Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թումանյանական գրական ժառանգության փոքրիկ ներկապնակը

Մայիս 06,2020 12:30

Լույս է տեսել Հովհաննես Թումանյանի «Թումանյան-150:
Հատընտիր: Ծաղկաքաղ» գիրքը

Երբ նախապատրաստվում էինք Ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյա հոբելյանին, թումանյանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա  Հովհաննիսյանին առաջարկեցի կազմել փոքրիկ ժողովածու, որը կարող է տեղավորվել գրպանում կամ փոքրիկ պայուսակում եւ ներկայացնել թումանյանական աշխարհը՝ բոլոր այն հիմնական ժանրերով, որոնցով ստեղծագործել է մեծ լոռեցին։ Կարծում եմ, որ նման ժողովածու կազմելը հեշտ չէր, քանի որ կոնկրետ Թումանյանի հարուստ ու բազմազան գրական աշխարհից պետք էր ծանրութեթեւ անել եւ առանձնացնել բանաստեղծություններ, քառյակներ, բալլադներ, պոեմներ, թարգմանություններ, ասույթներ, անգամ բանաստեղծություններ՝ նվիրված մեծ լոռեցուն։ Ժողովածուի կազմման բանալին, թերեւս, պետք է փնտրել ներկայացվող գրքում՝ Սուսաննա Հովհաննիսյանի նախաբանում. «Թումանյանն է իր ազգի թե՛ անհատակ ցավի ու ողբերգության եւ թե՛ նրա մեծ կենսունակության, կենսասիրության ու գոյատեւման հավատի առհավատչյան։ Նա հրկիզվեց իր ազգին  պատուհասած աղետների հրդեհում, ուր նետվել էր ինքնակամ, այրվեց այդ հրդեհները մարելու համար, այրվեց մարդկային կյանքեր փրկելու, նրանց սկիզբ ու վերջ չունեցող հոգսերը հոգալու համար։ Միշտ ուրիշների, ամենքի համար պատարագ արեց, իսկ իր համար մի մոմ չվառեց, այլ վառվեց ինքը, որպեսզի լույս տալով սպառվի»։

Այս վերլուծություն-գնահատանքից հետո ներկայացվում է բանաստեղծական հետաքրքիր փունջ՝ «Հին օրհնությունից» մինչեւ «Սիրիուսի հրաժեշտը»:

Ի թիվս այլնի, հնարավորություն է ստեղծվում լինել «Հայոց լեռներում», «Հայրենիքիս հետ», հասկանալ «Հայոց վիշտը»։ Այս ամենով մեզ Թումանյանը տանում է «Դեպի լույսը մեր ուխտի» («Մեր ուխտը»), այդ ճանապարհին «Հոգին տանջվում է այսքան ձայներից» (Տպավորություններ) եւ վերջապես  մեծ բանաստեղծը այսպես է մտածում.

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,

Իր տվածն եմ տալիս իրեն…

Տրամաբանական է, որ բանաստեղծական այս բույլին հաջորդում  են թումանյանական անզուգական քառյակները, որոնք բոլոր ժամանակներում հրատապ են եւ կարծես թե՝ գրված հենց այդ ժամանակի  ընկալմամբ.

Լինե՛ր հեռու մի անկյուն,

Լինե՛ր մանկան արդար քուն,

Երազի մեջ երջանիկ,

Հաշտ ու խաղաղ մարդկություն։

Պատահական չէ, որ թումանյանական քառյակային խոր ասելիքը բացվում եւ բովանդակավորվում է  մյուս գրական ժանրերով, մասնավորապես՝ բալլադներում, որոնք ներկայացված են գրքի հետագա շարադրանքում։ Այստեղ թումանյանական գլուխգործոցներ են, որոնք ուղեկցում են ամեն մի հայի՝ նրա մանկությունից մինչեւ խոր ծերություն՝ «Շունն ու կատուն», «Փարվանա», «Լուսավորչի կանթեղը», «Չարի վերջը», «Էսպես չի մնա», «Մի կաթիլ մեղրը», «Թագավորն ու չարչին»։

Անկասկած, գիրքը կազմելիս հեղինակը առնչվել է ոչ միայն բովանդակային, այլեւ տեխնիկական գործոնների՝ մասնավորապես պոեմներին ժողովածուում տեղ տալու հետ կապված։ Այստեղ հեղինակը իրավացիորեն ծաղկաքաղ է արել ընտրելով հանրահայտ եւ բնորոշ հատվածներ՝ «Մարոն», «Հառաչանք», «Անուշ», «Դեպի անհունը», «Սասունցի Դավիթը», «Թմկաբերդի առումը» պոեմներից՝ ձգտելով հնարավորինս ամբողջական պատկերացում տալ թումանյանական գրական ժառանգության գոհարների մասին:

