Այս տարի աշխարհին «տիրեց» մի համավարակ, որի անունն է Կորոնավիրուս, այն թարգմանաբար նշանակում է թագավարակ: Թե ինչ է այն իրենից ներկայացնում եւ որքան կտեւի, որեւ հստակ կանխատեսում չկա: Մեկնաբանությունները տարաբնույթ են: Թե որքան են մարդիկ ընտելացել այս իրավիճակի հետ եւ փորձում են հարմարվել վիրուսի գոյությանը, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք մանկաբարձ, գինեկոլոգ Լիլիանա Ավդալյանի հետ:
– Այս ծանր ու բարդ իրավիճակներում, որպես գինեկոլոգ, ինչպե՞ս եք կարողանում աշխատել պացիենտների՝ հատկապես հղի կանանց հետ, որոնք, նույնպես ռիսկի խմբում են:
– Պետք է նշեմ, որ արտակարգ դրությունից ի վեր աշխատել եմ, ընդունել եմ հիվանդներ, հատկապես՝ առաջնային օղակում, իհարկե՝ խստիվ հետեւելով անվտանգության եւ պրոֆիլակտիկայի բոլոր կանոններին: Առաջին երկու շաբաթում հոսքը մի փոքր դանդաղել էր, լարվածությունը, միգուցե նաեւ վախը ավելի մեծ էր: Ես՝ որպես բժիշկ, օգտագործելով սոցիալական ցանցը, տվյալ դեպքում՝ ֆեյսբուքը, դիմել եմ մարդկանց եւ պարբերաբար հորդորել հատկապես՝ հղի կանանց, որոնք համարվում են առավել խոցելի խումբ, հնարավորինս քիչ հաճախել բժշկական կենտրոններ կամ՝ հաճախել նախապես բժշկի հետ խորհրդակցելուց, ինչպես նաեւ վերջինիս հետ կապ հաստատելուց հետո: Խրախուսվել են հատկապես առանց ուղեկցողի այցելությունները:
– Մեծահասակների համար վարակն ավելի վտանգավոր է, քանի որ ռիսկը մեծ է, որ ավելի լուրջ առողջական խնդիրներ կառաջացնի, հատկապես՝ եթե ունեն ուղեկցող հիվանդություններ, հետաքրքիր է նորածինները ինչպե՞ս են կարողանում տանել այս վարակը, վատառո՞ղջ կլինեն:
Կարդացեք նաև
– Վերջին երկու շաբաթում, համեմատաբար, գինեկոլոգիական տարբեր խնդիրներով հիվանդների հոսքի աճ է նկատվում եւ որոշ չափով լարվածության նվազման միտում կա: Կարծես թե մենք բոլորս սկսել ենք «ընտելանալ» եւ փորձում ենք «ապրել» վիրուսի հետ:
Ինչ վերաբերում է ծննդաբերություններին, ապա, թիվը չի նվազել: Ավելի շատ նվազման միտում ունի հղիությունների պլանավորումը: Կոնկրետ իմ պացիենտներին ես խորհուրդ եմ տալիս մի քիչ սպասել պլանավորման հարցում, մինչեւ կորոնավիրուսի պիկային շրջանն անցնի: Հաշվի առնելով, որ չնայած ահռելի ներդրումներին թե՛ ֆինանսական, թե՛ ֆիզիկական եւ թե՛ մտավոր առումով, մասնագետներին դեռ չի հաջողվել պարզել վիրուսի ազդեցության մեխանիզմները: Կարելի է ասել, որ մենք բացի կանխարգելիչ գործողություններից եւ ախտանշային բուժումից, ոչ մի բան չգիտենք վիրուսի մասին, ուստի հստակ ասել, թե ինչ վերջնական ազդեցություն կունենա վերջինս եւ առհասարակ նորածինների օրգանիզմի վրա, չենք կարող ասել:
– Կա՞ն նոր ուղեցույցեր, որոնք պետք է իմանան այսօրվա երիտասարդ մայրերը, որպեսզի կարողանան պատշաճ պաշտպանվել եւ մանուկներին էլ զերծ պահել վարակվելու հավանականությունից:
– Նշեմ, որ մենք օրերս ստացել ենք նոր հստակ չափորոշիչներ հղի կանանց այցելությունների, նրանց հաշվառման կարգի եւ վարման պլանի վերաբերյալ, որով կրկին անգամ փորձ է արվում պաշտպանել մեր ապագա մայրիկներին եւ նորածիններին այս չարաբաստիկ հիվանդությունից: Փաստեմ, որ մենք ունենք շատ գրագետ, իրազեկ, տեղեկացված երիտասարդ հղի կանայք, ինչը շատ գովելի է: Վերջում էլ ուզում եմ հույս հայտնել, որ ելնելով տարբեր մասնագետների վերլուծությունից, մեր հասարակությունը միահամուռ ուժերով կկարողանա հաղթահարել այս չարիքը: Եվ մենք կրկին մեծ տեմպերով կսկսենք պլանավորել հղիությունները, կգրանցվի ծնելիության մեծ աճ, ու կյանքը կանցնի իր բնականոն հունին: Ուզում եմ եւս մեկ անգամ երախտիքի խոսքեր հղել իմ բոլոր հարգարժան գործընկներին, որոնք գտնվում են այս հիվանդության կանխարգելման եւ բուժման առաջնագծում: Աստված բոլորիս պահապան:
Ամալյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ.Գ. Լիլիանա Ավդալյանը 2009 թվականին ավարտել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: 2009-2013 թթ. սովորել եւ ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան «Մանկաբարձություն եւ գինեկոլոգիա» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրան: 2005 թվականից մինչ այսօր աշխատում է «Երեւանի թիվ 19 պոլիկլինիկայում» եւ «Սեբաստիա» բժշկական կենտրոնում:
«Առավոտ» օրաթերթ
05.05.2020