«ՖեստիվԱր» Հայկական փառատոների ասոցիացիան իր 34 անդամ փառատոների անունից բաց նամակ է հղել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:
Հարգելի՛ պարոն Մարության,
«ՖեստիվԱր» Հայկական փառատոների ասոցիացիան հիմնադրվել է Հայաստանում կազմակերպվող փառատոների կողմից 2017թ․-ին, որի նպատակն է համակարգել, խթանել և աջակցել Հայաստանում փառատոների շարունակական կայուն զարգացմանը։ «ՖեստիվԱր» Հայկական փառատոների ասոցիացիային են անդամակցում ՀՀ-ում կազմակերպվող 34 փառատոներ: Կազմակերպության տեսլականն է՝ Հայաստանը դարձնել աշխարհի փառատոների մայրաքաղաքներից մեկը, ինչը մեծապես համընկնում է Ձեր նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչեցված մտքին՝ Երևանը դարձնել փառատոների մայրաքաղաք:
Փառատոներից յուրաքանչյուրն ունի կազմակերպչական իր ոճն ու մոտեցումները, կազմակերպման վայրը, ներքին բովանդակությունը, և դրանք բոլորն իրար հետ համադրված կարող են տալ այն արդյունքը, որն ակնկալում են կազմակերպիչը, մասնակիցը և այցելուն: Որքան այս երեք կողմերի ակնկալիքները բավարարված լինեն, այնքան բավարարված կլինի պետության, այս դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի ակնկալիքը՝ առավելագույն արդյունք ստանալու տեսանկյունից:
Կարդացեք նաև
Տևական ժամանակ է, ինչ Երևան քաղաքում կազմակերպվող՝ «ՖեստիվԱր» փառատոների ասոցիացիայի անդամ փառատոները բախվում են մի շարք խնդիրների, որոնց լուծումները գտնվում են փակուղային իրավիճակում, ուստի ստիպված ենք հանրային հնչեղություն տալ խնդրին՝ ակնկալելով Ձեր ուշադրությունն ու Ձեր հսկողությամբ դրանց լուծումը:
1.Երևան քաղաքում կազմակերպվող՝ Ասոցիացիայի անդամ փառատոներն այս տարի բախվել են մի որոշման, որի կայացման հիմնավորումները քաղաքապետարանի որևէ բաժին չի կարողանում տալ: Խնդիրն այն է, որ Երևանի քաղաքապետարանից ստանում ենք պատասխան, ըստ որի քաղաքապետարանը Հանրապետության Հրապարակում, Զաքյան փողոցում, Հյուսիսային պողոտայում և Կարապի լճում (առայժմ այս հատվածներն են մեզ հայտնի) նպատակահարմար չի գտնում փառատոների անցկացումը: Ասոցիացիայի անդամ փառատոներին չեն տրամադրում որևէ հիմնավորում, թե ինչու է այս որոշումը կայացվել, ինչ փաստերի, հետազոտությունների կամ քաղաքականության արդյունքն է սույն որոշումը, ում վրա է այն տարածվում և/կամ ում կարող են թույլատրել:
2.Ցանկացած փառատոն կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանից անհրաժեշտ է առաջին հերթին թույլտվություն ստանալ փառատոնի անցկացման վայրի վերաբերյալ: Ասոցիացիայի անդամ փառատոները մեծ մասամբ ամենամյա են, ունեն իրենց կայուն վայրը, բովանդակությունը և տևողությունը, իսկ նման ծավալի և որակի փառատոն կազմակերպելը սկսվում է ամեն նախորդող փառատոնի հաջորդ օրվանից, սակայն քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք նշված թույլտվությունը պատրաստակամ են տալ բացառապես փառատոնի կազմակերպմանը նախորդող երկու ամսվա ընթացքում: Այս դրույթի սահմանումը խոչընդոտում է փառատոների կայուն զարգացմանն ու հեռանկարային պլանավորմանը, քանի որ պարզապես երկու ամսվա ընթացքում հնարավոր չէ կազմակերպչական ահռելի աշխատանքն իրականացնել:
2-րդ խնդրով հանդիպում-քննարկում եղել է քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաների հետ, մեր կողմից ուղարկվել է գրավոր առաջարկությունների փաթեթ, սակայն սայլը տեղից չի շարժվել:
Երևանում կազմակերպվող՝ Ասոցիացիայի անդամ ամենամյա փառատոները տարիների ընթացքում ներկայացրել են հայկական մշակույթն ու արվեստը, երևանցիներին տոն են նվիրել և քաղաքապետարանի կողմից չեն ստացել որևէ դիտողություն կազմակերպչական կարողությունների վերաբերյալ:
Ասոցիացիան պատրաստակամ է նշված խնդիրները կառուցողական դաշտում քննարկել և աջակցել լուծումների մշակմանը, ուստի ակնկալում ենք Ձեր հետևողական միջամտությունը քաղաքապետարանի հետ աշխատանքների համակարգման և արդյունքներին միտված քաղաքականության մշակման հարցում:
- Երևանի Գինու Օրեր,
- Ուրվական Փառատոն,
- Տոլմայի Փառատոն,
- Ռաֆթինգ Ֆեստ,
- Երազանքների Քաղաք,
- Ոչխարների Խուզման Փառատոն,
- Զարկ Ֆեստ,
- Երևանի Գույներ,
- Ավելուկի Փառատոն,
- Հայբույս Փառատոն,
- Գարեջրի և Սննդի Զուգակցման Օր,
- Ուտելի Բույսերի Փառատոն,
- Հուսո Առագաստ Երգի Փառատոն,
- Տանգոյի Երկրորդ Միջազգային Փառատոն,
- Յելլ Էքստրիմ Ֆեստ,
- Հապալասի Փառատոն,
- Լավաշի Օր,
- Սևանի Երաժշտական Փառատոն,
- Մեղրի և Հատապտղի Փառատոն,
- ԴիլիՏոն,
- Գութան Ազգագրական Երգի-Պարի փառատոն,
- Խորովածի Փառատոն,
- Զիլ Երգի փառատոն,
- Արվեստի և Արհեստների Փառատոն,
- Երևանի Երաժշտական Երեկո,
- Երկրները Մեկ Հարկի Տակ,
- Հայաստանը Խաղաղության Խաչմերուկում,
- Իմ Ձեռագործ Հայաստան Փառատոն,
- Գաթայի Փառատոն,
- 1000 Տարվա Գյուղամեջ,
- Թեյի և Սուրճի Փառատոն,
- Արենի Գինու Փառատոն,
- Հայաստանի Ոգին
- Ֆուդ Թրաք Ֆեստ