Այս օրերին համատարած բոլորս զբաղված ենք այդ չարաբաստիկ կորոնավիրուսով եւ անհամբեր սպասում ենք, թե երբ է այն իր տեղը զիջելու եւ երբ կվերադառնանք մինչվիրուսյան կյանքին։ Սակայն հարց է առաջանում. ետվիրուսյանը ամբողջությամբ կդառնա՞ նախավիրուսայինի շարունակությունը, թե՞ վիրուսը մեր կյանքում կհանգեցնի փոփոխությունների։ Առհասարակ վիրուսյան ներկա պատմությունը ինձ ակամայից հիշեցնում է ապրիլյան քառօրյա պատերազմը, այն առումով, որ թե՛ մեկը, թե՛ մյուսը ուժեղ ցնցում էր բոլորիս համար։ Ապրիլյան պատերազմը մեզ բոլորիս համար պարզ դարձրեց, թե ինչ հսկայական բացթողումներ ենք ունեցել եւ ստիպեց նորովի կառուցել մեր հետագա ռազմաքաղաքական գործունեությունը։ Նույնն է նաեւ մարտ-ապրիլյան վիրուսային ցնցումը, որն ակնհայտ դարձրեց մեր բացթողումները առողջապահության եւ դրա հետ առնչվող ոլորտներում։ Սակայն այս երկուսի միջեւ կա մի էական տարբերություն. եթե առաջինը վերաբերում էր միայն մեզ, ապա երկրորդը՝ ամբողջ երկրագնդին։ Թե ինչ ցույց տվեց վիրուսը ամբողջ աշխարհին, լուրջ խոսակցության առանձին թեմա է։
Ի՞նչ է մեզ հուշում, սովորեցնում կորոնավիրուս կոչվածը։ Նպատակ չունեմ խորը եւ մանրակրկիտ վերլուծել վիրուսի հետ առնչվող խնդիրները, պարզապես ցանկանում եմ անդրադառնալ կենցաղային, առօրյա կյանքում դրսեւորվող մի քանի դրսեւորումների։ Շիտակ ասած, առանձնապես մեծ տարբերություն չեմ տեսնում մեզ մշտապես ուղեկցող սեզոնային (գարնանային եւ աշնանային) գրիպների եւ այսօրվա կորոնավիրուսային իրավիճակների միջեւ։ Նույն հետեւանքները, որի ականատեսն ենք այսօր, մշտապես ուղեկցել են մեզ եւ շարունակելու են ուղեկցել ապագայում։ Չգիտես ինչու, նախկինում հանդուրժող ենք եղել փռշտացողների, հազացողների, ջերմություն ունեցողների նկատմամբ, այնինչ այսօրվա վիրուսը մեզ դարձնում է զգուշավոր, պահանջվում է դրանց բոլորին մեկուսացնել, իսկ մյուսներից՝ ինքնամեկուսանալ, սովորում ենք լվացվել եւ այլն, կարճ ասած, պահանջվում է պահպանել սանիտարահիգիենիկ հանրահայտ կանոնները։ Իսկ վա՞ղը։ Պետք է հիշել, որ սեզոնային գրիպները, ամառային աղիքային եւ մյուս վարակիչ հիվանդությունները եւ այլն, մեզ ուղեկցելու են ե՛ւ վաղը, ե՛ւ մշտապես, եւ դրան ի հավելումն մեր մշտական ուղեկիցն է դառնալու նաեւ այսօրվա ի հայտ եկած կորոնավիրուսը։
Ի դեպ՝ «մաքուր ձեռքերի» մասին։ Ավելի քան հարյուր տարի առաջ, երբ հայտնի դարձավ, որ բոլոր վարակիչ հիվանդությունները տարածվում են տարբեր տեսակի մանրէների, բացիլների, միկրոբների ու վիրուսների միջոցով, պարզ դարձավ, որ դրանց տարածումը կանխելու հարցում չափազանց կարեւոր է նաեւ ձեռքերը մաքուր պահելը։ Իզուր չէ, որ վարակիչ հիվանդությունները հաճախ անվանում են նաեւ կեղտոտ ձեռքերի հիվանդություն։ Եվ երբ այսօր անընդհատ կոչ ենք անում ձեռքերը ախտահանել, նշանակում է՝ խոստովանում ենք, որ մեզանում տարածված չէ ձեռքեր լվանալու մշակույթը։ Եթե դրան հավելենք այն վիճակը, որ տիրում է դպրոցների, բուհերի եւ հասարակական այլ վայրերի զուգարաններում, պարզ կդառնա, մեղմ ասած, մեր կենցաղային մշակույթի ոչ այնքան բարձր մակարդակը։ Մյուս կողմից՝ միանգամայն պարզ է դառնում նաեւ պետական սանիտարական բազում մարմինների անարդյունավետ, տեխնիկապես անբավարար հագեցվածության մակարդակը։
Այս ամենին լինելով քաջատեղյակ, ակնհայտ են դառնում մեր հրատապ խնդիրները.
