աբրամովիցը հույս է հայտնում, որ այս փորձությունը ի ցույց կդնի թափանցիկ ու պատասխանատու կառավարման կարևորությունը՝ պահանջարկ առաջացնելով նոր փոփոխությունների համար:
Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Դա կլինի ՀՀ վերջնական կործանումը եթե ՌԴ-ից հրաժարվի եվ թռնի ԱՄՆ-ի գիրկը, ինչպես Կիեվն: