Լրահոս
Օրվա լրահոսը

Մարաքեշի ապօրինի պայմանագիրը ՍԴ-ում է

Մայիս 06,2020 14:00

Ապօրինի պատճենահանման վրա բռնված հաշմանդամը, առողջ հանցագործի համեմատ, ունի ավելի մեծ շանսեր պատասխանատվությունից խուսափելու, հեղինակային իրավունքը խախտելու համար

ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 17-ի աշխատակարգային որոշմամբ որոշել է է մայիսի 26-ին քննության դնել յոթ տարի առաջ` 2013 թվականի հունիսի 27-ին Մարաքեշում ստորագրված «Կույրերի, տեսողական հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողական այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների հասանելիությունը դյուրացնելու մասին» պայմանագրի սահմանադրականության հարցը: Այս պայմանագրի դեմ դիմում են ուղարկել ՀՀ սահմանադրական դատարան երկու` «Ընդդեմ բիոմետրիկ փաստաթղթերի» միավորման եւ «Համայնքների ռազմավարական ծրագրերի կենտրոնի» ղեկավարները: Նրանք կոչ են անում ՍԴ-ին` հակասահմանադրական հայտարարել այս պայմանագիրը:

Հայտնի է, որ ՍԴ-ն զեկուցող է նշանակել դատավոր Ա. Պետրոսյանին, դատաքննությունը դարձյալ գրավոր ընթացակարգով է:

Ըստ հասարակական կազմակերպությունների ղեկավարների, այս պայմանագրի պատրվակով պատրաստվում է «հեղինակային եւ հարակից իրավունքների զանգվածային կոպիտ ոտնահարում» եւ որ մենք գործ ունենք «օրինականացված գողության» հետ:

Նամակագիրներն ահազանգում են. «Վերոհիշյալ համաձայնագրի 4-րդ կետը նախատեսում է հատուկ «լիազորված կազմակերպությունների» «իրավունքը» առանց հեղինակի (իրավատիրոջ) համաձայնության պատճենահանել եւ տարածել հեղինակային նյութի օրինակները հաշմանդամների համար ցանկացած մատչելի ձեւաչափով ուրիշ երկրներում: Նշենք, որ նախագծում, երբ այն դեռ e-draft-ում էր, խորամանկորեն չէր գրվում, թե պայմանագրում նշված ձեւաչափերն ինչ ձեւաչափեր են: Սակայն այստեղից հետեւում է, որ դա կարող է լինել նաեւ ամենավտանգավոր էլեկտրոնային ձեւաչափ: Հետաքրքիր է, որ պայմանագիրը չի նախատեսում հատուկ պաշտպանության միջոցներ: Եվ դա դարձնում է առանց այն էլ շատ հավանական գողությունը՝ ավելի հավանական: Մենք գտնում ենք, որ հեղինակային նյութերի ապօրինի տարածումը այս պայմանագրի վավերացման եւ կիրառման դեպքում անխուսափելի է: Դա հետեւում է հենց համակարգիչների եւ ինտերնետի բնույթից:

Բացի դրանից, ապօրինի պատճենահանման վրա բռնված հաշմանդամը, առողջ հանցագործի համեմատ, ունի ավելի մեծ շանսեր պատասխանատվությունից խուսափելու, հեղինակային իրավունքը խախտելու համար, քանի որ հաշմանդամներին խղճում են»:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների գնահատմամբ, եթե այս պայմանագիրը կիրառվի 2013 թվականից ավելի շուտ ստեղծված գրքերի նկատմամբ, ապա առանց այն էլ ապօրինի պայմանագիրը կիրառվելու է հետին թվով, ինչը կոպտորեն խախտելու է ՀՀ Սահմանադրությունը:

«Մենք նախագծում տեսնում ենք հետեւյալ մանիպուլյատիվ նախադասությունը. «Այսօր թվային միջավայրում եւ գլոբալ ցանցերում ստեղծագործությունների օրինական օգտագործումն ապահովելու նպատակով անհրաժեշտ են հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների պահպանության հուսալի եւ արդյունավետ միջոցներ»:

Այս մանիպուլյատիվ նախադասությունը, որը նախագծի հետ կապ չունի, մտցվել է նախագծի տեքստի մեջ միտումնավոր, որպեսզի ստեղծվի կեղծ տպավորություն, թե հեղինակների համար իբր վտանգ չկա: Դա նշանակում է, որ ժողովրդի դեմ այս նախագծի լոբբիստները եւ հատկապես համաշխարհային անդրկուլիսի-խաղավարները կիրառում են գաղտնի հոգեբանական տեխնիկաներ: Նախագծի լոբբիստները վիրավորում են հեղինակներին, քանի որ այս նախագիծը նախատեսում է հեղինակային իրավունքի շատ մեծ սահմանափակում»:

Նախագծի դեմ կան այլ կարծիքներ էլ. նախագծի նպատակն է ստանալ տեղեկություններ ցանկացած գրքից, որը ինտերնետում կամ ազատ վաճառքում բացակայում է: Ավելի դյուրացված եղանակով, որպես առերեւույթ գործակալներ, հաշմանդամներին կօգտագործեն ցանկացած գիրք հեշտ եղանակով ստանալու համար:

Դա, ըստ դեմ արտահայտվողների, անուղղելի կոռուպցիոն ռիսկ է:

«Համաշխարային անդրկուլիսը ցանկանում է ստանալ բոլոր պետությունների եւ ժողովուրդների մանրակրկիտ դիմանկարը, պարզել թույլ եւ ուժեղ կողմերը, որպեսզի իրենց ավելի հեշտ լինի ստրկացնելը: Այսպիսով, այս պայմանագիրը, փաստորեն, համաշխարային անդրկուլիսի գաղտնի հետախուզական լրտեսական գործողություն է, կամ` ստեղծված են հենց հատուկ ծառայությունների կողմից»,-ահազանգում են դեմ արտահայտվողները:

Սահմանադրական դատարանի ուշադրությանն է հրավիրվում այն հանգամանքը, որ հենց համակարգչի եւ ինտերնետի ներկա բնույթից ակնհայտ է, որ չարաշահումներն անխուսափելիորեն լինելու են:

Ի դեպ, ովքեր ծանոթ են պայմանագրին, գիտեն, որ պայմանագիրը չի նախատեսում հատուցում հեղինակներին պատճենահանման համար:

Այս պայմանագիրը թույլ է տալիս նաեւ իրականացնելու արդեն փոփոխված ձեւաչափով ստեղծագործությունների միջսահմանային փոխանակումն այն իրավասու մարմինների միջեւ, որոնք ծառայություններ են մատուցում շահառուներին:

Ստացվում է, ըստ ահազանգողների, առանց հեղինակների թույլտվության հեղինակների գրքերը տարածվելու են արտասահմանում:

Ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ այդպիսի իրավունքը չի տրվում նորմալ տեսողություն ունեցող մարդկանց: Հետեւաբար, դա ըստ կազմակերպությունների, խտրականություն է նորմալ տեսողություն ունեցող մարդկանց նկատմամբ, ինչը նույնպես ՀՀ սահմանադրության կոպտագույն խախտում է:

Ինչ է սպասվում պայմանագիրը ընդունվելու դեպքում:

Նախագծի դեմ արտահայտվող կազմակերպություններից, ովքեր նամակ-դիմումով չեն դիմել ՍԴ, կանխատեսում են, որ գրքերը ապօրինի են օգտագործվելու, եւ որ հայկական կողմը չի կարողանա վերահսկել արտերկրի լիազորված կազմակերպություններին, որոնք կապված են լինելու արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ: Ըստ նրանց, պատերազմող երկրի շահերի դեմ կարող են օգտագործել Ադրբեջանը եւ Թուրքիան, կաշառելով, շահագրգռելով համապատասխան հաշմանդամներին:

«Համաշխարհային անդրկուլիսը ցանկանում է ստանալ բոլոր պետությունների եւ ժողովուրդների մանրակրկիտ դիմանկարը, պարզել թույլ եւ ուժեղ կողմերը, որպեսզի նրանց ավելի հեշտ ստրկացնի: Այդ պայմանագիրը, փաստորեն, համաշխարհային անդրկուլիսի գաղտնի հետախուզական լրտեսական գործողություն է: Ստացվում է, որ պայմանագրի շահառուները առաջին սորտի քաղաքացիներ են, իսկ մնացածները` երկրորդ սորտի»:

Կարծիքներից մեկն այն է` պայմանագրով նաեւ վարժեցնում են ժողովրդին գրադարանների տոտալ թվայնացմանը: Եվ դեռ պարզ չէ, թե այս թվայնացման համար արտասահմանյան որ կառույցներն են փող տալիս:

Գործող հեղինակային իրավունքների եւ հարակից իրավունքների մասին ՀՀ օրենքը եւ ՀՀ սահմանադրությունը այդպիսի փոխանցումը արտասահման եւ թվայնացումը ընդհանրապես արգելում են:

Ըստ ՍԴ դիմածների, նախագիծն ունի գաղտնի նպատակներ, անուղղելի կոռուպցիոն ռիսկեր, վտանգ է ներկայացնում մեր երկրի անվտանգության համար, պարունակում է ակնհայտ հոգեբանական մանիպուլյացիաներ, գործելու է հետին թվով, բերելու է խտրականությանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031