Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Օրգանիզմը սթրեսի մի՛ ենթարկեք, դրանից ավելի կգիրանաք կամ կնիհարեք»

Մայիս 06,2020 13:00

Շեֆ խոհարար Լուսինե Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս՝ առողջ սնվել եւ լավ տեսք ունենալ:

Ինչ սննդամթերք օգտագործել ստեղծված պայմաններում, որպեսզի խուսափենք գիրանալուց եւ առողջական խնդիրներից։ Սնունդն էներգիայի աղբյուր է, սակայն երբ նստակյաց ապրելակերպ ենք վարում, ավելորդ էներգիան կուտակվում է օրգանիզմում եւ վերածվում ճարպի։ Նստակեցությունը, բացի գիրանալուց, կարող է առաջ բերել նաեւ մի շարք առողջական խնդիրներ։ Այսօր, ստեղծված իրավիճակի պատճառով, շատերի ապրելակերպը կտրուկ փոխվել է։ Շատ մարդիկ չեն աշխատում, չեն հաճախում կրթօջախներ, չեն ապրում նախկին ակտիվ կյանքով։

«Ճիշտն ասած, ես կողմնակից եմ առողջ սննդի, բայց դա շատ հարաբերական է»,- ասում է  Լուսինե Հովհաննիսյանը, որը շեֆ խոհարար է։ Նրա ձեւակերպմամբ, ինքներս պետք է հասկանանք՝ ինչ է ուզում մեր օրգանիզմը: Խոհարարի խոսքերով, ֆիզիկական ակտիվությունը եւս կարեւոր է, բայց չմոռանանք, որ կարեւոր «խնդիր» ունենք՝ ալարկոտություն:

Յուրաքանչյուր խոհարար, դիետոլոգ կամ էնդոկրինոլոգ խորհուրդ է տալիս սնունդ ընդունել օրական 5-6 անգամ (քիչ-քիչ, շուտ-շուտ): Բայց արդյո՞ք նրանց խորհուրդը հաշվի ենք առնում:

«Խոհարարական կյանքը այնքան գունեղ, ստեղծագործ մտքով, համեղ կյանք է, բայց միեւնույն ժամանակ ժամանակատար, մի ամբողջ կյանք ու դրական հույզեր է ներդրվում յուրաքանչյուր ուտեստի համար, քանի որ մեր հույզերն ենք առաջինը փոխանցում մեր հյուրին, իսկ փոխադարձ շնորհակալությունը հյուրի դատարկ ափսեն է»,- ասում է մեր զրուցակիցը: Լուսինե Հովհաննիսյանի համոզմամբ՝ քանի որ տանն ենք, ինչ խոսք, նաեւ համեղ ուտելը միակ հետաքրքրություններից է: Նա խորհուրդ է տալիս օգտվել տվյալ սեզոնի հնարավորություններից՝ շատ կանաչիներ (սպանախ, մանդակ, սինդրիկ, նեխուր, փիփերթ, եղինջ, ծնեբեկ), հատապտուղներ,  հորդորում է քաղցրը չբացառել սննդից եւ հնարավորության դեպքում դառը շոկոլադ օգտագործել:

Մեր հարցին՝ որպես մասնագետ, ի՞նչն է իր համար օգտակար համարում, Լուսինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Ինքս շատ օգտագործում եմ մսամթերք, ձկնամթերք, յոդով հարուստ մթերքներ՝ արմավ, ֆեյխուա, լոբի, հնդկաձավար, ձավար, յոդացված աղ, ծովամթերք, կալցիով հարուստ մթերքներ՝ թուզ, նուշ, քունջութ, ոսպ, պանիր, կաթնաշոռ, յոգուրտներ: Մակարոններից չեմ խուսափում, դրանք եւս օգտագործում եմ շատ»։

Իսկ ո՞ր մթերքներն են հատկապես նպաստում նիհարելուն, եւ հնարավո՞ր է, արդյոք, ճիշտ սնվելով հանդերձ՝ պահպանել կազմվածքը: «Թուրինջ, կիվի, այսինքն՝ ցիտրուսային մրգերը, դրանցով սմուզիները՝ առանց շաքարի, վերը նշված մթերքները եւս: Առաջնային խորհուրդ եմ տալիս ուշադիր լինել բերանի խոռոչին, քանի որ մեր սննդի տրոհումը, մարսողությունը սկսվում է բերանից, հետո կխնդրեմ չլսել հարեւանի, բարեկամի եւ այլոց դիետաները եւ զոհողությունները, օրգանիզմը սթրեսի մի՛ ենթարկեք, դրանից ավելի կգիրանաք կամ հակառակը՝ կնիհարեք: Եվ այո՛, առողջ սնվելով հնարավոր է հրաշալի ու թարմ տեսք ունենալ»,-պատասխանեց շեֆ խոհարարը:

Թամարա ԱՎԱԳՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031