Կարդացեք նաև
1.սերտել սանիտարահիգիենիկ կանոնները եւ սովորել դրանք պահպանել։ Այս չափազանց կարեւոր գործը պահանջում է անհրաժեշտ ուսուցում՝ սկսած մանկապարտեից ու դպրոցից։ Հետեւաբար վաղուց արդեն ժամանակն է կարգավորել հանրակրթական ուսումնական ծրագրերը։ Բացի այդ, ուսումնական բոլոր հաստատություններում անհրաժեշտ է ապահովել սանիտարական առումով իդեալական մաքրություն, սկսած զուգարաններից։ Այս ամենը իրականացնելու համար անհրաժեշտ են ֆինանսական լուրջ միջոցներ, հետեւաբար անհրաժեշտ է վերանայել նաեւ ֆինանսավորումը։ Ասվածը վերաբերում է նաեւ բոլոր մյուս եւ մասնավոր հիմնարկներին, եւ հաստատություններին։
2.Միաժամանակ լուրջ վերափոխումների կարիք ունեն սանիտարական պետական կազմակերպությունները, որոնք պետք է կարողանան նորովի վերաբերվել իրենց պարտականություններին, ինչը պահանջում է օրենսդրական եւ կազմակերպական անհրաժեշտ բարենորոգումներ։
Մյուս հրատապ խնդիրը, որի հետ առնչվում ենք ամեն օր ու ժամ, քաղաքային տրանսպորտն է։ Այն անմխիթար վիճակը, որը տիրում է այդ ոլորտում, քաջ հայտնի է մեզ բոլորիս, մասնավորապես՝ սանիտարական առումով։ Քաղաքային իշխանությունները չեն ուզում հասկանալ, որ չի կարող լինել հպարտ քաղաքացի, որը անընդհատ նվաստացած վիճակում է։ Մենք բոլորս դարձել ենք գծատերերի գերին, որոնք ստանալով գերշահույթներ, թքած ունեն մնացյալ ամեն ինչի վրա։ Իսկ քաղաքային իշխանությունները, չգիտես ինչու, շարունակում են հանդուրժել։ Մի քանի օրից, երբ քաղաքային տրանսպորտը վերսկսի իր աշխատանքը, ինչպե՞ս է ապահովվելու քաղաքացիների անվտանգությունն ու առողջությունը։ Անհասկանալի է ու անբացատրելի։ Այս ամենից զատ, մեր օրերում տարածում է ստանում մի նոր, ավելի վտանգավոր՝ անպատասխանատվության վիրուսը, երբ մեր բոլոր բացթողումները, չկատարված ու թերի աշխատանքը, սխալներն ու անփութությունը, անկարգապահությունը վերագրում ենք «խեղճ» կորոնավիրուսին, որը դարձել է մեր բոլոր մեղքերի քավության նոխազը։
Առողջություն բոլորիս։
Վ. ՊՈՂՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.05.2020