Գաղտնիք չէ, որ Թումանյանը ընդհանրապես այլ ժողովուրդների գրականության գիտակ էր եւ դեռ ավելին՝ քիչ չեն այն թարգմանությունները, որոնք հենց ինքն է կատարել։ Թերեւս ամենահայտնի եւ տիպական օրինակը Ալեքսանդր Պուշկինի «Ձմեռվա իրիկունը» բանաստեղծությունն է: Այստեղ պետք է ավելացնել պարսիկ գրող Խաքանիի քառյակները, Վոլֆգանգ Գյոթեի, Էժյեն Պոտյեի, Պերս Շելիի բանաստեղծությունները։

Հատընտիրի հետագա շարադրանքը  ներ է առնում թումանյանական ասույթները, որոնք առնչվում են կյանքի տարբեր ոլորտներին՝ կենսափիլիսոփայությանը («Արեւի նման նայեք աշխարհին»), մարդուն («Աշխարհում ամեն բան հեշտ է, մի բան է դժվար՝ մարդ լինելը»), լավատեսությանը («Մի՛ հուսահատվիր, հուսահատվելը մեղք բան է»), ժամանակին, կյանքի անցողիկությանը («Ժամանակի ձայնը պետք է լսել, ուշադիր լինել, օգտվել, արթուն լինել միշտ»), երջանկությանը («Ով սիրում է եւ սիրված է, երջանիկ է»), ոգեւորությանը («Ոգեւորությունը խենթ է ու սանձարձակ»), շնորհքին, ճաշակին («Աշխարքումը ամեն բանի բույրը ճաշակն է»), բանաստեղծին («ժողովրդի հոգին մեծ գրողների մեջ է»), կյանքին («Կյանքը դա ստեղծագործություն է, սեր եւ նոր կյանքի աղբյուր»), լեզվին («Լեզուն մեքենա չի, լեզուն հոգեբանություն է»)։ Թեմատիկ ուղղությունները շարունակվում են եւ դրանք բազմազան են՝ քաղաքականություն, իշխանություն, կուսակցություններ, սեր, կին, արդարություն։

Ինչպես գիրքը կազմողն է ընդգծում, Թումանյանը խոսքաշեն էր եւ դրանցից շատերը օգտագործում էր մարդկային շփումներում, նաեւ բանավոր եւ գրավոր խոսքում՝ «Իշի գերեզմանը գիլի փորն է», «Փառքը՝ պալատումն է, հարստությունը՝ շուկայում, ճշմարտությունը՝ անապատում», «Գրքերը խելքիս հետ են խոսում, ընկերը՝ սրտիս, երկինքը՝ հոգուս։ Մնացած բոլորը՝ ականջիս»։

Պարզվում է նաեւ, որ քիչ չեն գնահատանքի խոսքերը՝ հասցեագրված Թումանյանին։ Օրինակ, ռուս գրող Վալերի Բրյուսովը գրում է. «Թումանյանի պոեզիան իր ամբողջության մեջ հենց ինքը՝ Հայաստան է, հնադարյան եւ նոր, հարություն առած եւ դրոշմված բանաստեղծական տողերում մեծ վարպետի ձեռքով»։ Գիրքը ավարտվում է  մեծն Թումանյանին նվիրված բանաստեղծական խոսքերով, որոնց հեղինակներն են Վալերի Բրյուսովը, Կոստանդին Բալմոնտը, Իոսեբ Գրիշաշվիլին, Տիցիան Տաբիձեն, Եղիշե Չարենցը, Վահան Տերյանը։

Բայց թերեւս ամենաբնութագրականը Չարենցն է.

«Կա Մեծարենց, կա Տերյան եւ բազում

ուրիշ պոետներ կան,

Բայց Թումանյանն է անհաս Արարատը

մեր նոր քերթության»։

Իսկապես, որ գրքույկը այնքան վարպետությամբ է կազմված, որ այն փոքրիկ, բայց հարուստ թումանյանական միջվայր է ստեղծում։ Իսկ դրանից անընդհատ թումանյանական ճառագող ոգուց կարելի է լիցքավորվել ու հարստանալ։ Այս արդյունքը ձեռք է բերվել նաեւ Թումանյանի թոռնուհու աջակցությամբ, որը գիրքը կազմելիս ոչ միայն խորհուրդներ է տվել, այլեւ օգնել, որ այս փոքրիկ հատընտիրը ունենա հարուստ լուսանկարչական շարք եւ տպավորիչ ձեւավորում։ Գրքի տպագրության պատրաստման գործը հանձն էր առել «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը եւ նրա նախագահը՝ տողերիս հեղինակը, որը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես գրքի պատասխանատու խմբագիր, իսկ տպագրությունը պոլիգրաֆիական ամենաբարձր մակարդակով իրականացրել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

Սերգո ԵՐԻՑՅԱՆ

«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
05.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031