Կամ՝ ինչպես 23-ամյա քարտուղարուհու հետ սիրավեպը վերաճեց մեծ սիրո
Երբ իտալացի աշխարհահռչակ օպերային երգիչ Լուչանո Պավարոտին բեմ էր դուրս գալիս, համերգային դահլիճում նստած ամեն կնոջ թվում էր, թե տենորը հենց իր համար է երգում:
Օպերային երգիչը բազմաթիվ երկրպագուհիներ ուներ, որոնցից շատերը պատրաստ էին ամեն ինչի, միայն թե նրա մեկ հայացքին արժանանան:
Պավարոտին երկար տարիներ ամուսացած էր Ադուա Վերոնիի հետ, բայց դա չէր խանգարում սիրային արկածներ ունենալ, մինչեւ չհանդիպեց իր Նիկոլետային:
Kulturologia.ru-ն ներկայացնելով օպերային երգչի կյանքից մանրամասներ՝ նշում է, որ Ադուային Պավարոտին հանդիպել է երիտասարդ տարիքում, երբ երազում էր ֆուտբոլիստ, հատկապես՝ դարպասապահ դառնալ: Իսկ Ադուան, որ վոկալ էր պարապում, տեսնելով սիրած տղայի շնորհները՝ նրան հորդորեց նույնպես այդ ուղղությամբ գնալ: Պավարոտին իր երաժշտական կարիերան սկսել է 1961 թվականին, եւ երբ հաղթեց միջազգային մրցույթում, ապա Ռուդոլֆ երգեց Պուչինիի «Բոհեմում», աղջիկն ընդունեց նրա կինը դառնալու առաջարկությունը եւ այդ պահից սկսած երբեք չհեռացավ ամուսնու կողքից: Նա հարմարվել էր Պավարոտիի երկարատեւ բացակայություններին եւ հյուրախաղերին, եւ սիրով դաստիարակում էր իրենց երեք դուստրերին:
160 կգ քաշ ունեցող Պավարոտիի թուլություններից մեկը համեղ ուտելիքն էր: Կինը հաճախ էր կատակում, որ առաջին տեղում սպագետին է, հետո երաժշտությունը: Ադուան ու Պավարոտին համատեղ ու առանց վեճերի ապրեցին երեսուն տարի, մինչեւ Լուչանո Պավարոտիի հիմնադրամում Նիկոլետա Մանտովանիի աշխատանքի ընդունվելը: 23-ամյա քարտուղարուհու մոտ 58-ամյա օպերային աստղը իրեն սիրահարված պատանու նման էր պահում: Աղջիկը սկզբում մերժում էր ռեստորան եւ ժամանցի այլ վայրեր միասին գնալու՝ նրա բոլոր հրավերները, հանդիպումները: Մի անգամ էլ, երբ Նիկոլետան կրկին «ոչ» պատասխանեց՝ միասին Նյու Յորք գնալու առաջարկին, Պավարոտին խնդրեց, որ գոնե մինչեւ օդանավակայան իրեն ուղեկցի: Օդանավակայան հասնելուն պես օպերային երգիչն ամուր գրկեց աղջկան եւ հարցրեց՝ արդյոք չի՞ մտափոխվել եւ իր հետ Նյու Յորք չի՞ մեկնի: Նրանք միասին մեկնեցին ԱՄՆ: 1993թ. Նյու Յորքում միասին անցկացրած շաբաթն ամենաերջանիկն էր երկուսի համար:
Պավարոտիի կինը համոզված էր, որ ամուսնու՝ երիտասարդ ու գեղեցիկ քարտուղարուհու հետ ունեցած սիրավեպն անցողիկ է, սակայն այն բավական երկար ձգվեց, եւ ի վերջո Պավարոտին Նիկոլետային առաջարկեց դառնալ իր կինը՝ միաժամանակ զբաղվելով առաջին կնոջից ապահարզանով: 2002-ին Ադուան համաձայնեց ապահարզանին, իսկ Նիկոլետան իմացավ, որ հղի է, ինչին երկար էր սպասել, քանի որ առողջական խնդիրներ ուներ:
Շատերը քննադատում էին երիտասարդ աղջկան, հայտարարում, որ օպերային աստղը նրա հետ երջանիկ չէ, եւ Նիկոլետային միայն Պավարոտիի փողերն ու փառքն են հետաքրքրում: Պավարոտին հորդորում էր ոչնչի վրա ուշադրություն չդարձնել: Նիկոլետան պետք է երկվորյակների մայր դառնար, սակայն ծննդաբերությունից հետո միայն դուստրը ողջ մնաց: Բժիշկները երկար ժամանակ պայքարում էին, որ փոքրիկ Ալիչեն կազդուրվի: Ինչից հետո բոլորին հրավեր ուղարկվեց, որ Ալիչեն հրավիրում է իր ծնողների հարսանիքին:
Պավարոտին երբեք մարդկանց մասին վատ չէր խոսում, նա կարծում էր, որ որեւէ մեկն ընդունակ չէ վատ արարքի, կնոջը եւս արգելում էր վատ խոսել ինչ-որ մեկի մասին: Ոչ միայն բնավորության այդ գիծը, այլեւ երգելու տաղանդը, պարզվեց՝ ժառանգաբար անցել է նրա դստերը:
2004-ին մաեստրոյի մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ախտորոշվեց, ու նա որոշեց, որ պետք է համերգներ ունենա քառասուն քաղաքներում, որպեսզի հրաժեշտ տա իր սիրելի ունկնդրին: Երկու տարի անց նրան վիրահատեցին: 2007-ին աշխարհահռչակ տենորը կրկին հիվանդանոց ընկավ, այս անգամ թոքերի բորբուքումով: Երբ դուրս գրվեց, ընդամենը մի քանի օր ապրեց, ու 2007 թ. սեպտեմբերի 6-ին Պավարոտին հեռացավ կյանքից:
Նա համարվում է բոլոր ժամանակների լավագույն տենորներից մեկը, Պավարոտիի առաջ բաց են եղել հանրահայտ օպերային թատրոնների ու համերգասրահների դռները՝ սկսած Մետրոպոլիտեն օպերայից մինչեւ Քովենտ-Գարդեն ու Լա Սկալա: Պավարոտին աչքի էր ընկնում նաեւ փախստականների եւ Կարմիր խաչի օգտին բարեգործական աշխատանքներով:
«Մրցակցությունը մեր մեջ է, ես միշտ ձգտում եմ որքան հնարավոր է՝ կատարյալ լինել: Ընդ որում, մրցում եմ ոչ թե ուրիշի, այլ ինքս ինձ հետ»,-սիրում էր կրկնել մաեստրոն: Նա նաեւ համոզված էր, որ օպերային երաժշտությունը ոչ թե էլիտայի, այլ բոլորի համար է, քանի որ երաժշտություն լսելու համար առանձնապես խելք ունենալ պետք չէ:
Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
05.05.2020