Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խոսքի «ցանկապատը»

Մայիս 06,2020 10:00

Եթե այսօր խնդիր է դրված, որ հասարակությունը կենտրոնանա եւ համախմբվի մահաբեր վարակի դեմ պայքարի վրա, ապա դա չի նշանակում, որ այլ թեմաներից (այդ թվում՝ քաղաքական) չի կարելի խոսել: Բայց դա նշանակում է, որ ինչպես առաջ, այնպես էլ առավել եւս հիմա, խոսակցությունը պետք է լինի զուսպ, առարկայական, բովանդակային: Եվ այժմ ավելի, քան երբեւէ, անհրաժեշտ է բարյացակամ եւ նրբանկատ լինել իրար նկատմամբ:

Հոգեբաններն ապացուցել են, որ ցանկացած կոպիտ (անգամ ոչ հայհոյական) բառ բանավոր կամ գրավոր տեքստում շեղում է ընկալողի ուշադրությունը եւ խանգարում է նրան հասկանալ տեքստի բուն բովանդակությունը: Անցած-գնացած բան է, ուղղակի բերում եմ որպես օրինակ. երբ ներկայիս վարչապետն օգտագործել էր «պատերի տակ վնգստալ» կամ «շնաբարո դուրսպրծուկներ» արտահայտությունները, բոլորը հասկացել էին, թե ում մասին է խոսքը, բայց ելույթների բովանդակությունը քչերի հիշողության մեջ է տպավորվել: Այս պահիս դժվար թե որեւէ մեկը հիշի, թե որն էր խոսակցության բուն առարկան: Ես էլ, ճիշտն ասած, պետք է google-ի մեջ փնտրեմ այդ բառակապակցությունները, որպեսզի հասկանամ այն համատեքստը, որում դրանք ասված էին: Օգնո՞ւմ են, արդյոք, նման արտահայտությունները քաղաքական գործիչներին՝ հասնելու իրենց նպատակներին: Կարճաժամկետ հեռանկարում, շատ դեպքերում՝ այո. ամբոխը հրճվում է եւ ծափահարում: Նպաստո՞ւմ է, արդյոք, դա որեւէ խնդրի լուծմանը: Խիստ կասկածում եմ:

Մեկ այլ օրինակ. երբ բժիշկը վիրահատության ժամանակ ձայն է բարձրացնում բուժքույրերի վրա, վտանգ է առաջանում, որ վերջիններս հիվանդին սխալ դեղամիջոց կներարկեն (եւ այդպիսի դեպքեր համաշխարհային պրակտիկայում պատահել են): Ավելին՝ բժշկի գոռգոռոցները բացասաբար են ազդում նաեւ հիվանդի հոգեվիճակի վրա, իսկ հոգեբանական բարենպաստ ֆոնը, ինչպես հայտնի է, առողջացման հիմնական նախապայմաններից մեկն է: Բժիշկը մի քանի րոպե ինքնահաստատվում է, որից հետո գուցեեւ զղջում է իր բռնկման համար: Հիվանդը տուժում է, նրա առողջանալն առնվազն հետաձգվում է անորոշ ժամանակով:

Նույն օրինաչափություններն են գործում հասարակության հոգեբանական առողջության դեպքում՝ մանավանդ հիմա, երբ գոյություն ունի համավարակով պայմանավորված ընդհանուր սթրեսային վիճակը: Դա պետք է ազդակ լինի՝ ցանկացած հարց քննարկելիս բառապաշարը մեղմացնելու, եւ ուժեղ, «խարազանող» բառի կամ բառակապակցության փոխարեն ընտրել պակաս հուզականը, առավել չեզոքը: Անգլերենում այդ գործողությունը նկարագրելու համար կա հատուկ բառ՝ «hedge», որն ուղղակի թարգմանությամբ «ցանկապատն» է, իսկ փոխաբերական իմաստներից մեկն առնչվում է սեփական խոսքն ինքնակամ «ցանկապատելուն»:

Կա, իհարկե, մեկ այլ մոտեցում, ըստ որի, «ներքին թշնամիների» հանդեպ պետք է անողոք լինել: Էլի մոտեցում է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031